Արտահերթ ընտրություններին համաձայնելը Հանրապետականի համար ինքնասպանություն կլինի

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ սոցիոլոգները կանխատեսումներ էին անում, իսկ երեկ՝ ընտրությունից հետո, արդեն համեմատում էին իրենց կանխատեսումներն իրողությունների հետ, որոշում, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ։

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն արձանագրեց իր մրցակցի՝ GALLUP-ի սխալները։ «GALLUP-ի կանխատեսումներով, ընտրությանը պետք է մասնակցեր ընտրողների 71 տոկոսը: Իրականում մասնակցել է մոտ 43 տոկոսը: «Իմ քայլը» պետք է ստանար 60 տոկոս, բայց ստացավ 81,06 տոկոս, ԲՀԿ-ն պետք է ստանար 9,2 տոկոս, «Լույսը»՝ 3,4 տոկոս, բայց ԲՀԿ-ն ստացավ 6.95 տոկոս, իսկ «Լույսը»՝ 4.99»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ եզրակացնելով, որ, փաստորեն, GALLUP-ը զգալիորեն սխալվել է։ Ահարոն Ադիբեկյանին մի քանի հարց ուղղեցինք։

-Դուք կանխատեսել էիք, որ ընդամենը երեք կուսակցություն կանցնի ավագանի։ Չէի՞նք կարող ավելի այլընտրանքային ավագանի ունենալ։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։

-Այո, ես կանխատեսել էի, որ երեք ուժ կարող է անցնել ավագանի, եւ այդպես էլ եղավ, բայց բաշխումը ձայների հարցականի տակ էր, որովհետեւ մասնակից ուժերի կարողությունների խնդիր կար։ Ընտրարշավը շատ կարճ էր։ Ընտրողները չէին ճանաչում մասնակիցների զգալի մասին, որ կարողանային ըստ արժանիքների ձայները տային։ Երկրորդը՝ կային իշխանական եւ ընդդիմադիր թեւեր։ Նախկինում հստակ գիծ կար՝ իշխանական թեւը ձայնը տալիս էր իշխանության ներկայացուցչի, ով որ ընդդիմադիր էր, տալիս էր ընդդիմությանը։ Ում համար որ երկուսն էլ անհետաքրքիր էին, նա չէր մասնակցում քվեարկությանը։ Հիմա բոլոր մասնակիցները ո՛չ ընդդիմադիր են, ո՛չ էլ իշխանական են, որովհետեւ «Իմ քայլը» եկել է իշխանության։ ՀՀԿ-ն ԱԺ-ում է։ Ընդդիմադիր դաշտը մնացել է անհասկանալի վիճակում։ Ո՞ւմ դեմ քվեարկեն, անհասկանալի է։

-Հայկ Մարությանի հաղթանակն ինչպե՞ս կբնութագրեք։ Ոմանք ասում են՝ «դեմի» հաղթանակ։

-Ընտրությունները Հայկ Մարությանին բերեցին հարաբերական հաղթանակ, որովհետեւ նրա ընտրողը երիտասարդությունն է եղել, որն այս անգամ մասնակցել է, իսկ առաջ շատ չէր մասնակցում։ Դա է պատճառը, որ մասնակցությունն ավելի շատ է եղել։ Երկրորդը՝ դա բացարձակ հաղթանակ չէր։ Նա հավաքել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ձայների 43 տոկոսը։ Այսինքն, մեկ երրորդը մոտ 850 հազար քաղաքացիների, որոնք ունեն ընտրելու իրավունք։ Եթե նույնիսկ 100 հազար հանենք, որոնք Երեւանում չեն, ստանում ենք 39-40 տոկոս։ Ուրեմն խոսել բացարձակ հաղթանակի մասին՝ իմաստ չունի։ Դա ընդհանրապես հարաբերական հաղթանակ է, բայց հաղթանակ է։

-Գոնե բացարձակ համարո՞ւմ եք այս հաղթանակը։

-Սա էլ է հարցականի տակ։ Նա լուրջ ընդդիմադիր մրցակից չուներ։ Նաիրա Զոհրաբյանը իր կին լինելով՝ չէր կարող տղամարդու հետ մրցեր։ Սա հայկական սինդրոմ է, չեմ ուզում մանրամասնել, որովհետեւ գործոնների թիվը շատ է, որը բացատրում է այս արդյունքը։ Ընտրողները շատ անգամ չգիտեին բոլոր մասնակիցներին ու ձայնը տալիս էին մի քանի հայտնիների։ Չկար ընդդիմություն, չկար իշխանություն, անսեռ քաղաքական դեմքեր էին հանդես գալիս, եւ եղավ այն, ինչ եղավ։

-ԲՀԿ-ն այս ընտրություններում քիչ ձայն հավաքեց, ուժ, որը նախկինում մեծ թվով համակիրներ ուներ։

-ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին երբեք չի մասնակցել։ Նա մասնակցել է ԱԺ ընտրություններին, եւ քանի որ գյուղական շրջաններում մեծ ծրագրեր է իրականացնում, ինքը ձայների զգալի մասը կարողանում է իր կողմը քաշել։ Երեւանում այս կուսակցությունը չունի ծրագրեր, բացի ուսանողական ծրագրերից, այն էլ կրկին մարզերի գրանցում ունեցող ուսանողներ են։ Երեւանում նա դեռ ոչինչ չի արել, որ կարողանա ձայն ունենալ այստեղ։ Բայց նրա ստացած տոկոսները վկայում են, որ նա, այնուամենայնիվ, մնում է քաղաքական վերնախավում։ Չնայած մի քիչ ավելի համեստ դիրքում ու հնարավորություններով, քան «Քաղաքացիական պայմանագրի» վրա հենված «Իմ քայլը»։

-Ի՞նչ կլինի ԱԺ ընտրությունների հեռանկարում։

-Հիմա Փաշինյանը կարող է ոգեւորվել՝ կարծելով, որ մարզերում ունենալու է նույն մեծամասնությունը, ինչ Երեւանում, բայց դա կարող է լինել խաբուսիկ։ Ամենակարեւորը հանրապետականների վերաբերմունքն է ընտրություններին։

-ՀՀԿ-ն կհամաձայնի՞ ԱԺ արտահերթ ընտրությունների։

-ՀՀԿ-ին պետք է համոզել, որ համաձայնի։ Եթե Փաշինյանը նույնիսկ փորձի հանել ԱԺ չափարները, որ հարյուր հազար մարդ բերի կանգնեցնի այնտեղ, այդ «ֆոկուսը» կարող է էլ չաշխատի։ Հանրապետականները լավ հասկանում են արտահերթ ընտրությունների հետեւանքները։ Դա կլինի սպանության, կամավոր ինքնասպանության փորձ Հանրապետականի համար։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X