Սեպտեմբերի 21-ն անցավ, բայց համաներում չեղավ

Արդարադատության նախարարությունը հեղափոխությունից հետո առաջին անգամ վարչական ակտերի համաներում կիրառեց՝ մոտավորապես 1,5 միլիոն վարույթ կարճելով։ Վարչական տուգանքները ներվեցին մի քանի հարյուր հազար մարդու նկատմամբ։ Բայց քրեական գործերով ներումներն ու համաներումը մնում է խոստումների մակարդակի։ Նախարար Արտակ Զեյնալյանը ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում նույնիսկ հայտարարեց, որ ազատման ենթակա ցմահ դատապարտյալների ցուցակ է պատրաստում, որին ճաղավանդակների հետևում դեռ հայտնի չէ, թե որքան են սպասելու, քանի որ նախարարը որևէ մանրամասներ այս գործընթացների մասին հրաժարվում է հայտնել։

Օրերս ֆեյսբուքյան ասուլիսում նա ասաց․ «Համաներման ակտը դրա մշակման փուլում, մինչև ընդունումը պետք է մնա գաղտնի։ Դա բխում է հասարակության շահից։ Դրա վերաբերյալ նախապես չի կարելի խոսել»։ Մեր տեղեկություններով, սակայն համաներման և ներումներ կիրառելու հարցում հակասռւթյուններ են ծագել նախարարության «հին գվարդիայի» և հեղափոխական նախարարի միջև։ Համաներման ակտին դեմ են արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նաև փոխնախարարներ Վիգեն Քոչարյանն ու Սուրեն Քրմոյանը, որոնք տարիներ շարունակ դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ձևավորողներից են եղել։ Քաղհասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների հետ հանդիպումներն այս թեմայի շուրջ արդյունք չտվեցին։ Նրանք, մասնավորապես Նինա Կարապետյանցի, Արայիկ Պապիկյանի հետ հանդիպումների ժամանակ փոխնախարար Վիգեն Քոչարյանը տրամաբանությունից դուրս հայտարարություն էր արել՝ թե համաներման հասարակական պահանջարկ չկա։ Իրավապաշտպաննները բանակցել էին նախարարի և նրա անձնակազմի հետ, սպասում էին, որ գոնե սեպտեմբերի 21-ի կապակցության համաներում կհայտարարվի, փաստորեն, ապարդյուն։

Արդարադատության նախարարությունից հերքում են փոխնախարարներ Վիգեն Քոչարյանի և Արթուր Հովհաննիսյանի առնչությունը համաներման հետ կապված գործընթացին: Լրատվության պատասխանատու Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ Վիգեն Քոչարյանը երբևէ չի բանակցել այս հարցով իրավապաշտպանների հետ: ՀՀ ԱՆ մամուլի քարտուղարը հայտնեց, որ արարադատության փոխնախարարներին վերագրվող «տեղեկությունը» իրականությանը չի համապատասխանում, ավելին, արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը երբևէ դիրքորոշում չի հայտնել համաներման թեմայով, քանի որ ոլորտը դուրս է փոխնախարարի համակարգման տիրույթից

Մինչդեռ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը սեպտեմբերի 4-ին «Նոյան տապան» գործակալության մամուլի սրահում հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Մենք... Սպասում էինք, որ արդարադատության նախարարությունը ինչ-որ գործողություններ կանի գոնե սեպտեմբերի 21-ի, Անկախության տոնի կապակցությամբ, մենք կունենանք համաներումը: Առանձնազրույց եմ ունեցել փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ, որի պատասխանը ինձ վրդովեցրել է. նա հայտնեց, որ չկա հասարակական պահանջ համաներում իրականացնելու»: Ստացվում է, իրավապաշտպանները ստո՞ւմ են:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X