Ինչ է ծրագրային բյուջետավորումը եւ ինչով է այն կարեւոր

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանրությանը ներկայացրեց 2019թ․ բյուջեի նախագիծը։ Ճիշտ է՝ նախարարը խոսեց նախագծում տեղ գտած կարեւորագույն նորամուծության՝ ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության կիրառման մասին, սակայն, կարծում եմ, այս հանգամանքը կարիք ունի ավելի մանրամասն ներկայացման։

Ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության ներդրման շուրջ աշխատանքները ՀՀ-ում իրականացվում են տասւ տարուց ավելի։ 2008թ. ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ պետական ծախսերի ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացման հայեցակարգ, որով նախատեսվում է այս գործընթացում ներգրավել հանրապետության բոլոր գործադիր մարմինները: Այս առումով վերջին տարիներին իրականացվեցին մի շարք ոլորտային բարեփոխումներ, մասնավորապես՝ ուժի մեջ մտան «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» օրենքը, «Բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարվեցին համապատասխան լրացումներ, հաստատվեցին հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներն ու հաշվային պլանը, իսկ 2017թ․ հունիսին ընդունվեց ծրագրային բյուջետավորման մեթոդական ուղեցույցը։ Եվ վերջապես՝ 2019թ․ բյուջեն ներկայացված է ծրագրային մեթոդաբանությամբ։

Ծրագրային բյուջետավորման էությունը կատարված ծախսերի եւ այդ ծախսերի կատարումից սպասվող արդյունքների փոխկապվածությունն է: Դա նշանակում է, որ պետական մարմինների ղեկավար պաշտոնյաները բյուջետային ռեսուրսների օգտագործման համար հաշվետու են ոչ միայն ֆինանսական արդյունքների, այլեւ տվյալ պետական մարմնի կողմից մատուցվող կամ գնվող ծառայությունների եւ ոչ ֆինանսական արդյունքների համար` դրանց պլանավորման, հաշվետվության եւ մշտազննման (մոնիթորինգ) միջոցով: Բյուջետային ծրագրի մակարդակում հիմնական արդյունքային ցուցանիշներ են հանդիսանում վերջնական արդյունքի ցուցանիշները, որոնք արտահայտում են այն արդյունքը, որին ցանկանում է հասնել կառավարությունը հանրության համար:

Այս իմաստով 2019թ․ եւ հետագա բյուջեները կառավարությանը, ԱԺ-ին եւ հանրությանը տալու են հետեւյալ հարցերի պատասխանները․

1․ Ցանկացած գերատեսչություն ինչ չափելի թիրախներ է դնում իր առաջ

2․ Արդյոք այդ թիրախները բավարա՞ր են հայտարարված ռազմավարական նպատակներին հասնելու համար

3․ Ինչպես է աշխատել տվյալ գերատեսչությունը

4․ Արդյոք տվյալ թիրախին հասնելու համար նախատեսված ծախսը համադրելի՞ է

5․ Արդյոք ծախսային արդյունավետության տեսանկյունից արդարացվա՞ծ է կոնկրետ ծրագրի իրականացումը գերատեսչության կողմից, թե՞ այն իմաստ ունի պատվիրակել մասնավոր հատվածին

6․ Առհասարակ, նպատակահարմար է նման թիրախներով առանձին գերատեսչություն ունենա՞լը, թե՞ այն պետք է միավորվի այլ գերատեսչության հետ։

Բացի թվարկվածներից, իհարկե՝ ծրագրային բյուջեն պատասխանում է նաեւ շատ այլ հարցերի, բայց ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ ենթադրում է քաղաքական պատասխանատվություն՝ հայտարարված թիրախների եւ դրանց կատարման համար։

Մհեր ՓԱՐՎԱՆՅԱՆ

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ, «Փարվանյան քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն

Մեկնաբանություն
X