ՏԻՄ ընտրություններին բոլոր համայնքներում «ՔՊ»-ի կողմից առաջադրված թեկնածուներ կունենանք. Կոտայքի մարզպետ

«Հրապարակի»__ հարցերին պատասխանում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը․

-Պարոն Պետրոսյան, կառավարությունը ընդունեց նախագիծը, ըստ որի գազալցակայաններում և այլ վայրերում գործող խաղային ապարատները պետք է հանվեն: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել մարզում այս ուղղությամբ:

-Կառավարությունն օրենքի նախագիծն ուղարկել է ԱԺ՝ ներառելով որոշակի առաջարկներ: Այս մասով դեռ քայլեր չեն ձեռնարկվել, քանի որ նախագիծն ԱԺ-ի կողմից չի վավերացվել: Բայց ես իհարկե ողջունում եմ այս մոտեցումը, և հետևողական եմ լինելու Կոտայքում այս մասով բոլոր որոշումների պատշաճ իրականացմանը:

-Նոր Գեղիի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել համայնքի ղեկավարի ժ/պ-ի դեմ: Դուք կվերնայե՞ք Ձեր որոշումը եւ ժամանակավոր պաշտոնակատար կնշանակեք այն մարդուն, ում գյուղացիներն են ցանկանում:

-Նոր Գեղիում տեղի ունեցած ակցիայի ընթացքում կազմակերպիչները վստահ կարծիք էին հայտնում, թե գյուղի ծանրակշիռ մեծամասնությունը դեմ է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը: Ես և՛ ակցիայի կազմակերպիչներին, և՛ լայն հանրությանը մի քանի անգամ արդեն ասել եմ, որ սահմանադրությամբ մարզպետի բացառիկ իրավունքն է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել իր համար վստահելի թեկնածուին: Այնուհանդերձ, համայնքի այդ հանրության պահանջը հաշվի առնելով՝ առաջարկեցի հարցի լուծման քաղաքակիրթ եղանակ՝ ճանապարհ փակելու փոխարեն: Գյուղի չափահաս բնակիչների 60 տոկոսի ստորագրությունը ինձ համար կարող էր հստակ ցուցիչ լինել, որ համայնքն իսկապես դեմ է իմ նշանակմանը: Բայց հիմա ունենալով նրանց շուրջ 31 տոկոսի ստորագրությունները՝ ես կարող եմ պնդել, որ ակցիայի կազմակերպիչների պահանջն իրավաչափ չէր և արտահայտում էր սուբյեկտիվ դիրքորոշում:

-Ինչո՞ւ Նոր Գեղի համայնքի ղեկավարի ընտրությունները հետաձգվեցին փետրվար ամսին:

-Ընտրությունները հենց սկզբից նշանակվել են փետրվարին, հետաձգվելու հարց այստեղ չկա: Ես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման օրն ունենալով տեղեկատվություն այն մասին, որ առաջիկա արտահերթ ՏԻՄ ընտրությունները հոկտեմբերի 21-ին են, ենթադրեցի, որ Նոր Գեղիում ընտրությունը ևս կլինի հենց այս ժամկետներում: Հետագայում, սակայն, եղավ կառավարության որոշումն այն մասին, որ այն համայնքները, որտեղ համայնքների ղեկավարները հրաժարական են ներկայացրել սեպտեմբերին, ընտրությունը կլինի փետրվարի 17-ին: Նոր Գեղի համայնքից Ֆրոնտիկ Թևոսյանի հրաժարականի հաստատելու մասին ավագանու որոշումն ընդունվել է օգոստոսի 31-ին ուշ երեկոյան: Դրան հաջորդել են հանգստյան օրերն, ու այդ որոշումն ինձ է ուղարկվել սեպտեմբերի 3-ին, նույն օրն էլ ես ուղարկել եմ նախարարություն: Հետևապես, ըստ Կառավարության որոշման՝ այս համայնքում ընտրությունը կկայանա փետրվարի 17-ին:

-Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի 5 համայնքներում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: «ՔՊ» կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածուներ կառաջադրվե՞ն, եթե այո, ապա ո՞ր համայնքներում:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարևորում է մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին, և կարծում եմ՝ մենք բոլոր համայնքներում կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներ կունենանք:

-Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերին հարց բարձրացվեց Հրազդան քաղաքում գործող գիշերային ակումբների մասին, եւ խնդիրը եղավ Ձեր հսկողության տակ: Ի՞նչ արդյունքներ այսօր կարելի է արձանագրել՝ փակվե՞լ են գիշերային ակումբները:

-Հրազդան քաղաքում եղել են 6 գիշերային ակումբներ: Դրանցից 2-ի գործունեությունը դադարեցվել է հուլիսի 31-ից հետո, քանի որ լիցենզիաների ժամկետներն ավարտվել են և այլևս չեն երկարաձգվել: Մյուս 2-ի լիցենզիայի ժամկետներն ավարտվում են սեպտեմբերի 30-ին և նորից չեն հետաձգվելու, իսկ վերջին 2-ի գործունեության դադարեցումը նախատեսվում է ոչ ուշ, քան դեկտեմբերի 31-ը: Այցերի և ստուգումների ընթացքում Հրազդանի համայնքապետարանն ակտիվ համագործակցել է նաև ոստիկանության հետ, մի քանի խախտումների հիմքով նշանակվել են վարչական տուգանքներ:

-Համայնքի ղեկավարները եւ բնակիչները ասում են, որ Ձեզ հետ հանդիպելը շատ է դժվարացել, այնինչ պաշտոնավարման առաջին օրերին պատկերն այլ էր․ ի՞նչն է փոխվել:

-Ինձ համար Ձեր հարցը կարող եմ դիտարկել որպես առաջին ահազանգ, որովհետև նման մտահոգություն ինքս չեմ ստացել ոչ համայնքների ղեկավարներից, ոչ էլ քաղաքացիներից: Ես բաց եմ աշխատում, համայնքի ղեկավարները հաճախակի ինձ հետ կապի մեջ են այս կամ այն աշխատանքային հարցերով, ունեմ քաղաքացիների ընդունելության օրեր, իմ աշխատակազմը՝ մինչև ամենաբարձր պաշտոնյաները, նույնպես հասանելի են և պատրաստակամ են լսել բոլորին: Ոչինչ չի փոխվել և հավաստիացնում եմ՝ չի փոխվելու:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X