«Առաքելյա՛ն, տնօրե՛ն»․ Այնթապի թիվ 1 դպրոցում դասադուլը շարունակվում է

Հոկտեմբերի 8-ին կայացավ Արարատի մարզի Այնթապի թիվ 1 դպրոցի տնօրենի մրցույթը: Առաջադրված չորս թեկնածուներից դպրոցի տնօրեն ընտրվեց Անահիտ Հովհաննիսյանը՝ Արբատ գյուղի դպրոցի տնօրենը: Հիշեցնենք, որ ըստ օրենքի, մրցութային հանձնաժողովը կազմված է լինում ութ անդամից՝ երկուսը՝ դպրոցի կոլեկտիվից, երկուսը՝ ծնողական խորհրդից, մեկը՝ համայնքապետարանի ներկայացուցիչ, երկուսը՝ մարզպետարանի, եւ մեկը՝ ԿԳՆ-ից:

Նշված ութ անդամներից յոթը քվեարկել է Անահիտ Հովհաննիսյանի օգտին, մեկը՝ դպրոցի պատմության ուսուցչուհի Տաթեւիկ Առաքելյանի: Հիշեցնենք, որ դեռեւս տնօրենի ընտրությունից առաջ Առաքելյանն իր անվստահությունն էր հայտնում այս հանձնաժողովից, հիմնավորելով, թե այն նախկին տնօրենի «մարդկանցից» է բաղկացած: Իսկ նախկին տնօրեն Լիլիա Շահբազյանի եւ Առաքելյանի ջրերը, ինչպես պարզվում է, մի առվով չեն հոսել: Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, սակայն, որ Առաքելյանին չեն ընտրել ոչ միայն Շահբազյանի մտերիմները՝ դպրոցի ուսուցիչները եւ ծնողական խորհրդի անդամները,այլ՝ մյուս կառույցների եւս երեք ներկայացուցիչ: Դեռեւս մրցույթի նախորդ օրը Տաթեւիկ Առաքելյանի դասղեկական դասարանի աշակերտները դասադուլ էին կազմակերպել եւ պահանջում էին, որ իրենց դպրոցի տնօրեն նշանակվի հենց Առաքելյանը, եւ ասում էին, որ դասադուլը կշարունակեն մինչեւ ամսի 8-ը. երբ Առաքելյանն ընտրվի, այն ժամանակ էլ կդադարեցնեն դասադուլը:

Այսօր մրցույթից հետո առաջին աշխատանքային օրն էր, որ աշակերտները եւ ուսուցիչնեը գնացել էին դպրոց: Դպրոցի բակում դարձյալ աշակերտները հավաքվել էին՝ դարձյալ «Առաքելյան, տնօրեն» ցուցապաստառներով: Ո՛չ ուսուցիչները, ո՛չ էլ դպրոցական կոլեկտիվի որեւէ անդամ չէր կարողանում երեխաներին լռեցնել եւ բերել դասասենյակներ: Իսկ Տաթեւիկ Առաքելյանը, դպրոցի բակ մտնելով, ձեռքով ողջունեց ցուցարար աշակերտներին ու մտավ դպրոց: Դասադուլավորները կոչ էին անում դպրոց մտնող երեխաներին՝ միանալ իրենց: Ոմանք ոգեւորվում էին դաս չանելու հեռանկարից եւ միանում էին ցուցարարներին, մյուսները՝ մտնում դպրոց: Դպրոցում, սակայն, դասապրոցես այդպես էլ չեղավ, քանի որ ցուցարարների աղմուկը խանգարում էր ներսում գտնվողներին, իսկ ուսուցիչների մեծ մասը զբաղված էր նրանց ներս բերելու ապադյուն փորձերով:

«Հրապարակը» Արարատի մարզպետարանի լրատվության բաժնին, հարցում արեց, թե տեղյա՞կ են արդյոք դպրոցում՝ արդեն մի քանի օր տիրող իրավիճակից: Որոշ ժամանակ անց մարզպետարանից պատասխանեցին, որ տեղյակ են եւ դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է, որ դասղեկներին հրահանգվի՝ աշակերտներին դասարան տանել: Կարծես թե՝ առանց մարզպետարանի կարգադրության այդ ամենը չէր արվել դասղեկների կողմից: Որոշ ժամանակ անց դպրոցի տնօրենի ժպ Գոհար Հարությունյանի խնդրանքով դպրոց է գալիս մարզպետարանի կրթության վարչության պետ Ալբերտ Մկրտչյանը: Մինչ այդ ցուցարարները տեղափոխվել էին դպրոցի դահլիճ, որտեղ էլ տեղի ունեցավ նրանց հանդիպումը վարչության պետի հետ: Աշակերտները կլինեին մոտ 50 հոգի: Նրանց մեջ կային բավականին լավ պատրաստված, գրագետ երեխաներ, որոնք պատրաստի, ձեւակերպված, այս եւ այն օրենքներին հղումներ անելով հարցեր էին ուղղում վարչության պետին: Նրանց պահանջում հիմնականում շեշտադրվում էր, որ չեն վստահում նախկին տնօրենի օրոք ստեղծած հանձնաժողովին, պահանջում էին նոր հանձնաժողով եւ նոր ընտրություններ: Նրանք իրենց անհամաձայնությունն էին հայտնում մրցույթի արդյունքի վերաբերյալ, ասելով, որ պետք է այնքան պահանջեն, մինչեւ .«Ընկեր Առաքելյանը դառնա տնօրեն»: Կրթության վարչության պետը աշակերտներին հանգամանալից բացատրեց օրենքի կետերը, թե ինչպես է ստեղծվում մրցութային հանձնաժողովը եւ որքան ժամանակով, որ աշակերտների պահանջը դուրս է իրավական դաշտից. «Ցանկանալը իրավական հիմք չէ». - պարբերաբար կրկնում էր պարոն Մկրտչյանը: Աշակերտները հղում էին անում ՀՀ սահմանադրությանը եւ ասում, որ եթե 10 հոգուց ավելի մարդ ցույց է անում, եւ այդ ցույցը 10 օրից ավել է տեւում, ապա նախարարությունը պետք է կատարի մեր պահանջը:

