Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատի տվել Արթուր Վանեցյանին և Արա Պապյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատի է տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին եւ «Մոդուս վիվենդի» կազմակերպության նախագահ Արա Պապյանին։ Նա դատական հայց է ներկայացրել զրպարտության հոդվածով՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել նրանց կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Քոչարյանն Արթուր Վանեցյանից էլ, Արա Պապյանից էլ հերքումից զատ նաեւ փոխհատուցում է պահանջում՝ 2-ական միլիոն դրամի չափով։ Հայտնի է նաեւ, որ Վանեցյանի դեմ քաղհայցը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։

Թե ԱԱԾ տնօրենի ու քաղաքագետի որ արտահայտություններն են վրդովեցրել Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակին, որոնք նա զրպարտություն է համարում, դատական հայցերում նշված չէ։ Այս փաստը Քոչարյանի փաստաբանները դեռեւս գաղտնի են պահում եւ չեն ուզում մանրամասնել։ Քոչարյանների շահերի պաշտպան Սարգիս Գրիգորյանը, ով զբաղվում է նաեւ Սեդրակ Քոչարյանի հայցերով, մեզ հետ զրույցում երեկ ասաց, որ գործը շատ նախնական փուլում է, եւ հիմա նախընտրում են դեռ տեղեկություն չտրամադրել, մինչեւ որ այն վարույթ կընդունվի, եւ դատական նիստը կնշանակվի։ Այդ ժամանակ իրենք լրացուցիչ մամուլի հաղորդագրությամբ հանդես կգան։ Մենք հարցրինք՝ ԱԱԾ տնօրենի դեպքում արդյոք զրպարտանքը Վանեցյանի՝ «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքով ձեռք բերելու մասին հայտարարությո՞ւնն են համարել։ Մեր զրուցակիցը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այս տեղեկությունը․ «Ո՛չ «հա» եմ ասում, ո՛չ «չէ» եմ ասում, բայց խոստանում եմ, որ պարզաբանում հետագայում անպայման ներկայացնելու եմ»։

Անկախ նրանից, որ Սեդրակ Քոչարյանի կողմից չեն ցանկանում այս պահին մանրամասնել հայցերի բովանդակությունը, մենք պարզեցինք, թե Վանեցյանի եւ Պապյանի կոնկրետ որ արտահայտությունները կամ հայտարարություններն են դատական հայցի առիթ տվել։ ԱԱԾ տնօրենի դեպքում խոսքը, ըստ նախնական տեղեկությունների, նրա եւ ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում հնչեցված այն միտքն էր, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։

Իսկ Արա Պապյանի դեպքում դատական հայցի առիթ է հանդիսացել օգոստոսի 17-ին «Lragir.am» կայքին տված հարցազրույցում արտահայտած հետեւյալ միտքը․ Պապյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վարած սխալ տնտեսական քաղաքականության մասին, ասում է․ «Միգուցե, եթե այդ քաղաքականությունը ճիշտ լիներ, Հայաստանի տնտեսությունը ոչ թե 8 անգամ, այլ 18-20 անգամ զարգանար։ Ես՝ ինքս, բավականին շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ՝ Մոսկվայից եկած ներդրողներին, ուղղակի ֆիզիկապես ծեծելով՝ ձեռքներից խլել են բիզնեսը եւ ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի՝ անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»։

Այս դատական հայցերը Սեդրակ Քոչարյանը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին։ Ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր դեմ դատական հայցից երեք օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, «Հրապարակին» տված հարցազրույցում, որը լույս է տեսել սեպտեմբերի 21-ի համարում, հատուկ անդրադարձել էր թեմային․ «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված»։ Ընդ որում, նա այս ճշտումն արեց՝ անկախ մեր հարցից, ուղղակի այդ պահին հիշեց եւ որոշեց առիթն օգտագործել ու ճշգրտել իր խոսքերը։ Թերեւս նա արդեն տեղյակ էր, որ իր դեմ նման դատական հայց է նախապատրաստվում, կամ «սիրտն էր վկայում»։

Նկատենք, որ Քոչարյանների ընտանիքն առաջին անգամ չէ, որ դատական պրոցեսների մեջ է ներգրավվում։ Նրանք իրենց քննադատներին դատի տալու վաղեմի փորձ ունեն․ մի շարք թերթերի, այդ թվում՝ «Հրապարակ» օրաթերթի դեմ եւս դատական հայց էին ներկայացրել ժամանակին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X