Դիմադրությունը կոտրվեց

Եվ այսպես, կարծես մոտ է հանգուցալուծումը։ Երեկ՝ երկօրյա բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը համաձայնության եկան դեկտեմբերին արտահերթ ընտրությունների կապակցությամբ։ Նրանք հուշագիր են ստորագրել, որի տեքստից հասկացվեց, որ գերնպատակը դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելն է եղել եւ թղթի վրա արձանագրելը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում այլ թեկնածու չեն առաջադրելու եւ այլ թեկնածուի չեն պաշտպանելու։ Այնուամենայնիվ, հասկանալի չեղավ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսքան շտապում ընտրությունների հարցում, որ ձմեռվա ցրտին, երբ Հայաստանում սովորաբար պատրաստվում են Ամանորի տոներին, որոշել է ընտրություն անցկացնել, եւ ինչն է ստիպել Գագիկ Ծառուկյանին համաձայնել, որի ղեկավարած խմբակցությունն ընդամենը օրեր առաջ դեմ էր դեկտեմբերին ընտրություններ անելուն։

Դատելով որոշ հանրապետականների երեկվա պահվածքից՝ նրանք եւս առանձնապես չեն դիմադրի երկու ամիս անց ընտրություններ կազմակերպելու գործընթացին։ Խորհրդարանական ուժերից, ըստ էության, մնաց Դաշնակցությունը, որը երեկոյան նիստ էր հրավիրել, սակայն իր 7 ձայնով դժվար թե եղանակ ստեղծի։ Այնպես որ, արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանը հերթական մինի-հաղթանակը տարավ՝ ԱԺ ընտրությունները կկայանան 2018-ի դեկտեմբերին՝ նախորդ ընտրություններից ընդամենը մեկեւկես տարի անց։ Երբ մտովի ամփոփում ես այս մեկուկես տարվա իրադարձությունները, հասկանում ես, որ քաղաքականությունն անակնկալներով է լեցուն, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է հետեւություններ անեն հատկապես ՀՀԿ-ի պատմությունից։ Հատկապես, որ մեծամտությունը քաղաքական պրոցեսների վատ ուղեկից է, քանզի կարող է պարզվել, որ ինքնավստահությունդ սին է, իսկ անսասանությանդ առասպելը՝ հորինված։

Մեկնաբանություն
X