150-ամյա Կոմիտասը՝ բիզնեսի առարկա

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Կոմիտասի 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով: Հանձնաժողովում ի պաշտոնե կան նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ՝ երաժիշտներ: Պարզ է, որ առաջարկները հիմնականում անելու են երաժիշտները: Եվ ահա տպավորություն է, թե այդ երաժշտական հանձնաժողովի հիմնական անդամների ցանկը կազմել է Իսրայելում ՀՀ դեսպան, նախկին նախարար Արմեն Սմբատյանը, ում «կոնտրոլի» տակ են Կոմիտասի անվան հետ կապված գլխավոր հաստատությունները` Կոմիտասի անվան կոնսերվատորիան, «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտը: Եվ հիմա էլ պետք է «կոնտրոլի» տակ պահվի Կոմիտասի 150-ամյակը։ Ասենք, որ «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտի տնօրենն ընդհանրապես կապ չունի մշակույթի հետ, համապատասխան կրթություն չունի ոչ միայն երաժշտությունից, այլեւ գրականությունից, պատմությունից եւ ընդհանրապես մշակութաբանությունից, բայց Ա. Սմբատյանի «կոնտրոլի» տակ գտնվող Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենի եղբայրն է, եւ ինձ համար պարզից պարզ է, որ նրան` Նիկոլայ Կոստանդյանին, տնօրեն է նշանակել տվել Ա. Սմբատյանը: Եվ ահա հիշյալ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ Ն. Կոստանդյանը լուրջ դեմքով առաջարկներ է անում: Ի դեպ, նա նոր է վերադարձել Ֆրանսիայից, ուր մեկնել էր պետության հաշվին, եւ Սորբոնի համալսարանում` Կոմիտասին նվիրված գիտաժողովում, «գիտական» զեկուցում է կարդացել (դատարկ դահլիճում): Դժվար է պատկերացնել Կոմիտասին ծաղրուծանակի ենթարկելու եւ Կոմիտասի գործը վարկաբեկելու ավելի հարմար բան: Եվ հանձնաժողովի նիստը վարող նախարար Լիլիթ Մակունցը չի նկատում այս զավեշտն ու շարունակում է գրանցել հերթական անհեթեթ, անսկզբունք, «կուլտմասսավիկական» առաջարկները․ հրատարակենք Կոմիտասի բանաստեղծությունները (դրանք քանիցս տպագրվել են), եկեք «մի հատ» լազերային սկավառակ անենք (Կոմիտասի բոլոր գործերը ձայնագրվել են, կան նաեւ լազերային սկավառակներ` լիուլի. օրինակ` Հարություն Թոփիկյանը ձայնագրել եւ թողարկել է Կոմիտասի բոլոր խմբերգերը), եկեք հրատարակենք Կոմիտասի ձեռագրերի լուսապատճենները, եկեք գնանք ու տարբեր եկեղեցիներում Կոմիտաս երգենք, եկեք հոդվածներ հրապարակենք (երեւի Ն. Կոստանդյանը նոր բաներ է ուզում գրել) եւ այլն:

Ոչ մի առաջարկ ու պատկերացում, թե ինչ կցանկանար ինքը` Կոմիտասը: Կոմիտասը չի ունեցել նման մակերեսային, անցողիկ ու հետք չթողնող ծրագրեր: Նրա գլխավոր նպատակն էր` վերադարձնել մեր ինքնությունը, մեր դիմագիծը, մեր հարազատ ոգին, նախնյաց հզոր ոգին, նոր սերնդի մեջ համատարած ներարկել հայրենի Արեւի առույգ ու կենսատու արյունը, որպեսզի հոգեպես վերածնվի այս ժողովուրդը: Եվ փոխանակ մշակելու մշտապես գործող, Ճանապարհ ուղենշող ծրագրեր, մի ռազմավարություն, որը Կոմիտասի միջոցով կարող է մեր երեխաներին փրկել «մշակութային» հորջորջվող «հարազատ» ճահճից, արվում են պարզապես «մի հերթական ծնունդ» նշելու առաջարկներ («պտիչկա» դնելու համար):

