Աբու Դաբին արդեն ունի իր Լուվրն ու Սորբոնը

Երեւանում հոկտեմբերի 7-12-ն անցկացվում են ֆրանկոֆոն օրեր։ Գագաթնաժողովին ու հարակից միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 3 հազար 500 ներկայացուցիչներ եւ 40-ից ավելի երկրների ղեկավարներ։ Ֆրանկոֆոնիայի օրերը սկսվեցին հոկտեմբերի 7-ից, երբ տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդի նիստը, որին հաջորդեց Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը։ Իսկ արդեն երեկ Ազատության հրապարակում պաշտոնապես բացվեց Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ տեղադրված են 40 տաղավարներ, եւ ներկայացված են 20-ից ավելի երկրների տաղավարներ։

Քվեբեկի տաղավարը ներկայացնում էր արմատներով վանաձորցի Էդուարդ Մանգասարյանը, ով 20 տարի առաջ մեկնել է Կանադա ու բնակություն հաստատել Քվեբեկում։ Հիմա՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, սիրով եկել է Հայաստան։ «Մեր տաղավարում ցույց ենք տալիս, որ երկրները, ովքեր ֆրանսերեն խոսում են, կարան նաեւ իրար հետ աշխատեն, պարտադիր չէ, որ մեկը Երեւանից գնա Քվեբեկ, մյուսն էլ Քվեբեկից գա Երեւան, կարող են իրար հետ աշխատել մեյլով, հեռախոսով, ինտերնետով, եթե խոսում են նույն լեզվով։ Քվեբեկում մոտ 60 հազար հայ կա, 3 դպրոց։ Հայ համայնքը շատ ուժեղ է Քվեբեկում»,- ասում է նա ու ցույց տալիս տաղավարում տրամադրվող վիրտուալ ակնոցները, որի միջոցով այցելուները ծանոթանում էին քաղաքի 4 տեսարժան վայրերի հետ՝ ֆրանսիական երաժշտության ուղեկցությամբ։ Քիչ այն կողմում կար նաեւ ֆոտոտաղավար, որտեղ Քվեբեկի սարերի ֆոնին մարդիկ ձուկ բռնելու իմիտացիա էին ստեղծում եւ անվճար լուսանկարվում։

Ֆրանսիական մշակույթը մեծ մասսայականություն է վայելում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մայրաքաղաք Աբու Դաբիում բացվել է Սորբոնի համալսարանի մասնաճյուղը, որտեղ ե՛ւ բակալավրիատի բաժին կա, ե՛ւ մագիստրատուրայի, ինչը վկայում է ֆրանսերենի ուսուցման եւ տարածման մասին։ «Տեղեկատվական բրոշյուրներում բոլոր մանրամասները կան, թե որ ֆակուլտետում ուսուցումն ինչ արժե»,- ասում է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ուսանող Անուշ Քեյանը, ով՝ որպես կամավոր, ներկայացնում էր Արաբական Էմիրությունների եւ Ֆրանսիայի միջեւ միջմշակութային առնչությունները։ «Աբու Դաբիում բացվել է նաեւ Լուվրի թանգարանը, նույն թանգարանից, որ կա Ֆրանսիայում, եւ նույնիսկ որոշ նմուշներ Ֆրանսիայի Լուվրից տեղափոխվում են Աբու Դաբիի Լուվր»։ Տաղավարում այցելուներին հյուրասիրում էին նաեւ արաբական սուրճ եւ խուրմա, իսկ քիչ անց տղաների երգչախմբի կատարմամբ հնչեցին նաեւ ազգային երգ ու պար։

