Ցմահ դատապարտյալի «Երկրաչափական սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը

Երեւանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում սեպտեմբերի 20-ից բացվել է ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի «Երկրաչափական սիմֆոնիա» խորհագիրը կրող ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է նկարչի հարազատների նախաձեռնությամբ եւ պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի աջակցությամբ: Մեզ հետ զրույցում Զոհրաբյանի մայրը` Ազգանուշ Գրիգորյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված են որդու շուրջ մեկ տարվա աշխատանքները` 20 նկար, որոնք արված են string art ոճով եւ իրենց մեջ ներառում են տիեզերական ու երկրաչափական պատկերների ներդաշնակ միաձուլում: Մեր հարցին, թե արդյոք քրեակատարողական հիմնարկում կա՞ն համապատասխան պայմաններ նկարելու համար, տիկին Ազգանուշը պատասխանեց․ «Չգիտեմ։ Ուղղակի չեն խոչընդոտում, թույլ են տալիս, որ նկարի»։

Արդեն շուրջ 10 տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Զոհրաբյանը չունի նկարչական կրթություն եւ նկարել սկսել է ինքնուս՝ վերջին տարիներին։ Մայրը նշեց, որ այժմ որդին հեռակա կարգով սովորում է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Չցանկանալով մանրամասներ հայտնել որդու ցմահ ազատազրկման հանգամանքների վերաբերյալ՝ նշեց, որ հույս ունի, թե նոր իշխանությունների օրոք ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերը կվերաբացվեն եւ նոր ընթացակարգով կհասնեն արդար դատավճիռների։ Նա հույս հայտնեց, որ ցուցադրությունները կունենան շարունակական բնույթ։ Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 30-ը:

Մեկնաբանություն
X