Եթե այսօրվա իշխանությունները չկարողանան սոցիալական արդարություն հաստատել, հիասթափությունը կարող է մեծ լինել

88-ից երեսուն տարի անց հայ ժողովուրդը իրականացրեց ապրիլյան թավշյա հեղափոխությունը։ 88-ին սովետական ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած ժողովուրդն 2018-ի ապրիլին ընդվզեց քսանամյա բռնապետական ռեժիմի դեմ։ Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ կան երեսուն տարի առաջվա եւ այսօրվա հեղափոխությունների միջեւ։ Մեր հարցերին պատասխանում է փիլիսոփա, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ, 1995-97թթ. Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Ոսկանյանը։

-Ապրիլյան հեղափոխությունն ինչպես հայ հասարակության կողմից, այնպես էլ միջազգային ասպարեզում արժանացավ տարաբնույթ գնահատականների, շատերին էր այն ապշեցրել իր՝ ոչ բռնի մեթոդների կիրառման միջոցով երաշխավորված հաջողությամբ։ Օրերս էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն անվանեց իշխանափոխության «ֆանտաստիկ օրինակ»։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի երեսնամյա ընթացքը։

-Երեսնամյա ընթացքը մի քանի խոսքով բնութագրելը գործնականում անհնար է։ Բայց կարող եմ նշել մի քանի կետեր։ Վերջին տարիներին Հայաստանում ստեղծված վիճակն անտանելի էր դարձել։ Զգացողությունն այն էր, որ մենք ապրում ենք մի երկրում, որը բացառապես հիմնված է կեղծիքի վրա, եւ որ մենք պատկերացում չունենք այն մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Գիտեք, Հայաստանում տարածված է երկու հիմնական խոսելակերպ. վերամբարձ՝ «հայրենասիրական» կամ ձևական՝ «քվազի- արեւմտյան»։ Երկուսն էլ հեռու են երկրում տեղի ունեցողի ադեկվատ նկարագրությունից։

Տպավորություն էր ստեղծվում, որ հասարակությունը համր է, այսինքն ունակ չէ խոսելու այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում իր հետ։ Սրանց ելնելով է, որ մենք՝ «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի» համախոհներով (դա հասարակական կազմակերպություն է, որն այս տարի նշում է իր 25-ամյակը), որոշեցինք կազմակերպել միջազգային մի գիտաժողով՝ հենց այդ հարցը դնելու համար։ Ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ իրականում, որո՞նք են այն իրական՝ ոչ պաշտոնական քաղաքական, տնտեսական և այլ կառուցվածքները, որոնցով առաջնորդվում է մեր հասարակությունը։ Այսինքն, նկատի ունենալ ոչ թե այն, ինչ հայտարարվում է, այլ այն, ինչն իրականում կա։ Գիտաժողովը նախատեսված էր հունիսի համար, և ահա ապրիլին պայթեց հեղափոխությունը, որը փաստորեն պրակտիկ ճանապարհով ցույց տվեց այն ամենը, ինչ մենք ներկայացնում էինք տեսականորեն։ Մյուս հետաքրքիր պահն իմ «Հեղափոխության իրավունքը» թեմայով դասախոսությունն էր Բուն TV-ով՝ այս տարվա հունվարին։ Մի քանի օր առաջ, բոլորովին պատահական, ես առիթ ունեցա այն նորից լսելու և պարզապես զարմացա, թե որքանով այն համահունչ է եղել մի քանի ամիս անց տեղի ունեցած իրադարձություններին։ Այս ամենն, իհարկե, ոչ թե իմ և իմ ընկերների առանձնահատուկ խորաթափանցության մասին է խոսում, այլ պարզապես ցույց է տալիս, որ իրավիճակը հասունացել էր, և այդ զգացողությունը սավառնում էր օդում։

