Մենք չենք կարող դատապարտել տասնյակ հազարավոր մարդկանց

Ապրիլյան հեղափոխությունից հետո ներքաղաքական կյանքի օրակարգ մուտք գործած անցումային արդարադատության թեման իր վրա է հրավիրել նաեւ միջազգային փորձագետների ուշադրությունը։ Այսօր Կանադայի Զորյան ինստիտուտը Հայաստանի Ամերիկյան համալսարանում հրավիրել էր անցումային արդարադատությանը նվիրված սիմպոզիում։ Զորյան ինստիտուտի տնօրեն Գրիգոր Սարգսյանն իր ելույթում հիշեց այս տարվա օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում նա խոսել էր անցումային արդարադատության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ պետք է «մոտ ապագայում լուրջ քննարկումներ ունենալ եւ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մասին որոշում ընդունել, քանի որ մենք ունենք դրանց կարիքը ոչ միայն այն պատճառով, որ շատ կոռումպացված գործիչներ շարունակում են իրենց արատավոր գործունեությունը, այլ նաեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան շատ թերություններ»։ Այդ հայտարարության հետքերով էլ Զորյան ինստիտուտը նպատակ ունի հետազոտել եւ վերլուծել այն ուժերը եւ գործոնները, որոնք ձեւավորում են հայկական իրականությունը, պատմությունը, քաղաքականությունը եւ ինքնությունը։

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն, անդրադառնալով անցումային արդարադատությանը, նշեց, թե կրկնակի կարեւոր է հասկանալը, թե անցումային արդարադատությունը ինչ գործիքակազմ է կիրառելու։ Նա հիշեց, որ անցած երկու տասնամյակում Հայաստանում եղել են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, եղել է իշխանության բռնազավթում, առողջապահությունից մինչեւ կրթության ոլորտ՝ եղել են չարաշահումներ, կոռուպցիա, պաշտոնյաների ապօրինի հարստացում։ Եվ հիմա քվազի ժողովրդավարությունից դեպի իրական ժողովրդավարություն անցման ճանապարհին պետք է արձանագրել տեղի ունեցած բոլոր չարաշահումներն ու խախտումները։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանում կա մարդկանց խումբ, որը շարունակաբար խոչընդոտում է արդարության եւ ժողովրդավարության հաստատմանը, իսկ հասարակությունը առայժմ համբերատար է վերաբերվում այդ ամենին։

«Կա երեք կոմպոնենտ՝ մեղքի արձանագրում, ներողություն հայցել եւ ներել։ Մարդիկ չեն կարող բոլորին ներել՝ առանց մեղքի գիտակցման եւ մի կողմ քաշվելու, մյուս կողմի մասնակցելն էական է այս գործընթացում։ ԱԺ պատգամավորները պետք է գիտակցեն, որ այլեւս իրենց տուն գնալու ժամանակն է եւ չպետք է խոչընդոտել երկրի հետագա զարգացումը, որն ընտրել է ժողովուրդը։ Մարդիկ էլ պետք է պատրաստ լինեն նրանց մի կողմ քաշվելուց հետո ներել եւ շարունակել ապրել նույն հասարակության մեջ»,- ասաց առաջին փոխվարչապետը։ Միաժամանակ նա հավելեց, որ շտապելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն լուրջ գործընթաց է, պետք է շատ լուրջ ծանր ու թեթեւ անեն ամեն ինչ։ Արարատ Միրզոյանը նշեց, որ ոչ թե պետք է լինի դիմակայություն, այլ այն մարդիկ, որոնք հայտնվել են բարիկադների այն կողմում, անցումային արդարադատության դեպքում կարող են հայտնվել համերաշխության մեջ։ Դա, ըստ նրա, վերաբերում է նաեւ տնտեսական հանցագործություններ կատարած, իշխանությունը ուզուրպացրած անձանց։

Hraparak.am-ը նկատեց, որ ժամանակին մամուլը անուն առ անուն հրապարակել է իրավապահ համակարգի այն ներկայացուցիչների ցանկը, որոնք Մարտի 1-ին կայացրել են ապօրինի որոշումներ, գործել են հանրության շահերի դեմ։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է որոշվելու, թե ինչ պատիժ պետք է սահմանվի նրանց համար։ «Կարծում եմ, որ մենք բոլորս իրար հետ քննարկելով պետք է որոշենք։ Բայց մի բան ակնհայտ է՝ մենք չենք կարող ազատազրկման դատապարտել տասնյակ հազարավոր մարդկանց այն բանի համար, որ մասնակցել են ընտրակեղծարարության, կաշառք են տվել կամ վերցրել։ Այդպիսին են եղել խաղի կանոնները։ Եթե մենք գնանք այդ ճանապարհով, ապա քաղաքացիների մի լուրջ զանգված կհայտնվի ճաղերի հետեւում։ Կարեւորն այստեղ արձանագումն է, որ այդպիսի բաներ են տեղի ունեցել Հայաստանում, եւ մենք այսուհետ այդպես ապրել չենք կարող»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանություն
X