ՀՀԿ-ի «գազելներն» ու Փաշինյանի կոչերը հավասարազո՞ր էին

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որն իրականում դարձավ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության հանրաքվե, էականորեն տարբերվեցին մեկ տարի առաջ ավագանու հերթական ընտրություններից։ Ի տարբերություն 2017-ի, արտահերթ ընտրություններին այս անգամ դերակատարում չունեցան հին, փորձված մեթոդները՝ ցուցակներ, փող, մոբիլիզացիա, վարչական ռեսուրսի օգտագործում, կարիքավոր մարդկանց ուղղորդում, «գազելներով» փոխադրում եւ այլն։ Ընտրատեղամասեր չբերվեցին տեղաշարժվելու անընդունակ տարեց հաշմանդամներ, ծեր թոշակառուներ, էական ընտրախախտումներ չգրանցվեցին։ Դրանցից ամենածանրակշիռն ընտրական հանձնաժողովի անդամներին «պիցցա» եւ հյութեր հյուրասիրելու դեպքերն էին։ Իսկ թվային արտահայտությամբ ինչո՞վ էին տարբերվում մեկ տարի առաջ եւ նախօրեին տեղի ունեցած ավագանու ընտրությունները։ Այսպես․ եթե 2017-ին պայքարին մասնակցելու հայտ էին ներկայացրել ընդամենը երեք ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք»-ը եւ «Երկիր ծիրանին», ապա 2018-ի արտահերթ ընտրությունների մասնակիցները 12-ն էին, սակայն ուշագրավ է, որ երկու ընտրություններին էլ միայն երկու ուժ հաղթահարեց անցողիկ շեմը, իսկ երրորդն ավագանի է անցնում օրենքի պարտադրանքով, քանի որ ՀՀԿ-ի գրած Ընտրական օրենսգրքի ու բոնուսային համակարգի դեպքում առնվազն երեք ուժից պետք է բաղկացած լինի Երեւանի ավագանին։ Ի դեպ, այս տարի ընտրողների թիվը 6 հազարով ավելացել էր, իսկ ընտրություններին 25 հազար ավելի մարդ մասնակցեց, քան անցած տարի։ Այդուհանդերձ, քննադատությունների հիմքում մասնակցության ցածր ցուցանիշն է՝ մոտ 43 տոկոս, որը 3 տոկոսով ավելին է, քան 2017-ին։

2017-ի ընտրությունների արդյունքները հետեւյալ պատկերն ունեն․ ՀՀԿ-ն ստացել էր 71,25 տոկոս ձայն կամ 240 հազար 36 քվե, կամ 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոս կամ 70 հազար 731 քվե՝ 13 մանդատ, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26 հազար 109 քվե՝ վեց մանդատ։ Արտահերթ ընտրությունների նախնական պատկերը հետեւյալն է․ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.05 տոկոսը, ըստ ամենայնի՝ կստանան 56 մանդատ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններից ձեւավորված «Լույս» դաշինքը ստացել է 18 հազար 112 ձայն կամ ձայների 4.99 տոկոսը։ Մյուս ուժերը չեն հաղթահարել 2 եւ 1 տոկոսի շեմը։ Վերջնական արդյունքները կամփոփվեն 7 օր անց՝ սեպտեմբերի 30-ին։

2017-ին Տարոն Մարգարյանի շտաբի պետ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի համար անակնկալ չեն այսօրվա արդյունքները։ Նա հիշեցնում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցն է դրել՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս, նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ «Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը, քանի որ երեւանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ընտրությանը 40%-ից ավելի մասնակցություն էր եղել։ Այսինքն՝ նմանատիպ ճիգերը ցույց տվեցին, որ մեծ տարբերություն չկար, այն դեպքում, որ Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ մասնակցում էր 3 ուժ, հիմա՝ 12 ուժ։ Այնպես որ, պարոն Փաշինյան, ժողովուրդը քեզ մերժեց, էն, որ ժողովրդի անունից խոսում էիր, 43%-ն է ընդամենը լսել քո կոչը»։ Դիտարկմանը, որ նախորդ ընտրություններին մարդկանց ստիպողաբար «գազելներով» են հասցրել ընտրատեղամասեր, որով էլ բացատրվում է մասնակցության ակտիվությունը, Շարմազանովը հակադարձեց․ «Փաստորեն, ՀՀԿ-ի «գազելներն» ու Փաշինյանի այդ կոչերը հավասարազոր էին»։

Շարմազանովի խոսքով՝ երեւանցին արտահերթ ընտրություններին զրկեց Փաշինյանին ողջ ժողովրդի անունից խոսելու մենաշնորհից․ «Արդյունքների առումով սպասելի էր, որ իրենք էին հաղթելու, որովհետեւ ոչ թե ծրագրային, ոչ թե թեկնածուների ընտրություն գնաց, այլ տեղի ունեցավ ճնշում, իշխանության լծակների բանեցում, որի մասին խոսեցին նաեւ իր հետ համագործակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները»։ Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրությանը գրանցած հաղթանակից հետո ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գալու է ու քաղաքական դաշտի հետ բանակցություններ սկսի ԱԺ-ն լուծարելու եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։ Շարմազանովը, սակայն, շարունակում է պնդել, որ արտահերթ ընտրության հիմքեր չկան, ՏԻՄ ընտրությունները կապ չունեն խորհրդարանականի հետ․ «Տարոն Մարգարյանը 70 տոկոս ձայն էր հավաքել, ի՞նչ, ասեինք՝ բերեք արտահերթ ընտրությո՞ւն անենք, խորհրդարանում մեզ 70 տոկո՞ս տվեք»։ Նա հիշեցնում է՝ ԱԺ-ն, ըստ Սահմանադրության, ձեւավորվում է 5 տարին մեկ, իսկ խորհրդարանը լուծարելու հիմքերը Սահմանադրության մեջ գրված են։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X