Խաղաղության հեղափոխությունը պետք է շարունակվի (տեսանյութ)

«Հեղափոխական սենսորիում»․ այսպես է կոչվում օրերս Հայաստանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսը, որը վերականգնում է հեղափոխության իրադարձությունը․ «Երեւակայության մեջ ստեղծելով այն տարածքները, որտեղ մարդկային մարմինների բազմությունը գծում է իր քաղաքական եւ պոետիկ ուրվագիծը, հնարավոր դարձնելով հեղափոխության շարունակականությունը»։

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ընդգծում է, որ ցանկացել են անկախության միջոցառումների շարքում ընդգծել նաեւ թավշյա հեղափոխության գաղափարը։ Դրա համար որոշել են անել տարբերվող, ոչ դասական սկզբունքով մի ցուցահանդես՝ դիմել են մուլտիմեդիայի հնարավորություններին եւ «Արտլաբերեւանին»․ «Այդ մուլտիմեդիա ինստալյացիան ամբողջովին ուղղված է տեսողական, լսողական զգացողությունների եւ ընկալման վրա։ Մտածողությունն այնպիսին է, որ մենք ամբողջովին հայտնվում ենք իրադարձությունների բոհում, եւ նույն ձեւով մեր մարմինները մասնակցում են այդ իրադարձություններին եւ մթնոլորտին։ Հիմնականում այս զգացմունքներն են արտահայտվում՝ զայրույթ, վրդովմունք, համարձակություն, հպարտություն, սեր, համերաշխություն, խանդավառություն եւ միասնություն։ Ձայնային կոմպոզիցիան նվիրված է հեղափոխության շարունակականությանը, որի հիմնական գաղափարը նա է, որ խաղաղության հեղափոխությունը պետք է շարունակվի»։

«Հեղափոխական սենսորիումը» 3 բացադրիչ ունի՝ վիդեոարտ, տեքստ եւ հնչյուն։ Ցուցահանդեսի տեքստային մասում գրված է․ «Երբ անհատները հավաքվում են հրապարակներում, փողոցներում կամ այլ հասարակական վայրերում, ներառյալ վիրտուալ տարածքները, նրանք իրացնում են քաղաքական դաշտում իրենց մարմինները տեղադրելու կատարողական (պերֆորմատիվ) իրավունքը՝ առաջադրելով գոյության համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական պահանջներ։

Հայկական թավշյա հեղափոխությունը, կրելով համահայկական բնույթ, ապակենտրոն էր, բաց, հիմնված մարդկանց ինքնաբուխ գործողությունների վրա եւ դրսեւորում էր իրեն որպես մասնակցային ստեղծագործություն։ Այն կերտել են հեղափոխության բոլոր մասնակիցները, նույնիսկ նրա բացասական հերոսները»։

Հովհաննես Մարգարյանն իր խոսքում նկատում է․ իրենք՝ «Արտլաբերեւանը», միշտ հանդես են եկել քաղաքական, մասնակցային արվեստի դիրքերից ու լինելով մասնակիցը նաեւ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ առանց դժվարության կարողացել են համադրել հեղափոխության պատկերը․ «Հետո՝ ժամանակակից տեխնիկան շատ լավ հնարավորություններ է ստեղծում, ընդհանրապես՝ ժամանակակից արվեստը մոնտաժի վրա է կառուցվում, այդ նյութերից մենք մոնտաժ արեցինք եւ Գագիկ Չարչյանի հետ միասին կառուցեցինք այս ցուցահանդեսը։ Միակ խնդիրը ժամանակի սղությունն էր, մի քանի բաներ հիմա տեսնում եմ, որ կարելի էր նաեւ ուրիշ ձեւ անել»։

Հեղափոխությունը մեկ սենյակի տարածքում ամփոփելը սկզբունքայի՞ն մոտեցում էր։ «Ոչ, ուղղակի հնարավորության հարց էր, որովհետեւ եթե սկզբունքի տեսանկյունից նայեինք, մենք այլ բան էինք պատկերացնում, այն լուսանկարների ցուցահանդեսով փողոցից պետք է գար մտներ թանգարան, բայց դա մի քիչ երկար պրոյեկտ էր, եւ այդպես շատ էր ցրվում, իսկ այս տարբերակով շատ կոմպակտ է, միանգամից մտնում ես մեջն ու հայտնվում այդ միջավայրում»,- ասաց Մարգարյանը։

Ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում կգործի մինչեւ հոկտեմբերի 1-ը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X