Համերգի վերջին հատվածը կնվիրվի Ազնավուրի հիշատակին

Երեւանում հոկտեմբերի 7-12-ը տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ։ Գագաթնաժողովին ու հարակից միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ավելի քան 3 հազար 500 ներկայացուցիչներ եւ 40-ից ավելի երկրների ղեկավարներ։

Նախ՝ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդի նիստը, 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը։ Հոկտեմբերի 9-ին, ժամը 17։00-ին Ազատության հրապարակում կլինի Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը, որտեղ տեղադրված են լինելու 40 տաղավարներ։ Դրանցում կներկայացվեն 20-ից ավելի երկրների տաղավարներ։ Հոկտեմբերի 10-ին «Թումո» կենտրոնում իր աշխատանքները կսկսի Տնտեսական ֆորումը։ Բուն գագաթնաժողովի բացումը կլինի հոկտեմբերի 11-ին, որին մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի 84 անդամ երկրների, ինչպես նաեւ միջազգային մոտ 20 կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 12-ին։

Հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ 19։30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ, որտեղ մուտքն ազատ է լինելու։ Համերգը բաղկացած կլինի 3 մասից․ 1-ին մասն իրենից ներկայացնում է շոու ծրագիր, որտեղ բեմականացված ձեւով ներկայացվելու են Հայաստանի մշակույթը եւ պատմությունը, 2-րդ մասում երգելու են հրավիրյալ երգիչ-երգչուհիները, որոնց մեջ՝ Զազը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիրոն, ում անվանում են Աֆրիկայի Սելին Դիոնը, եւ, իհարկե, հենց ինքը՝ Սելին Դիոնը։ Ինչ վերաբերում է 3-րդ մասին, ապա այն իսկզբանե ամբողջությամբ նվիրված էր Ազնավուրին եւ պետք է լիներ նրա մասնակցությամբ։ Մեծն շանսոնյեի մահից հետո համերգի 3-րդ մասը կպահպանվի, միայն թե առանց Ազնավուրի եւ նրա երգերի։ Համերգի վերջին հատվածը կնվիրվի Ազնավուրի հիշատակին։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X