Եթե իմ բողոքելուց հետո որևէ վտանգ սպառնա ինձ կամ իմ երեխային․․․ (Գրում է աշխատանքից ազատված մայրը)

Երբ պետական առաջին դեմքերն են ֆեյսբուքով պաշտոնական, պետական հաղորդագրություններ անում, ոչ ոք չի զարմանում։ Իսկ երբ սովորական մի մայր պատմում է, որ իրեն գործից ազատել են, այն դեպքում, երբ ինքը միայնակ մեծացնում է երեխային, շատերը «պզիկներ են հանում»՝ դիմեք դատարան, արդարադատության նախարարություն․․․ Այդքանն էլ քիչ են համարում։ Հոգեբանական ծանր վիճակում գտնվող մոր ազնվության վրա են կասկածում։ Դատական պրոցեսները, գիտեք, տարիներով ձգձգվում են, վերջերս մի մայր էր բողոքում, որ իր երեխայի ալիմենտի հարցը մեկուկես տարի է՝ ձգձգվում է, ու դեռ հայտնի չէ, թե էլ ինչքան կտևի, այն դեպքում, երբ հայրը աշխատում է պետական հիմնարկում և ֆիքսված դրույքաչափ ունի։ Այդ գործով հետաքրքվող պաշտոնյաներին կարող եմ տվյալներ տրամադրել։

Միայնակ մայրը քանի՞ օր կարող է առանց հաց ու ջուր գոյատևել, որպեսզի դատարանը մի երկու տարի հետո գործը լսի։ Ու նա ստիպված ֆեյսբուքում է պատմել իր «դարդ ու ցավը», հուսալով, որ ականջալուր կլինեն իրեն, կբարձրաձայնեն իր բողոքը։ Չէ՞ որ մարդիկ անընդհատ կրկնում են, որ իրենք են արդեն այս երկրի տերը։ Նարե Գրիգորյանն էլ դիմել է երկրի տիրոջը։

Հարգելի բարեկամներ: Այսօր Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին:

Բայց քանի որ միայնակ ու հիասթափված մայրը հարցը հնչեցնում է բաց, կոշտ՝ տողատակերով, ոմանք՝ հեղափոխության էյֆորիայի ազդեցության տակ, վատ են մեկնաբանում գրառումը․

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը և հարյուր հազարավոր քաղաքացիներ: ՄՈԼՈՐՎԱԾ քաղաքացիներ: Իրականում ոչ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ոչ արդարություն, ոչ մարդասիրություն: Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի:

Հենց սա որոշ մարդկանց դուր չի եկել, ինչպե՜ս կարելի է․․․ Առավել թունդերը (սարսափելի են, մարդ չընկնի դրանց ճանկը), գործից զրկված մորը համարում են պատվեր կատարող։

Ուշադիր կարդացի Նարե Գրիգորյանի բանաստեղծությունները, որոնք լցված են սիրով, բարությամբ, հավատով և ներկայացնում եմ մեկը՝ դուք որոշեք։ Մարդը հավատացել ու հիասթափվել է։ Գործազուկ է՝ իր հույսին անչափահաս երեխան է։ Ի՞նչ պատվերի մասին է խոսքը, երբ իր ուսերին ծանրացած է երեխային պահելու բեռը, մինչդեռ իրեն զրկել են աշխատանքից։ Այս բանաստեղծությունը գրել է օգոստոսի 20-ին, որդուն է նվիրել․

Գլուխդ դիր բարձին, թանկս,

Սրտիկս սրտիդ ղողանջին՝

Պառկեմ կողքիդ և կամաց

Հեքիաթներ շշնջամ ականջիդ:

Պատմեմ, որ մի տեղ, անտառում

Առյուծը բարությամբ է համակվել,

Որ հաշտվել են նապաստակն ու գայլը,

Եվ սկյուռիկը կաղիններ է կուտակել:

Պատմեմ, որ լայնարձակ բացատում

Ազատ ու անվտանգ է եղջերուն,

Որ փայտփորը թակում է ծառի բունը,

Եվ թակոցն այդ լսվում է լանջերում:

Պատմեմ, որ անդորր է անտառում,

Անգամ կանգ է առել ժամանակը,

Որ Երազը՝ ոսկեհեր մի աղջիկ,

Տանում ու բերում է ճոճանակը:

Պատմեմ, որ չկա ցավ ու վիշտ,

Մարդիկ ներդաշնակ են բնությանը,

Չեն սպանում իրար, չեն ատում`

Նվիրված Սկզբնական էությանը:

Գլուխդ դիր բարձին, թանկս,

Սրտիկս սրտիդ ղողանջին՝

Պառկեմ կողքիդ և կամաց

Հեքիաթներ շշնջամ ականջիդ:

Իսկ ․․․ հեղափոխության հույսով, հավատով լցված մայրը այսօր հիասթափված ու վախեցած գրում է․

Nare Grigoryan
ԱՍՏՎԱԾ ՄԻ ԱՐԱՍՑԵՙ ՈՐ ԻՄ ԲՈՂՈՔԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՐԵՎԵ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱ ԻՆՁ ԿԱՄ ԻՄ ԵՐԵԽԱՅԻՆ: ԿՀԱՆՁՆՎԵՄ ՈՐԵՎԵ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿՈՐՑՆԻ ՄԵԿ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐ ԵՎ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՄԲԱՎԸ։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X