Մեր ժողովուրդն այս ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ ժողովուրդ էր և ոչ թե «տռաս հանած» խեղճուկրակ

Ինչպե՞ս է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները Հայաստանի պատմության մեջ, հատկապես որ մասնակցող 12 քաղաքական ուժերից մեկը՝ «Իմ քայլը» դաշինքը, ստացավ երեւանցիների առավելագույն քվեն՝ 81 տոկոսը։ «Հակառակ մեր մեջ նստած 2000-ամյա ագռավի կռկռոցի (արա, սրանք փորձ չունեն, սրանք ջահել են, սրանք սխալներ են անում, սրանք չեն կարում մարդ բռնեն), այ, «սրանք» հրաշալի ընտրություն անցկացրին։ Մեր ժողովուրդն այս ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ ժողովուրդ էր եւ ոչ թե, կներեք, «տռաս հանած» խեղճուկրակ, որին առաջարկում էին 10 հազար դրամ, իսկ 12 հազար առաջարկողները գլուխ էին գովում իրենց առատաձեռնության համար»: Ի՞նչ սպասելիքներ ունի նոր քաղաքապետ Հայկ Մարությանից։ «Իր ընտրվելն արդեն սպասելիք էր: Ազնիվ մարդը պետք է ազնվության մթնոլորտ ապահովի, մնացածն ինքնըստինքյան կգա՝ իբրեւ դրա հետեւանքը: Քաղաքական կամ պետական գործիչը նա է, ով քաղաքական կամ պետական մեքենայի ինքնապիլոտ է ապահովում: Ես Հայկ Մարությանին չեմ կասկածում»: Կա՞ն խնդիրներ, որ կուզեր՝ նոր ավագանին եւ նոր քաղաքապետը դրանց առաջնահերթ լուծում տային։ «Այո, վերջ տալ եւ ջնջել մեր քաղաքի պատերին վերջին 20 տարում ամրացված բոլոր այն ցուցանակները, որոնք ամոթով ես կարդում եւ որոնք կարդալիս այն տպավորությունն ես ունենում, որ մենք կագեբեիստների, ժեկի պետերի, գոսպլանների նախագահի տեղակալների ու զանազան այլ կրծողների ժողովուրդ ենք: Երկրորդն էլ կա՝ վերացնել մեր քաղաքի ճարտարապետական կոթողների տանիքներին կառուցված գոմերն ու հավանոցները»,- ընդգծեց Հակոբ Մովսեսը:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ քաղաքը բարդ օրգանիզմ է, դա մեր ե՛ւ ներկան է, ե՛ւ անցյալը, ե՛ւ ապագան։ Իսկ նոր քաղաքապետն էլ պետք է տիրապետի բոլոր խնդիրներին՝ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային, որպեսզի կարողանա քաղաքը ղեկավարել․ «Շատ լավ կլիներ, իհարկե, որ մարդն ի սկզբանե տիրապետեր բոլոր այդ տնտեսությանը, բայց եթե չունի այդ փորձը, ես իրեն խորհուրդ եմ տալիս՝ համալրել իր թիմը գիտակ մարդկանցով, ովքեր տեղյակ են, բանիմաց, պարտադիր չէ, որ բոլորը կուսակցականացված լինեն։ Կան մարդիկ, որ երբեք կուսակցական չեն եղել եւ չեն ուզում մտնել քաղաքականության մեջ, բայց պրոֆեսիոնալներ են։ Թող իրեն շրջապատի նման մարդկանցով, որովհետեւ Երեւանում խնդիրներն իրոք շատ են։ Դա մի օրվա լուծելու խնդիր չէ, դա ուսումնասիրելու եւ եղած հնարավորություններն օգտագործելու խնդիր է»։

Ինչ վերաբերում է ընտրություններին, Մուշեղյանն ասում է, որ ժողովուրդն ընտրել է այնպես, ինչպես ուզել է, եւ ոչ մի ստիպողական բան չի եղել։ «Այսինքն՝ դա եղել է ժողովրդի ընտրությունը, ժողովուրդն է նախընտրել այդ թեկնածուին, իսկ եթե նախընտրել է, ուրեմն պետք է նաեւ աջակցի, որպեսզի քաղաքը որպես քաղաք կայանա, եւ կարողանանք գոնե ինչ-որ չափով վերականգնել այն ավանդույթները, այն մայրաքաղաքը, որ ունեցել ենք՝ սկսած 60-ական թվականներից մինչեւ 80-ականների վերջ, որովհետեւ բավականին շեղումներ եղան, քաղաքը կորցրեց զարգացման իր ներդաշնակությունը»,- ասում է ճարտարապետն ու հավելում՝ քաղաքաշինական առումով շատ խնդիրներ կան, որ կուզեր, որ նոր քաղաքապետը դրանց լուծում տար․ «Խնդիրներ կան, որոնք շատերն են զգում, տեսնում, բայց ամենակարեւորն այդ խնդիրների լուծումն է, դրանց էտապները, առաջնայնությունը, իսկ այդ ամենը բխում է հնարավորություններից»։

Գուրգեն Մուշեղյանը լավատես է ու որպես դրա ապացույց՝ մի ասացվածք է պատմում․ «Մի մշեցի գյուղ է գնում, ու ճանապարհին եզը սատկում է։ Մտածում է՝ միսը չի կարող տանել, ասում է՝ գոնե մաշկը տանեմ, երեխաներիս համար տրեխներ կարեմ՝ հագնեն։ Այդ ծանրությունը դնում է շալակին, գնում է ու ասում՝ երանի թե եզի սատկելը սուտ դուրս գար։ Այսինքն՝ ինչքան լավատես է, որ եզը սատկել է, բայց մեկ է, ասում է՝ երանի թե եզի սատկելը սուտ դուրս գար»։

Ճանաչված դերասան Աշոտ Եդիգարյանն իր ընտրությունն արել է 9/47 տեղամասում՝ բարձր տրամադրությամբ։ «Շատ հանգիստ, նորմալ, սուսիկ-փուսիկ վիճակ էր, մարդկանց մեջ ներվ չկա՝ լավ իմաստով։ Այսինքն՝ այն լարվածությունը, որ առաջ տեսնում էինք ընտրությունների ժամանակ մարդկանց աչքերի մեջ, թե ում ընտրեցիր, նույնիսկ իրար աչքով-ունքով էին անում, հիմա այլեւս դա չկար։ Առանձնապես հերթ չկար, մեկումեջ մարդիկ մտնում էին, սիրուն, կուլտուրական, տակտով իրենց ընտրությունը կատարում ու դուրս էին գալիս, ինչն ինձ շատ ուրախացրեց»,-ասում է դերասանն ու նշում, որ խաղաղ մթնոլորտ էր տիրում թե՛ ընտրատեղամասում, թե՛ դրանից դուրս․ «Փառք Աստծո, գոնե մի անգամ նորմալ ընտրություններ կտեսնենք, ավելի ճիշտ՝ արդեն տեսանք»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X