Երևանցիներ, դուք լավ չե՞ք

Անկեղծորեն խոստովանեմ` մտածում էի, որ Երեւանի ավագանու (ավագների խորհրդի) սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունները շատ ավելի հետաքրքիր արդյունքներ կարձանագրեին, քան նախկինում էր: Բայց, ցավոք, հրաշք տեղի չունեցավ: Ես այսպես կասեմ` մի «տոկոս խփողին փոխարինեց մեկ ուրիշ տոկոս խփող: Միայն թե չասեք, որ այս անգամ տոկոս խփողը ժողովուրդն է եղել: Նույն ժողովուրդն է տոկոս խփել նախընթաց բոլոր ընտրություններում, այդ նույն ժողովրդի ձեռքով քվեատուփ նետված թերթիկներով է կերտվել մեր վերջին 30 տարվա պատմությունը՝ իր հակասական ընթացքներով եւ զարգացումներով:

Ասում են` ժողովուրդը երբեք չի սխալվում: Ես հակառակը չեմ պնդում, իմաստ չունի: Բայց երեւանցիների հետ մի քանի հարցի շուրջ կուզենայի զրուցել` կապված վերջին ընտրությունների հետ: Նախ` եկեք թվերի հետեւից չընկնենք, թե Հայկոյին մեծամասնությունը չի ընտրել: Այդ «մեծամասնությունը», որ չի մասնակցել ընտրություններին, իմ կարծիքով, այն նույն անտարբեր զանգվածն է, որ միշտ էլ թմբիրի մեջ է լինում քաղաքական գործընթացների ամենաբուռն օրերին նույնիսկ: Այլ խոսքով` «յա կա, յա չկա»: Ազգությամբ հայ անտարբերին ակտիվացնելու համար կա՛մ ատոմային ռումբ է պետք, կա՛մ չոր փող: Նիկոլ Փաշինյանը ո՛չ մեկն ունի, ո՛չ էլ մյուսը: Բայց ինչ է, հո Մարսից մարդ չբերե՞ց: Եվ, ուրեմն, ինչպե՞ս տոկոս խփեց: Ընդունենք, որ մեր հասարակության ակտիվ հատվածը գնաց եւ ձայն տվեց Հայկոյին: Բայց 81 տոկոսը կատակ չէ, ինչպես հասկանում եք: Դա լուրջ թիվ է նույնիսկ Ադրբեջանի, Ղազախստանի եւ Բելառուսի նման երկրների նախագահների համար:

Ես կասեի` «մալադեց», Հայկո, բայց վախենամ` շատ ծիծաղելի լինի դա, որովհետեւ իսկապես չգիտեմ, թե այս ընտրություններին ուր էին անհետացել ընդամենը մեկ տարի առաջ Երեւանում տոկոս խփած տղերքն ու նրանց ընտրազանգվածը: Մարդ կա` ասում է՝ տանը նստած են եղել, ոչնչի չեն խառնվել: Լավ, էլի, դուք էլ հո Շարմազանովն ու Աշոտյանը չե՞ք:

Քարոզարշավի օրերին, որպես ավագանու թեկնածու, բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել ընտրողների հետ, հայտնվել ամենաաներեւակայելի իրավիճակներում: Նույնիսկ այն երեկոներին, երբ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր ասֆալտին փռել ու պատերով տալ նախկին իշխանությունների մեծավորներին, ես գլուխս կախ իմ գործին էի` մտածելով, որ Երեւանի բոլոր բնակիչները, այդ թվում եւ ՀՀԿ-ականները, ունեն ընտրելու իրավունք եւ կարող են առաջին անգամ իրենց ազատ կամքն արտահայտել քաղաքապետի ընտրություններում: Մի՞թե ոչինչ չեն արել: Ինչ է, ՀՀԿ-ականների սիրտը չէ՞ր ցավում մայրաքաղաքի համար, թե՞ ՀՀԿ-ն չէ, որ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ այնպիսի լծակ է կորցնում, ինչպիսին Երեւանն է: Այսուհանդերձ, ներքուստ անհանգիստ էի, որ ՀՀԿ-ի պասիվության պատճառով ավագանու ընտրությունների մասնակիցների թիվը մեծ չի լինելու, ինչը կարող էր նաեւ հետաքրքիր պատկեր ստեղծել արդյունքների առումով: Բայց` ոչ: Օրվա արդեն առաջին 3 ժամերին պարզ էր, որ ես ՀՀԿ-ի պասիվության հարցում սխալվել եմ, իսկ ժամը 20:00-ից հետո, երբ հանվում էին առաջին քվեաթերթիկները, կարելի էր հստակ պատկերացում կազմել այն մասին, թե որ ուղղությամբ է եղել ՀՀԿ-ի ակտիվությունը:

Սեպտեմբերի 23-ին հեռուստացույցը ողջ օրը ցուցադրում ու խոսում էր Հայաստանում տեղի ունեցած առաջին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների մասին: Իսկապես, ամեն ինչ ազատ էր, արդար եւ մանավանդ՝ թափանցիկ: Ոչ մի թվանկարչություն: Պարոն Մուկուչյան, շնորհավորում եմ: Պարոն Օսիպյան, բառեր չեմ գտնում ոստիկանության աշխատանքը գովելու համար: Ցուցակներն իդեալական էին: Սիրելի ԱԺ պատգամավորներ, դուք ուղղակի կյանք եք: Դուք մի քանի ժամում այնպես քրեականացրեցիք Ընտրական օրենսգիրքը, որ աշխարհին թվաց, թե Հայաստանի կեսը կաշառք տվող ու վերցնող ընտրակեղծարար է: Մի խոսքով` ամեն ինչ հրաշալի է: Բայց ինձ թվում է, որ ավագանու ընտրությունների մեխն այս մանրուքները չեն: Իմ կարծիքով` կան ավելի մեծ բաներ, որոնցից մեկն էլ 81 տոկոսանոց քաղաքապետն է, երեւի միակը ողջ աշխարհում:

Միահեծան իշխանությունը միշտ էլ մտահոգիչ է: Դա, սովորաբար, երկու բանի մասին է խոսում`կա՛մ երկրում տիրող բռնապետության, կա՛մ ընտրողների շրջանում պսիխոզի առկայության: Մեր դեպքում ես կբացառեի երկուսն էլ, բայց հենց մեր դեպքում կա «Հայկոյի միապետության» ձեւավորման երրորդ պատճառը, ՀՀԿ-ի հերթական (կարծեմ`թվով 4-րդ) «ինքնալուծարումն» ու սահուն ճամբարափոխությունը:

Ներողություն, բայց երեւանցիներին պիտի հարցնեմ` դուք լավ չե՞ք, թե՞ որոշել եք սկիզբ դնել միահեծան իշխանության մի նոր «դարաշրջանի», որի ընթացքում կհասցնեք զզվել հերթական միապետից:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X