Ռեֆորմիստները նեղացած չեն, հայկազուններն էլ պատճառներն են վերլուծում

Ավագանու ընտրությունների վերջնահաշվարկից հետո պարզ դարձավ, որ Երեւանի նոր ավագանին «եռագույն» է լինելու․ 81.6 տոկոս քվե հավաքեց «Իմ քայլը» դաշինքը, 6. 61 տոկոս՝ ԲՀԿ-ն, եւ 4.98 տոկոս՝ «Լույս» դաշինքը, մինչդեռ մի շարք քաղաքական ուժերի չհաջողվեց հաղթահարել 1 տոկոսի շեմը։

Ռեֆորմիստների կուսակցությունը 171 ձայնով հավաքեց 0.19 տոկոս։ Կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը մեզ հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչու իրենք այդքան քվե հավաքեցին, սակայն կարծում է, որ պետք է հարգել ժողովրդի ցանկությունը․ «Ես դժվարանում եմ կոնկրետ ասել, թե ինչ տեղի ունեցավ։ Իհարկե, այլ ակնկալիքներ ունեի, այլ սպասելիքներ ունեի, բայց, երեւի թե, ժողովրդի ընդհանուր ուղղությունը հակված էր դեպի 7-րդ համարը, եւ պետք է հարգել ժողովրդի ցանկությունը, ուրիշ բացատրություն ես չունեմ։ Լիովին համամիտ եմ, շատ բարի, կիրթ ձեւով անցավ, ոչ մի խնդիրներ չեղան, մարդիկ նորմալ գնացին, քվեարկեցին, քարոզարշավն էլ էր շատ լավ կազմակերպված՝ նկատի ունեմ պետական մակարդակով, որեւէ խոչընդոտներ չեն եղել, հավասարաչափ լուսաբանվել ենք լրատվամիջոցների կողմից։ Ես դրական եմ գնահատում ու սրտիս մեջ նեղվածություն չունեմ, ես չեմ դժգոհում»։ Ավետյանին հարցրինք նաեւ, թե ինչ կարծիք ունի 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի մասով։ «Եթե 2-րդ եւ 3-րդ տեղերը տվյալ կուսակցություններն են, ուրեմն ժողովուրդը քվեարկել է, ընտրակաշառքների կամ ինչ-որ լցոնումների դեպքեր տեղի չեն ունեցել, իրապես մարդիկ հակված են 2-րդ եւ 3-րդ տեղերում տեսնել տվյալ կուսակցություններին։ Եվ ես սա ընդունում եմ եւ նորմալ եմ համարում»։

Իսկ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են Ռեֆորմիստները մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Ավետյանը պատասխանեց․ «Քանի որ ես կուսակցական չեմ, պարզապես առաջադրվել եմ Ռեֆորմիստների կուսակցության կողմից, դժվարանում եմ ասել, թե հաջորդ քայլը որը կլինի, ինչ կորոշի անել կուսակցությունը, ինչ ուղղությամբ կգնա։ Ամեն դեպքում, ես հիմա զբաղվելու եմ իմ շինարարական աշխատանքով, կինոգործունեությամբ, այսքանը կարող եմ ասել։ Ես դեռ, ճիշտն ասած, չեմ մտածել այդ հարցի շուրջ, որովհետեւ 2 շաբաթվա այս լարվածությունը, հանդիպումները, մարդկանց հետ շփումները, ուղեղս ուրիշ բանով էր զբաղված, դեռ չեմ էլ մտածել այդ մասին։ Հիմա ուզում եմ, կոմպյուտերային լեզվով ասած՝ «ռեստարտ» լինել, զբաղվել իմ շինարարական գործով եւ կինոյով։ Որոշ ժամանակ հետո արդեն թարմ ուղեղով կմտածեմ»։

Ամենաքիչ՝ 0.15 տոկոս քվե հավաքած Հայք (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման ցածր արդյունքի պատճառն այն է, որ իրենք լավ չէին ընտրել իրենց մարտավարությունը, եւ այն մարդիկ, ում վրա հույս էին դրել, մեծ մասամբ չեն գնացել քվեարկելու․ «Ըստ երեւույթին՝ մենք սխալ կազմեցինք մեր մարտավարությունը, այսինքն՝ այն ակնկալիքները, որ մենք ունեինք քաղաքի տարբեր մասերից, բավականին բարձր էին, բայց այնպես ստացվեց, որ մարդիկ պարզապես չգնացին քվեարկելու»։ Նկատի ունեք, որ եթե 43 տոկոսից ավելի քաղաքացիներ մասնակցեին ընտրություններին, դուք ավելի՞ բարձր արդյունքներ կգրանցեիք։ «Մենք պատճառները դեռ չենք ուսումնասիրել, բայց ում վրա որ մենք հույս էինք դնում ու գիտեինք, որ գնալու են քվեարկելու, իրենց մեծ մասը չի գնացել։ Պատճառներն ենք ուզում ուսումնասիրել, մենք անպայման դրան կանդրադառնանք։ Այսօր բոլոր քաղաքական ուժերն էլ վերլուծում են պատճառները, կարծում ենք, որ պատճառներից մեկը դա է եղել»։

Հովսեփյանի խոսքով՝ ընտրությունները թափանցիկ են անցել, գիտեին, որ Հայկ Մարությանը բարձր արդյունքներ կգրանցի, սակայն ո՛չ ձայների նման տարբերությամբ․ «Ընտրություններն անցան թափանցիկ, նորմալ։ Ես ակնկալում էի, որ «Իմ քայլը» բարձր տոկոս կվերցնի, բայց այսպես շռնդալից չէինք պատկերացնում։ Բայց դա մեկ լավ բան է հուշում, որ ժողովուրդն այս անգամ էլ շանս տվեց, այն ժամանակ կանգնեցին, չէ՞, Փաշինյանի կողքը, այս անգամ երկրորդ շանսը տվեցին»։ Նկատի ունենալով, որ պատրաստվում են արտահերթ ԱԺ ընտրություններ՝ Գեւորգ Հովսեփյանին հարցրինք, թե ինչ է կարծում՝ ժողովուրդը 3-րդ շանսը կտա՞ Նիկոլ Փաշինյանին։ «Ես կարծում եմ, որ կաշխատեն այդ ընտրությունները շուտ անել, քանի որ, չասեմ ոգեւորություն, հավատը որ կա, հօգուտ Փաշինյանի է, իսկ եթե շուտ անեն, կարծում եմ՝ 3-րդ շանսն էլ կտան։ Դա կախված է նրանից, թե այս ընթացքում ինչ փոփոխություն կտեսնի ժողովուրդը»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X