Մինչ ԿԸՀ-ն փաստեր է հավաքում, Քննչականն արդեն նյութեր է նախապատրաստում

«ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր մի շարք օգտատերեր հրապարակեցին իրենց քվեարկած քվեաթերթիկի լուսանկարը։ Դրանց հիմնական մասում քվեարկությունը կատարաված էր «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Կային նաև ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվաթերթիկներ։ Նշենք, որ սա քրեաորեն պատժելի արարք է քվեարկության գաղտնիությունը խախտելու հոդվածով։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Hraparak.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ դա միանշանակ անթույլատրելի է։ «Առավոտյան, երբ առաջին հրապարակումները եղան «ֆեյսբուքում», մեր կողմից միանգամից դրա արձագանքը եղավ, որ դա անթույլատրելի է»,-ասաց Մուկուչյանը։

Նա, սակայն, դժվարացավ ասել՝ այս դեպքերի առթիվ արդեն կա՞ն վարույթներ իրավապահների կողմից, դժվարացավ ասել նաև, թե դա հատկապես ինչ իրավախախտում է ինչ պատիժ է դրա համար սահմանված։ Միայն վստահ պնդեց, որ միանշանակ իրավախախտում է։

«Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն է՝ սահմանված մեր օրենքով, և յուրաքանչյուրը պետք է պահպանի իր քվեարկության գաղտնիույթունը»,-ասաց ԿԸՀ նախագահը։

-Այսինքն՝ ԿԸՀ-ն ինքը՞ պետք է դրա համար միջոցներ ձեռնարկի, որ պատախսանատվության ենթարկվեն տվյալ անձինք, թե՞ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն։

-Ես կարծում եմ՝ էստեղ երևի թե կլինի նաև իրավապահ մարմինների արձագանքը, հակառակ դեպքում, գիտեք, քվեարկությունից հետո ԿԸՀ-ն անդրադարձ է կատարելու բոլոր դիմումներին, բողոքներին, հրապարակումներին և այլն, և, բնական է, յուրաքանչյուրի վերաբերյալ կլինի համապատասխան արձագանք։

-Օրինակ՝ Ձեր ղեկավարած հանձնաժողովը մոնիտորինգ անո՞ւմ է, հավաքո՞ւմ է այդ փաստերը, որ հետո դրանց ընթացք տա։

-Իհարկե, ամբողջը հավաքվում է, և ընտրություններից հետո դրանցից յուրաքանչյուրին համապատախան ընթացք է տրվում։

Հ․Գ․ Իսկ մինչ ԿԸՀ-ն կհավաքի այդ տվյալները, և Աստված գիտի, թե երբ և ինչ ընթացք կտա դրանց, դատախազությունն ու Քննչական կոմիտեն արդեն անցել են գործի։ Գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ Երևան քաղաքի դատախազությունը քվեարկած քվեաթերթիկների հրապարակման երեք դեպք արդեն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե՝ Քրեական օրենսգրքի 154 հոդվածի սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու։ Դատախազությունից ասացին նաև, որ այս հոդվածով իրավախախտման համար սահմանված է պատիժ՝ երկու տարի ազատազրկում կամ 5-7 հարյուր հազար դրամ տուգանք։ Կհարուցվե՞ն, արդյոք, քրեական գործեր այս դեպքերով, թե՞ ոչ, պարզ կդառնա առաջկա օրերին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X