Ինչպիսին էր ռուս գրականությունը 1990-ական թթ․ Մաս 2-րդ

Այսօր ժամանակակից գրականության պրոցեսի խորքերում կրկին ծնունդ են առել կամ վերակենդանացել են այնպիսի երեույթներ եւ ուղղություններ, ինչպիսիք են՝ ավանգարդն ու պոստավանգարդը, մոդեռնն ու պոստմոդեռնը, սյուրռեալիզմն ու իմպրեսիոնիզմը, նեոսենտիմենտալիզմն ու նյութապաշտությունը, սոցարտն ու կոնցեպտուալիզմը եւ շատ այլ ուղղություններ։ Ժամանակակից գրական զարգացման պատկերը այսօր ընթերցողի կամ մասնագետ-ուսումնասիրողի աչքերի առաջ հառնում է որպես անկանխատեսելի հարեւանություն իրապաշտներ Ա․ Սոլժենիցինի եւ Վ․ Մականինի, պոստմոդեռնիստներ Վ․ Երոֆեեւի եւ գրական սկանդալիստ Է․ Լիմոնովի։ Ձեռք բերած ազատությամբ՝ ռուս գրականությունը նաեւ վայր դրեց հանրային կարծիք արտահայտող խոսնակի եւ մարդկային հոգեկերտվածքի դաստիարակի իր լիազորությունները, որոնք ստանձնել էր խորհրդային տարիներին եւ դրական փարոս- հերոսների փոխարեն, գրական հերոս դարձան տնանկները, հարբեցողները, մարդասպանները, մարմնավաճառները։ Ժամանակակից պոետը արդեն զբաղվում է իրադրության արձանագրմամբ։ Ժամանակակից քննադատությունն էլ հիշեցնում է ընթերցողներին, թե ինչի է հանգեցրել մարդկային հոգիների վրա գրականության ունեցած երբեմնի իշխանությունը, ինչպես Վ․ Մայակովկսու պարագայում, ով ուներ հնարավորություն ոչ միայն կոչեր հնչեցնելու, ինչպես ասենք՝ գրիչն ու հրացանը նույնացնելու, այլ նաեւ դրանց հետեւանքները տեսնելու։

Խորհրդային գրականությունը կարելի է անվանել նաեւ բոլոր տեսակի «պայքարների» գրականություն՝ հանուն բարձր բերքի պայքարից մինչեւ ռուսաց լեզվի մաքրության համար պայքար եւ այդպիսով ծնունդ տվեց հասարակության մեջ մշակութային սոցիումի մեջ ռազմականացված բավական ստվարածավալ բառապաշարի, ինչպիսիք են օրինակ՝ աշխատանքի հերոս, ժողովրդի թշնամի եւ այլն։

Մեկնաբանություն
X