Ինչո՞վ է տարբերվում ապրիլյան հեղափոխությունը 88-ի իրադարձություններից։ Ապրիլի 23-ին, երբ բոլորի հետ միասին ես էլ փողոցներում էի, ինձ համար արձանագրեցի երկու բան․ առաջինը բացարձակ երջանկության զգացողությունն էր, որ համակել էր մարդկանց։ Ես նման բան չէի տեսել 88-ին, 89-ին կամ 90-ին, նույնիսկ Շուշին գրավելու կամ Հայաստանի անկախությունը հայտարարելու կապակցությամբ։ Երկրորդ հանգամանքը կապված էր այդ երևույթի համար հայոց պատմության մեջ զուգահեռ գտնելու հետ։ Եվ պատկերացրեք, հայոց երեք հազար տարվա պատմության մեջ նման դեպքերը շատ քիչ են։ Ինչու՞։ Որովհետեւ մեր ազգային պայքարը հիմնականում վերաբերել է օտարների լծից ազատագրվելուն։ Շատ քիչ են դեպքերը, երբ հայ ժողովուրդն ուղղվել է դեպի իր ներսը եւ սեփական հասարակությունը վերափոխելու խնդիր է դրել։ Դա եղել է, օրինակ, Հայաստանի խորհրդայնացման ժամանակ, բայց այդ փոփոխությունները նախաձեռնվել են դրսից։

Բայց որ ժողովուրդն ինքն է ասում՝ ես այսպես այլևս չեմ ցանկանում ապրել, դա բացառիկ երեւույթ է, դրա համար էլ այս հեղափոխությունն այսքան գնահատելի է։ Պետք է նաև գիտակցել, որ հեղափոխական այս ալիքի կարևորագույն պատճառներից մեկը անարդարության սուր զգացողությունն էր։ Ես սա շեշտում եմ, քանի որ վստահ եմ, որ հեղափոխությունը կհաջողի միայն այն դեպքում, եթե ստեղծվի և պահպանվի արդարության մթնոլորտը։ Եվ խոսքն այստեղ միայն հանցագործներին պատժելու մասին չէ։ Կուզեի ճիշտ հասկացվել՝ ես ինքս շուկայական հարաբերությունների համոզված կողմնակից եմ։ Բայց նաև այն մարդն եմ, որի ջանքերով (այդ ժամանակ ես սահմանադրական հանձնաժողովի անդամ էի) Հայաստանի սահմանադրության անփոփոխելի մասում արձանագրվել է, որ Հայաստանը ոչ միայն ինքնիշխան, ժողորդավարական, իրավական, այլև սոցիալական պետություն է։ Եվ կարծում եմ, որ եթե այսօրվա իշխանությունները չկարողանան սոցիալական արդարություն հաստատել, ապա հիասթափությունը կարող է մեծ լինել։

-Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ Ձեզ, դասական իմաստով ընտրություննե՞ր էին, թե՞ ժողովուրդը եւս մեկ անգամ իր վստահության քվեն տվեց գործող իշխանությանը։

-Ես կուզենայի, որ այդ ընտրություններն անցնեին այլ կերպ։ Կուզեի, որ անպայման լիներ առարկայական բանավեճ։ Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրը, իհարկե, բանավեճ չէր։ Եթե դուք ընտրում եք Երեւանի քաղաքապետ, ապա պետք է վստահ լինեք, որ նա հստակ պատկերացում ունի, թե ինչ է հնարավոր անել Երեւանի համար։ Հավակնորդների ծրագրերը նման էին իրար, և դա բնական է, քանի որ խնդիրները բոլորին հայտնի են՝ աղբահանություն, տրանսպորտ։ Հետեւաբար, կարևորը ոչ թե դրանց թվարկումն էր, այլ այն թե ինչպես են հավակնորդները պատկերացնում լուծումները։ Պետք էր բանավեճ, կարծիքների իրական բախում առարկայական հարցերի վերաբերյալ։ Միայն այդ դեպքում կարելի կլիներ իրական ընտրություն կատարել։ Ցավոք, դա տեղի չունեցավ։

-1991 թվականից հետո այս ընտրություններն առաջին ազատ եւ արդար ընտրություններն էին, որի արդյունքները չեն վիճարկվում։

