Փաշինյանի չունի որևէ առնչություն ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպման հետ

Հաշվի առնելով վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ քննարկումները, խտրական, զրպարտող և վիրավորանք պարունակող կոչերը, խեղաթյուրված տեղեկատվությունը, 2018թ-ի հոկտեմբերի 5-ին անցկացված և առաջիկայում նախատեսվող բողոքի ակցիաներն ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի, ինչպես նաև այդ բողոքի ակցիայի ակտիվիստների կողմից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ների և իրավապաշտպանների, մասնավորապես «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նկատմամբ ատելության կոչերը՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս վարչապես Նիկոլ Փաշինյանի, չունի որևէ առնչություն ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպման, հյուրընկալման կամ ֆինանսավորման հետ,

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չունի քաղաքական ենթատեքստ․այն չի հետապնդում որևէ իրավական ակտի ընդունման կամ գործող իրավական ակտերի փոփոխման նպատակ,ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը անցկացվելու է կոնֆերանսի ձևաչափով․ չեն իրականացվելու քայլերթեր, մասսայական հանրային միջոցառումներ կամ շրջայցեր Երևանում և ՀՀ մարզերում,

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չի ենթադրում և չի նախատեսում Աստվածաշնչի խմբագրում,

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն չի հանդիսանում ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպիչ․այն միայն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում՝ ֆորումի անցկացման համար։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ողջունում է ցանկացած քաղաքացիական ակտիվություն, եթե այն իրականացվում է օրենքի շրջանակներում և չի ոտնահարում այլոց իրավունքները։

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

ՀՀ Կառավարությանը․

Հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ կամ պարզաբանմամբ՝ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումին ՀՀ Կառավարության առնչության բացակայության մասին,

Ներկայացնել դիրքորոշում ՀՀ-ում ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների և նրանց նկատմամբ դրսևորվող խտրականության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

ՀՀ Ոստիկանությանը․

Մինչ Ֆորումի անցկացումը և Ֆորումի ընթացքում վերահսկողություն իրականացնել սոցիալական ցանցերում հնչող ատելության կոչերի և սպառնալիքների նկատմամբ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության տարրեր,

Ուսումնասիրել և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իրենց գործողություններով և կոչերով հրահրում են բռնություն և դրդում ատելության հիմքով հանցագործությունների,

Ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մինչև Ֆորումը և Ֆորումի ընթացքում հնարավոր բախումները կանխելու ուղղությամբ,

ԶԼՄ-ներին․

Զերծ մնալ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք և զրպարտություն պարունակող նյութերի կազմումից ու տարածումից,

Զերծ մնալ ոչ հավաստի կամ կեղծ, անհայտ և կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկատվության տարածումից։

Ընդդեմ ԼԳԲՏ Ֆորումի ակցիայի մասնակիցներին

Իրացնել հավաքների ազատության իրավունքը՝ ՀՀ և միջազգային իրավական ակտերին համապատասխան,

Սեփական ելույթներում և քարոզարշավներում զերծ մնալ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք և զրպարտություն տարածող, բռնություն և ատելության հիմքով հանցագործություններ հրահրող արտահայտություններից և գործողություններից։

ՀՀ հասարակությանը

Չտրվել վերջին շրջանում լայն տարածում գտած քաղաքական շահարկումներին և սադրանքներին, որոնք հիմնականում միտված են հասարակության պառակտմանը։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Մեկնաբանություն
X