Թորոսյանին ու Աշոտյանին մոռացել էին

Նախորդ օրն Ազգային ժողովում մեծ հանդիսավորությամբ նշում էին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը։ Ճիշտ է՝ իրական օրն օգոստոսի 1-ն էր, սակայն մեր խորհրդարանը սովոր է երկար ու հիմնավոր հանգստի, ուստի որոշվեց օրը տեղափոխել եւ տոնական միջոցառումները հրավիրել սեպտեմբերին։ Միջոցառմանը ներկա էր ողջ քաղաքական էլիտան՝ բոլոր գումարումների ԱԺ պատգամավորների հետ միասին։ Խորհրդարանի բակում շարքերով աթոռներ էին դրվել, եւ ըստ վերադասության՝ նստեցրել էին հյուրերին։ Առաջին շարքում՝ ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, Արցախի նախագահ, Արցախի ԱԺ նախագահ, ՍԴ նախագահ, ԲԴԽ նախագահ, կաթողիկոս, փոխվարչապետներ, նախարարներ, երկրորդ շարքում՝ ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ, ՄԻՊ եւ այլք։

Սակայն, թերեւս կազմակերպիչների մեղքով, ճիշտ չէին կազմակերպել նստեցման արարողությունը եւ չէին հոգացել ԱԺ նախկին նախագահների նստելու մասին, ու ստացվել էր, որ, ասենք՝ Արմեն Խաչատրյանը, Խոսրով Հարությունյանը տեղավորվել էին երկրորդ շարքում՝ վարչապետի ու նախագահի հետեւում, իսկ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի նստելու տեղը չէին որոշել։ Եվ Տ․ Թորոսյանը մնացել էր ոտքի վրա կանգնած։ Նրան առաջարկել են տեղավորվել հետեւի շարքերում, սակայն, հավանաբար, պրն Թորոսյանը չի համաձայնել եւ ոտքի վրա մնացել է այնքան, մինչեւ առաջին շարքերում նստած թիկնապահներից մեկին հանել են եւ տեղ ազատել ԱԺ նախկին նախագահի համար։ Եթե սրանց գումարենք նաեւ այն, որ Արմեն Աշոտյանին եւ ՀՀԿ խմբակցության որոշ անդամների անվանական հրավերներ ուղարկելու փոխարեն հրավիրել էին Վահրամ Բաղդասարյանին ուղարկված մեկ միասնական հրավիրատոմսով, ապա պարզ կդառնա, որ կազմակերպչական հարցերը մեզանում այնքան էլ բարձր մակարդակի չեն։

Մեկնաբանություն
X