Մեկը պիտի մեխը խփի՞, թե ոչ

Սպիտակավանում կանաչի վաճառելն ամոթ բան էր համարվում: Գյուղացին ինչքան էլ նեղ վիճակում լիներ, միեւնույն է, իր տնամերձի կանաչին չէր վաճառում: Անհատույց քաղի՝ ինչքան ուզում ես, բայց չէր վաճառի… Նրա վաճառքի հիմնական կուլտուրան կաղամբն ու կարտոֆիլն են, իսկ ով տանձ ու խնձոր ունի, նաեւ դա է վաճառքի հանում: Վաչիկը մի առիթով պատմեց, որ Ուկրաինայի Կրասնայա լուչ գյուղաքաղաք մի մեքենա կաղամբ է տարած եղել, դեսուդեն է նայել, թե շուկայի մոտ ով ապահով մի տեղ կտա: Մեկ էլ հավաքվածներից մեկն ասել է. «Հենա գալիս է ու էժան գնով էլ տալիս է»: Նրանց է մոտեցել սեւ ցիլինդրով, ցանցառ մորուքուվ, սեւ սուրթուկը հագին մեկը: Բարեւել են իրար, ասել է, որ վարձով տրվող նկուղային իր սենյակները չնայած արդեն զբաղված են, սակայն շուկային ամենամոտ գտնվող սարայն ազատ է: Վաչիկը մտել է փայտյա այդ տնակը, աչքի անցկացրել, ասել՝ հարմար է: Քիչ հետո սարայատերը եկել է՝ պայուսակում մի 10-15 դռան կողպեք, ասել` որն ուզում ես, ընտրի:

Առաջին անգամ չէ, որ Հայաստանից դուրս կաղամբ ու կարտոֆիլ է տարել: Իր հետ միշտ կողպեք, մուրճ եւ այլ մանր-մունր բաներ էլ է վերցրել: «Մեկ էլ աչքս ընկավ, տեսնեմ՝ փոքր մի դուռ կա, որը ետնամասից է բացվում»,- պատում էր Վաչիկը: «Այսինքն՝ ցանկացած պահի որեւէ մեկը կարող է ներսուդուրս անել: Տեսնելով այս՝ տախտակը դեմ տվի, ներսից էլ մի լավ մեխեցի ու ամբողջ կաղամբը հենց այդ կողմի վրա դասդասեցի: Էս մեր տանտերը երբ մոտեցավ եւ տեսավ, հարցրեց, թե ինչու եմ հենց այդ կողմի վրա դասել, իսկ մեջտեղի մասն ազատ թողել։ Ասացի, որ շուկա տանելուց առաջ կաղամբի ավելորդ թփերն այդտեղ պիտի կտրեմ: Հանգստացավ, համոզվեց, քանի որ պատասխանը տրամաբանական էր: Մի օր էլ ինքս ինձ ասացի՝ սա որ սարայի հետնամասում անցք ուներ, չի բացառվում, որ նկուղների պատուհանների հետ մի բան արած լինի: Հատկապես այստեղ Սուխումից մանդարին ծախողներ կային, որոնց մեջ մի հայ կար, ում իմ գլխին եկածը պատմել էի… Նրա հետ առաջին պատուհանի ճաղերից վեր քաշեցի՝ ամուր էր, երկրորդը ներս հրեցի՝ ամուր էր, երրորդը մի քիչ սեղմեցի, ներսից բացվեց: Էս մեր սուխումցի հայը քար կտրեց՝ ասելով. «Ախր հաշվում-հաշվում եմ՝ զգում եմ, որ մի բան պակաս է»»: Վաչիկ, դու Վաչիկ, էս պատուհանն էլ է ամուր մեխում, եւ երկու հայ որոշում են ձայն չհանել:

«Մի օր տանտիրոջն ասացի,- պատմում է նա,- որ մոտակա ռեստորանի հետ խոսել եմ, 2 պարկ կաղամբ են ուզել, նրան խնդրեցի իր պարկերից երկուսը տալ: Մերժեց, այն էլ շատ չոր տոնով… Հասկացա, որ ամեն ինչից տեղյակ է… Նրա սեւ գործը, փաստորեն, կանխել էի: Երբ կաղամբի վաճառքը պրծա, որոշեցի գնալ ու շնորհակալություն հայտնել, իբրեւ թե ոչինչ էլ չի պատահել: Լուռ ինձ նայեց ու գլխով արեց…»։

Հիմա մերն է: Երեսուն տարի երկրի ետեւի դռներից տարել են, պատուհանից տարել են, երդիկից տարել ու թալանել են… Գոնե լռել է պետք...

Եվ վերջապես՝ մեկը պիտի լինի՞, որ էս տան պատը մեխի…

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X