-Կարծում եմ, 1990թ․ Գերագույն խորհրդի ընտրությունները եւս եղել են ազատ։ Բայց այս ընտրություններն իսկապես շատ հաջող էին եւ կարող են դիտվել որպես վստահության քվե հեղափոխական իշխանությունների նկատմամբ ։ Թվերը դա պարզորեն ցույց են տալիս։ Եթե ստացված տոկոսից բացի նկատի ունենանք, որ Երեւանում, հնարավոր է այնքան մարդ չի ապրում, որքան գրանցված է, ենթադրենք, որ կա հեղափոխության անվերապահ կողմնակիցների մի շերտ, որը թերահավատ է եղել առաջադրված կոնկրետ անձանց վերաբերյալ և չի մասնակցել քվեարկությանը, գումարենք սրան «Լույս» դաշինքի ձայները, շատ լուրջ տոկոս է ստացվում, որն իհարկե հիմք է տալիս բարձրացնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

Դա պարզապես անհրաժեշտություն է, և այդ խնդիրը պետք է շատ արագ լուծվի։ Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ ԱԺ ընտրությունները չպետք է անցկացվեն երևանյան ավագանու ընտրությունների նման։ Մեր խնդիրը պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան ունենալը։ -Ապրիլյան հեղափոխությունից հետո կարո՞ղ ենք ասել, որ ունենք քաղաքացիական հասարակություն, թե՞ հեղափոխությունը բռնապետությունից ազատագրվելու պոռթկում էր։ -Ես կարծում եմ, որ երկուսն էլ կար։ Անշուշտ, մենք ունենք քաղաքացիական հասարակություն։ Բայց դա միայն մի սեգմենտ է։ Հուզական պոռթկումն, իհարկե, ահռելի դեր է խաղացել։

Եթե մենք ուզում ենք այդ ամենին ինստիտուցիոնալ ձեւ տալ, կարծում եմ, պետք է լսենք այն մարդկանց, որոնք խորհուրդ են տալիս, որպեսզի ԱԺ ընտրություննեից առաջ ընդունվի նոր օրենք կուսակցությունների մասին եւ իրականացվի բոլոր կուսակցությունների վերագրանցում։ Մենք տեսնում ենք, որ կուսակցական դաշտը վաղուց ի վեր ջախջախված է, այն պարզապես գոյություն չունի։ Կարծում եմ օպտիմալ կլիներ հնարավորնս արագ օրենքով արձանագրել խորհդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների կազմակերպման օրը։ Բայց այդ նույն որոշման մեջ՝ որպես պարտադիր պայման, մտցնել կուսակցական դաշտի նորոգման հարցը։

-Հաճախ է խոսվում հակահեղափոխության վտանգի մասին։ 1998թ․ տեղի ունեցավ հակահեղափոխություն, իշխանության եկան հակահեղափոխական ուժեր։ Փորձե՞լ եք վերլուծել, թե ինչու այն ժամանակ տեղի ունեցավ հակահեղափոխություն։

-Ես չեմ կարծում, թե 1998թ․ տեղի է ունեցել հակահեղափոխություն։ 1998թ․ տեղի ունեցածը հեղաշրջում էր։ Այդ ժամանակ չէ, որ փոխվել է հասարակական կարգը։ Ցավոք, այն արդեն սկսել էր նենգափոխվել իննսունականների կեսից և նոր իշխանության եկածները վիճակը պարզապես հասցրին իր «հաղթական ավարտին»։ Անցումը կտրուկ չի եղել։ Ես համաձայն եմ իմ բարեկամ Մանվել Սարգսյանի հետ, որ նոր իրավիճակը վերջնական տեսքի է եկել 2003թ․, երբ «հաղթանակած» կուսակցությունները ստորագրեցին կոալիցիոն համաձայնագիր և միմյանց մեջ բաժա-բաժան արին տնտեսական և քաղաքական ոլորտները՝ բացարձակապես անտեսելով ժողովրդական զանգվածի շահերը։ Այդ ժամանակից ի վեր օտարումը անտանելի է դարձել։

