Հրաժարվում ենք պալատական մտավորականներից ու արվեստագետներից` նորերին չստեղծելու հույսով

Որոշակի գործողությունների շղթաներ՝ բազմիցս կրկնվելու արդյունքում, առաջացնում են ավանդույթներ: Իհարկե, կրկնվելու համար անհրաժեշտ են համապատասխան դրդապատճառներ, գիտելիքներ եւ որոշակի հուզական վիճակ: Հոգեբանները պնդում են, որ դրանք հասարակության մեջ ամրանալու համար պետք է լինեն դրական գործողություններ` բազմիցս ամրապնդման ենթարկված: Սակայն ժամանակի ընթացքում որոշակի բացասական երեւույթների նկատմամբ հասարակության աստիճանական հարմարվողականությունը եւս կարող է առաջացնել սովորություններ ու ավանդույթներ: Այսպես, մշակութի նախարարին ուղեկցող ու նրա կողմից ֆինանսավորվող պալատական մտավորականների ու արվեստագետների առկայության նկատմամբ մեր հարմարվողականությունը տարիների ընթացքում ձեւավորել է ավանդույթի ուժ: Հասկանում ենք եւ հասկացել ենք դրա բացասական էության ողջ թշվառությունը, սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի վերացման համար տարիներ են անհրաժեշտ:

Անկախության տոնին կազմակերպված «Սելֆիի ժամ» կոչվող միջոցառմանը մշակույթի նախարար Մակունցը ներկայացել էր մենակ: Նախարարը ստիպված եղավ առանց հայտնիների ուղեկցության շրջել հրապարակում եւ սելֆիներ անել հավաքվածների հետ, այնքան ժամանակ, քանի դեռ հրապարակ չէր եկել վարչապետ Փաշինյանը: Դժվար է ասել` արդյոք Մակունցը հրաժարվե՞լ է պալատական մտավորականների ու արվեստագետների ուղեկցությունից, թե՞ վերջիններս դեռ չեն ձեւավորվել. հուսանք, որ առաջինը: Փորձը ցույց է տալիս, որ բարձրաստիճան պաշտոնյաներին մշտապես ուղեկցող կամ պարբերաբար գովաբանող հայտնիները կարող են քաղաքական լուրջ հավակնություններ ունենալ կամ հաճախակի ստանալ որոշակի դրամաշնորհներ: Երկար տարիներ պետական գերատեսչությունների հովանավորությամբ լայն ժողովրդականություն ստացած հայտնիները ստվերել են արժանի ու արժանապատիվ մտավորականներին ու արվեստագետներին` թողնելով նրանց երկրորդ պլանում: Եվ նոր իշխանությունների ժամանակ պետք է եւ պարտադիր է հրաժարվել վերջիններիս նկատմամբ նման խտրական մոտեցումներից: Հանրապետության հրապարակում հազարավոր քաղաքացիների ներկայությամբ ելույթ ունեցող ռեպ երգիչը, որը հովանավորվում է պետական ամենաբարձր մակարդակով, հավակնում է դառնալ մեր մշակույթի մեջ վաղվա օրվա ճաշակ թելադրողը. պետք է զերծ մնալ նման աղավաղումներից:

Երեւույթն ունի նաեւ երկրորդ կողմ: Այսպես, կազմակերպված միջոցառման շրջանակներում նախատեսվում էր սելֆիներ անել հրապարակում հավաքված հայտնիների հետ: Ո՞րն է հայտնիության սահմանումը, եւ ովքե՞ր են հայտնիները: Ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերից մինչեւ էժանագին սերիալի դերասան ու ռեստորանային երգիչ, ավագանու ցուցակի վերջին տեղով ներկայացված քաղաքական գործիչ ու լրագրող, ամենեւին հայտնի դառնալու միտում չունեցող նկարիչներ ու երաժիշտներ. ո՞րն է սահմանը եւ ո՞ւմ համար:

Վերջին իրադարձություններից հետո գուցե Հրագն է՞լ է վաստակել հայտնի լինելու կոչումը:

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություն
X