Պայթած բալոնը ԲԿ-ինը չի եղել. մահացած աշխատակիցը անձնական օգտագործման համար է ցանկացել լիցքավորել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այսօր ողբերգական դեպք է պատահել․ թթվածնի բալոններից մեկը պայթել է, որի հետեւանքով մահացել է թթվածնի արտադրամասի օպերատորը։

ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանի խոսքով՝ նախնական տվյալներով՝ կայանը այս տարի անցել է փորձաքննություն շահագործման համար․ «Ամենօրյա ստուգում իրականացնում է, միայն նա չի անցկացնում, անցկացնում է նաեւ տնտեսական գծով փոխտնօրենի տեղակալը, թթվածնի կայանի տնօրենը եւ նաեւ ընդունող-հանձնող տեխնիկ օպերատորները։ Ամեն օր ստուգվում է։ Պայթած բալոնը չի պատկանել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին, վարկածներ չեմ ուզում ասել, փորձաքննությունը ցույց կտա՝ ինչ ճանապարհով է հայտնվել այդ բալոնը հիվանդանոցի տարածքում։ Պայթյունից անմիջապես հետո մենք տեղում ենք եղել եւ տեսել ենք, որ այդ բալոնը եղել է փոքր չափի, ոչ այն բալոններից, որոնք տեղակայված են հիվանդանոցում, դրանից էլ եզրակացել ենք, որ ԲԿ-ի բալոնը չէ»։

Տնօրենը նաեւ նշեց, որ բացի մահացածից, այլ տուժածներ եւս կան․ «Մեկ վիրավոր, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վտանգավոր վնասվածքներ չի ստացել։ Դժբախտ պատահար էր։ Եթե բժշկական կենտրոնին չպատկանող բալոն է հայտնվում հիվանդանոցում, ուրեմն, եթե չհամարենք թերացում, թերացում չի։ Տարին մեկ անգամ փորձաքննություն է անցկացվում»։

Տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանն էլ նշեց, որ կան վարկածներ, որ տեխնիկական անվտանգության կանոնների ոչ ճիշտ կատարում է եղել, այսինքն՝ օպերատորը չի կարդացել, թե ինչ է գրված բալոնի վրա, նոր հետո միայն կատարեր գործողությունը․ «Մենք չունենք նմանատիպ բալոն, մեր բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, իսկ այդ բալոնը 45 ատմասվեր ճնշման էր։ Բալոնը մեր համար հանելուկ մնաց, ըստ այդմ՝ օպերատորը իր համար է բերել, լիցքավորել, տանել։ Իր անձնական օգտագործման համար, տո՞ւնն է պետք եղել, թե՞ աշխատանքում, չեմ կարող ասել։ Սա առաջինն դեպքն է, տեխնիկական փորձաքննություն անցնում է տարին 1 անգամ, վերջին անգամ 1 ամիս առաջ է անցել, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չենք ունեցել, ներկա պահին էլ աշխատում է թթվածնային կայանը, այսինքն՝ խնդիրը եղել է տվյալ բալոնի մեջ»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X