-Արդյոք դա սողացող հակահեղափոխությո՞ւն չէր։

-Կարելի է նաեւ այդպես անվանել, դա հասարակության բացասական կերպափոխություն էր։ Բայց այսօր ես չէի ցանկանա խոսել «հեղափոխություն-հակահեղափոխություն» եզրույթներով, որովհետեւ կարծում եմ, որ վտանգը «նախկինների» վերադարձը չէ։ Եթե նրանք իրական ուժ ունենային, կմասնակցեին քաղաքային ընտրություններին, կամ առնվազն սեփական ժողովրդի հետ խոսելու համար օտարերկրյա լրատվամիջոցներ չէին փնտրի։ Իրական վտանգը կարող է այսօրվա իշխանության ձախողումը լինել։ Եթե այսօրվա իշխանությունը չկարողանա արդարացնել սպասելիքները, ապա կհիասթափեցնի ժողովրդին։

-Իսկ իշխանություններն արե՞լ են հիասթափեցնող քայլեր։

-Միշտ էլ կան այդպիսի քայլեր։ Հիմա միայն ծույլերը չեն խոսում այն մասին, որ կադրային քաղաքականությունն առնվազն խնդրահարույց է։ Մենք գիտենք, որ արհեստավարժ մասնագետների սով կա, բոլորը չէ, որ տիրապետում են իրավիճակին։ Ինձ անհանգստացնում է նաև տնտեսական ծրագրերի բացակայությունը։ Այս առավոտյան լսեցի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդականի կես ժամանոց հարցազրույցը եւ ոգեւորված չեմ։ Երբ վարչապետը քաղաքական հարցադրումներ է անում, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, դա հասկանալի է։ Բայց տնտեսական հարցերով խորհրդականը կոնկրետ ծագրեր պետք է ներկայացնի, ոչ թե խոսի «տեսիլների» մասին (իր խոսքերն են)։ Նման մոտեցումը վստահություն չի առաջացնում։ Ես նաեւ այն տպավորությունն ունեմ, որ այսօրվա կառավարությունը կատարում է նույն սխալը, ինչ մենք արել ենք ժամանակին։ Այն չափազանց մեծ հույսեր է կապում «շուկայի անտեսանելի ձեռքի» հետ։ Ենթադրվում է, որ կոռուպցիայի հաղթահարման, օրինականության հաստատման դեպքում շուկան իր ճանապարհ կհարթի։ Մենք էլ ենք այդպես ենք կարծել, և չարաչար սխալվել ենք։ Չէի ցանկանա, որ այդ սխալը կրկնվեր։ Կառավարությունը պետք է ունենա տնտեսական ծրագրեր և գործուն մասնակցությամբ աջակցի բիզնեսին, այլապես հիասթափությունը մեծ կլինի։

-Իսկ ինչպե՞ս է ընթանում ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացը, Եվրոպան էլ կարծես սառն ընդունեց մեր հեղափոխությունը։

-Եվրոպան սառը չի ընդունել հեղափոխությունը, ընդհակառակը՝ արձագանքել է մեծ ոգեւորությամբ։ Ես հետեւել եմ դրսի մամուլին եւ տեսել եմ, թե քանի հոդված է գրվել այդ մասին։ Միայն «Շպիգելն» այնքան հոդված է հրապարակել, որքան 10 տարվա ընթացքում չէր գրել Հայաստանի մասին։ Բայց դա չի նշանակում, որ իրենք պետք է վազեն մեզ մոտ ամենայն նյութական օգնություն առաջարկելու։ Մի՛ մոռացեք, որ ԵՄ-ին ուղղված կշտամբանքից հետո, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանին հատկացված 120 միլիոն եվրոն մինչ այժմ չի օգտագործվել, քանի որ չեն ներկայացվել համապատասխան ծրագրեր։ Եվ ես վստահ չեմ, որ այս երկու ամսում իրավիճակը արմատապես փոխվել է։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X