Հարկ է նշել, որ երեխաները բավականին վատ էին տրամադրված դպրոցի մյուս ուսուցիչնեի հանդեպ: Միջանցքում կանգնած հոգեբան Դ.Զ.-ի կողքով անցնելիս 8-րդ դասարանի տղաներից մեկը ասաց. «Օդը ստեղ կեղտոտ ա, գնանք մաքուր օդ շնչենք»: Հանդիպման վերջում արդեն անհարգալից վերաբերմունք էր նկատվում անգամ կրթության վարչության պետի նկատմամբ, որին, կարծես թե այլեւս չէին լսում, եւ որի հարցին, թե «Ինչու՞ ես ինձ նկարում», տղաներից մեկն ասաց․ «Որ փաստեր ունենամ»:

Հարկ է նշել, որ դպրոցում լարված է նաեւ հարաբերությունը դասադուլ անողների եւ դասադուլ չանողների միջեւ, ինչն էլ պատճառ դարձավ, որ ծնողներից մեկի հրավերով դպրոց գան Մասիսի ոստիկանության ներկայացուցիչները: Ծնողը պատմեց, որ ոստիկանությանն է դիմել, քանի որ դասադուլավորները անպարկեշտ խոսքեր էին ուղղել իր աղջկան, որը չի մասնակցում դասադուլին, իսկ նրանցից մեկը հաղորդագրություն է ուղարկել, որում գրված է. «Հեսա գամ ըտեղ՝ քեզ թաղելու եմ»: Ոստիկանության աշխատակիցներին տեսնելով երեխաները սկսեցին բացականչել. «Ոստիկանը մերն ա»: Իսկ դահլիճում նրանք արդեն սկսեցին ոստիկանների մոտ բողոքել իրենց «հրած» ուսուցիչներից, անգամ ասացին, որ նկարահանել են այդ պահերը: Ոստիկանը նրանցից մեկին դուրս հրավիրեց դահլիճից, որ ցուցմունք վերցնի: Հանդիպումն ավարտվեց՝ առանց կոնկրետ պայմանավորվածության:

Կրթության վարչության պետը հրահանգեց դասղեկներին, հրավիրել ծնողական ժողով եւ խոսել ծնողների հետ: Մենք զրուցեցինք դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ռոզա Հարությունյանի հետ, վերջինս ասաց, որ իրենք տեղյակ են եղել, որ Առաքելյանը դասերի ժամերին զբաղվում է քարոզչությամբ, հրահրում է երեխաներին, նրանց այնպես է ներարկել, որ նրանց մեջ արմատավորվել է, թե միակ ուսուցիչը ինքն է՝ Առաքելյանը: Դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Միքայելյան Միքայել ը, ով փորձում էր կարգի հրավիրել աշակերտներին, նույնպես դպրոցի հնաբնականերից է եւ վստահ է, որ աշակերտներին հրահրել եւ այս ամենը կազմակերպել է Տաթեւիկ Առաքելյանը:

Հ/Գ Ինչպես հետո պարզվեց, ակտիվիստներից մեկը, ով բարձրաձայն բացականչում էր «Առաքելյան տնօրեն», Տաթեւիկ Առաքելյանի դուստրն է, որը սովորում է դպրոցի չորրորդ դասարանում: Կրթության վարչության պետին իրավաբանական հղումներով հարցեր ուղղողներից մեկը, նրա քրոջ՝ Սուսաննա Առաքելայնի որդին է, ով հերթով ցուցում էր տալիս ընկերներին, թե՝ ով հարց տա: Ակտիվիստներից մեկը, ով հեռախոսով նկարում էր ողջ անցուդարձը, Առաքելյանի որդին է, երկուսը՝ ամուսնու եղբոր որդիները:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X