Ոչինչ չի փոխվում, քանի որ Կոմիտասը գրում է, թե` յուրաքանչյուր ոք իր պաշտոնը հագել է իբրեւ զգեստ, որ իր մտքի մերկությունը թաքցնի միամիտ աչքերից, ապա ավելացնում. «Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն` ընչաքաղցությամբ»:

Մենք ունենք ֆիզիկական հայրենիք եւ հոգեւոր հայրենիք: Եթե հանձնես քո հոգեւոր հայրենիքի տարածքները, կհանձնես նաեւ ֆիզիկական հայրենիքը: Եվ եթե մեր ֆիզիկական հայրենիքը պաշտպանված է մեր բանակի շնորհիվ, ապա մեր հոգեւոր հայրենիքն անպաշտպան է այսօր: Թշնամին տգետի, ռաբիսի, պետական պաշտոնը չարաշահողի եւ պարզապես անհայրենիք նյութապաշտի տեսքով ներխուժել է մեր հոգեւոր-մշակութային սահմաններ եւ պատերազմում է` գործածելով վտանգավոր զինատեսակներ` արեւելյան կլկլոց, այլասերող սերիալ, մայրենի լեզուն պղծող ժարգոն, մշակույթի ոլորտում ծախված գործակալ եւ այլն:

Հանձնաժողովի նիստին ես ասացի իմ կարծիքը եւ հրաժարվեցի «համագործակցելուց»` պատճառաբանելով, որ ես բարոյապես չեմ կարող մասնակցել Կոմիտասի 150-ամյակի բիզնես-ծրագրին, որի միջոցով մարդիկ եկել են իրենց անձնական հարցերը լուծելու եւ պետական միջոցները քամուն տալու: Եվ կարծում եմ, որ առայժմ հնարավոր չէ որեւէ բան փոխել. համոզված եմ (տա Աստված` սխալվեմ), որ նախարարը ոչինչ չի կարող անել, ի վիճակի չէ այդ ճահճից «գլուխ հանել», նա ի վերջո ընթացք է տալու մեր ժողովրդին ոչինչ չտվող, անցողիկ առաջարկներին, նաեւ երբեք ի զորու չի լինի հեռացնելու «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտի ոչ մասնագետ, ըստ էության Կոմիտասից անտեղյակ (եւ ընդհանրապես երաժշտությունից անտեղյակ) տնօրենին: Պարզ է... ինչո՞ւ վատամարդ լինել, կարելի է լինել սիրալիր, եւ ամենքը գոհ կլինեն նախարարից, ի՞նչ կարիք կա ինչ-որ բան փոխելու ու բողոքներ լսելու: Միայն վատն այն է, որ կա Արթուր Շահնազարյանի նման մարդ, ով իզուր տեղը «գլխացավանք է» դառնում ու վրդովում հարազատ ճահճի մակերեսը, փչացնում 150-ամյակ կոչվող միջոցառումը: Չեմ փչացնի, առաջարկ կանեմ. քանի որ պարզվեց, որ ծնունդ եք նշում, ապա պետք է ծնունդին նվեր անել, իսկ Կոմիտասի համար ամենալավ նվերը կլինի․

ա) «մաքրել» «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտը` հեռացնելով տնօրենին` «իր շքախմբով»,

բ) «մաքրել» ԳԱԱ արվեստի ինստիտուտը, որ դադարեն կեղծ թեկնածուականներ ու դոկտորականներ բաժանելուց,

գ) «Կոմիտաս» պանթեոնում վաղուց ամենաավելորդը դարձել է հենց ինքը` Կոմիտասը, ուստի վերաթաղել մի ուրիշ վայրում, որ աճյունը վերջապես խաղաղվի․․․

Արթուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

կոմպոզիտոր, կոմիտասագետ

Մեկնաբանություն
X