Կառավարության ծրագրում նշված չէր, թե արտահերթ ընտրություններն ինչ ճանապարհով են անցկացնելու

Նիկոլ Փաշինյանի կառավարությանը մաս կազմող խորհրդարանական ուժերը սկսել են պաշտպանել ՀՀԿ-ի տեսակետը, եւ կա վտանգ, որ արտահերթ ընտրությունները կտապալվեն։ Թեեւ ԲՀԿ-ն, «Ելք»-ը եւ ՀՅԴ-ն հունիսին կողմ են քվեարկել կառավարության ծրագրին եւ հավանություն տվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, սակայն հիմա «սպառնալից» հայտարարություններ են անում, թե դեռ պետք է մտածեն արտահերթ ընտրությունների հարցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, արտահերթ ընտրություններին ցանկանում է հասնել սահմանադրական փոփոխությունների միջոցով, քանի որ այնքան էլ վստահ չէ, որ գործող սահմանադրական մեխանիզմներով կհասնի ընտրությունների, եւ իր ծրագրերը չեն խոչընդոտվի։

Ըստ գործող Սահմանադրության, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա երկու անգամ վարչապետ չընտրվի, եւ խորհրդարանը լուծարվի։ Վարչապետն այս սցենարում վտանգավոր տարրեր է տեսել՝ մտածելով, թե այդ ընթացքում ՀՀԿ-ն կարող է այլ թեկնածու առաջադրել եւ անցկացնել նրան։ Այդ պատճառով էլ օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ նա խոսեց սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրության մասին, որից հետո հնարավոր կլինի խորհրդարանը տանել ինքնալուծարման։ Իսկ այդ պրոցեսը պետք է արագացնել, որպեսզի խորհրդարանը վարչապետի ընտրվելուց մեկ տարի հետո չիրացնի սահմանադրական իրավունքն ու անվստահության նախագիծ ներկայացնի։

Հիշեցնենք, որ հեղափոխական կառավարության ծրագրում ընդամենը նշվում է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը եւ ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Նշվում է, որ այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Եվ ոչ մի խոսք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ընտրությունների հասնելու մասին։ Երեւանի ավագանու ընտրապայքարի ժամանակ Փաշինյանի անանուն մեղադրանքներն այնքան սրեցին գործընկերների հարաբերությունները, որ նրանք անցան արտահերթ ընտրությունների տապալման թեմայով սպառնալիքների։

Սկզբում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նախատեց, թե չի կարելի վիրավորել դաշնակիցներին, ապա ի պատասխան ասաց՝ դուք էլ մտածեք, թե ոնց եք անելու արտահերթ ընտրությունների գնալիս․ սահմանադրական փոփոխությունների հարցը գալու է Ազգային ժողով, մարդիկ, որոնք ձեզ օգնել են, կարող են հիմա չօգնել: Նրան հաջորդեց Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ մտածելու են՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե՞ ոչ։ «Եթե կարծում են, որ մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չե՛ք կարողանալու»,- հոխորտաց նա։

Սակայն օրենսդիրների այս հայտարարությունները տարակարծությունների տեղիք են տվել հենց թիմերի ներսում․ ոմանք կարծում են, որ երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնում սեփական կամքով հավանության արժանացրած փաստաթղթից՝ կառավարության ծրագրից, չի կարելի հրաժարվել, քանի որ այնտեղ հստակ գրված է՝ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ու կարեւոր չէ, թե ինչ ճանապարհով կգնան դրան։

Ի դեպ, իր հայտարարությունից մեկ օր հետո Արամ Զավենիչը գնդակն իրենց դաշտից հեռացրեց՝ ասելով, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում ամենաջատագով մարդկանցից է, եւ դա ուշացնել պետք չէ, պարզապես հասարակական տրամադրություններն ու քաղաքական ուժերը գտնվում են բացարձակ տարբեր բեւեռներում: Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ «Ծառուկյան դաշինքը» խորհրդարանի ցրման նախաձեռնության փաթեթ չի տեսել խորհրդարանում, երբ տեսնի, կքննարկի։ Զոհրաբյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Լուիզա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ չեն հրաժարվում արտահերթ ընտրություններից, բայց իրենք կառավարության ծրագրում կողմ չեն քվեարկել մի կետի, որը սահմանադրական փոփոխություններ է նախատեսում։

«Դրա համար ենք ասում՝ թող բերեն այդ փաթեթը, մենք կքննարկենք եւ ըստ այդմ դիրքորոշում կներկայացնենք։ Քանի դեռ չկա, մենք չենք կարող մեր անելիքների մասին խոսել։ Կրկնում եմ՝ կառավարության ծրագրում չեն եղել տողատակեր, թե ընտրություններն ինչ ճանապարհով պետք է անել»,- ասաց Լուիզա Սարգսյանը։ Հարցրինք, թե կարծում են, որ «տողատակերում» Նիկոլ Փաշինյանը կցանկանա Սահմանադրությունն իր «հագո՞վ» փոխել։ «Ոչ, պարզապես սա պառլամենտարիզմ է, եւ մենք սպիտակ թղթի մասին կարծիք հայտնել չենք կարող»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ հնարավո՞ր է, որ վարչապետի հրաժարականի դեպքում այլ խմբակցություններից թեկնածուներ առաջադրվեն։ «Գիտե՞ք, վարչապետն ինքն է արդեն հերքում, թե հրաժարական կտա, այնպես որ՝ այդ հարցը տեղին չէ»։ Որովհետեւ ՀՀԿ-ն դեմ է, խորհրդարանի լուծարմանը եւ պնդում է, որ այն մինչեւ լիազորությունների ավարտը՝ 2022 թվականը, գործելո՞ւ է։ Հարցին ԲՀԿ-ական պատգաավորը պատասխանեց․ «ՀՀԿ-ականների հայտարարությունների մասին իրենցից հարցրեք»։ Ի դեպ, կա նաեւ երրորդ տարբերակ՝ 500 հազար ընտրողի ստորագրությամբ սահմանադրական հանրաքվե անցկացնել։ ՀՀԿ-ում լուրջ կասկածներ ունեն, որ Փաշինյանին չի հաջողվի այդքան ստորագրություն հավաքել, վերջինիս ինքնավստահությունը, սակայն, հակառակի մասին է ասում։

Մալաթիա-Սեբաստիայում նա պատասխանեց գործընկերներին․ «Կներեք, ո՞վ եք դուք, որ նպատակահարմար համարեք, ախր: Խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժեր ասում են՝ դե, երեւի մենք էլ դեմ լինենք, որ արտահերթ ընտրություններ լինեն: Այդպիսի մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից ՀՀ-ում կարա քաղաքական իրավիճակը փոխվի․ դա ժողովուրդն է, ուրիշ այդպիսի ուժ չեմ տեսնում, չկա՛ այդպիսի ուժ ՀՀ-ում»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X