Բելգիայի ֆրանկոֆոն հատվածի տաղավարը՝ մարդու իրավունքների միջազգային դաշնագրի 70-ամյակին նվիրված, նախաձեռնել էր կոմիքսների ցուցադրություն, որն անդրադառնում էր դաշնագրի 30 հոդվածներին, ամեն հոդվածի վերաբերյալ՝ մեկ կոմիքս։ Բելգիայի ֆրանկոֆոն հատվածը ֆրանսերենով եւ կոմիքսների միջոցով փորձել էր հասարակությանն ավելի մատչելի դարձնել իրենց իրավունքները։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տաղավարում ներկայացված էին բնական քարեր, որոնք երկիրը մշակում է եւ արտահանում։ Ցուցադրված էին նաեւ ծիսական դիմակներ, որոնք օգտագործում են տարբեր արարողությունների ժամանակ։ Թեեւ Կոնգոյի Հանրապետությունն ունի 4 ազգային լեզու, 500 էթնիկ խմբավորումներ եւ ըստ այդմ՝ լեզվական բարբառներ, բայց պաշտոնական լեզուն ֆրանսերենն է։

Եգիպտոսի տաղավարը երեկ առաջին օրն էր բացվել, եւ արդեն ավանի այցելուներին իրենց ազգային կերակուրներով էին հյուրասիրում, ինչի հետ կապված հերթը դեռ հեռվից էր տեսանելի։ Տաղավարում հիմնականում ներկայացված էին Եգիպտոսի տեսարժան վայրերի մասին պատմող գրքույկներ՝ տարբեր լեզուներով։

Քիչ անց Ֆրանկոֆոնիայի ավանի բացմանը ժամանեցին նաեւ պաշտոնատար անձինք։ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում միջմշակութային միջոցառումներն առաջիկա 2 տարիներին նույնպես կշարունակվեն, որոնք ոչ պակաս հետաքրքիր կլինեն։ Այդ առնչությամբ արդեն որոշակի ծրագրեր քննարկել են Ֆրանսիայի դեսպանի հետ։

Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն էլ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի ավանը կարծես մի յուրահատուկ նվեր լինի 2800-ամյա Երեւանի բնակիչների ու զբոսաշրջիկների համար․ «Բացառիկ հնարավորություն՝ ողջ ֆրանկոֆոն աշխարհի բազմազանությանն ու գեղեցկությանը հանդիպելու մեկ վայրում»։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանը 88 թ․-ից Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ է, եւ մեր մայրաքաղաքն իր տաղավարներով նույնպես ներկայացված է ֆրանկոֆոն ավանում։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի անունից ավանի բացմանը մասնակցեց ՖՄԿ-ի ադմինիստրատոր Ադամա Ուանը: Նա հորդորեց ներկաներին վայելել այն մշակութային բազմազանությունը, որ այստեղ ներկայացված է, ապա նկատեց, որ Ֆրանկոֆոնիան թույլ է տալիս նաեւ Հայաստանին ներկայանալ իր ողջ բազմազանությամբ։ «Մի ամբողջ օր նվիրված է միասին ապրելու գաղափարախոսությանը։ Այսօր ողջ ֆրանկոֆոն ավանը բաց է բոլորի համար, որպեսզի միասին ծանոթանանք այն մշակույթներին, որ կներկայացվեն այստեղ։ Հաջորդ օրերը նվիրված կլինեն կրթական ծրագրերին, տնտեսական համագործակցություններին, եւ մենք կկարեւորենք հատկապես կնոջ դերը հասարակության մեջ»։ Նա իր խոսքում հիշատակեց նաեւ Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխությունը, որը «վայելում է մեր հարգանքը եւ բոլորիս հրավիրում Հայաստան։ Եվ հիշելով Ազնավուրին՝ մեջբերեմ իր խոսքերը, որն ասում էր՝ մենք պետք է ապրենք մեր երիտասարդությունը, ջահելությունը՝ մինչ արբեցում»։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ իր խոսքում նշեց, որ Ֆրանկոֆոնիան կարող է հպարտանալ իր արժեքներով, որն այս մշակույթների իսկական խճանկարն է՝ միասնական իր բազմազանությամբ։ «Գագաթնաժողովի ընթացքում շատ է խոսվել, որ «Ապրել միասին» կարգախոսն արտահայտվում է կառավարությունների կողմից, բայց վերաբերում է ժողովուրդներին, մարդկանց, եւ ձեր ներկայությունն ի ցույց է դնում այդ գաղափարի մարմնավորումը»,- ասաց նա ու հույս հայտնեց, որ այդ կարգախոսը կդառնա մեր կյանքի կարգախոսը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X