Տեսե՞լ եք՝ ես ասֆալտին ինչ-որ մեկին փռեմ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնի խոսակցության գաղտնալսումից հետո բարդույթ է ձեռք բերել՝ հենց ձայնագրման անուն է լսում, «խառնվում» է իրար։ Բայց նաեւ հումոր է անում այդ թեմայով՝ փորձելով մեղմել կատարվածը եւ թեթեւ նայել իրերին ու երեւույթներին։ Օրինակ՝ երեկ, երբ ձայնագրիչը միացրած մոտեցանք նրան, որ մի քանի հարց տանք՝ բնականաբար, ձայնագրելու նպատակով, պարոն Վանեցյանը նեղսրտեց․ «Պարտադի՞ր ա զապիսով խոսանք, սաղ զապիս են անում»։ Ապա ասաց, որ իրեն ընդհանրապես չի մտահոգում, թե ինչ կպարզվի իր եւ ՀՔԾ պետի զրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրգործի արդյունքում, եւ ինչ կպարզի ԱԺ-ում ձեւավորված քննիչ հանձնաժողովը։

«Բացարձակ ինձ չի մտահոգում, որովհետեւ ես որեւէ բան չեմ արել, որի համար կարամ ամաչեմ։ Իմ սաղ արարքը նա է, որ մի քիչ ազատ տոնով եմ խոսել, ուրիշ ոչ մի բան»,- փոքր-ինչ ամաչելով՝ հայտարարեց նա։

-Պարոն Վանեցյան, Հայաստանում երեւի թե առաջին դեպքն, որ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին, եւ որ նա հետո հապշտապ ասուլիս է տալիս ու արդարանում։

-Ես չեմ արդարանում երբեւիցե, որեւէ բան չեմ արել, որի համար պետք է արդարանամ։ Եթե իմ արարքի մեջ կլինի իրավական խախտում, քննչական մարմինը, ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովը գնահատական կտան։ Եթե ես կյանքում երբեւիցե մի հատ օրենք խախտեմ, պատրաստ եմ միշտ պատասխանատվություն կրել։

-Եթե չկար վտանգավոր կամ արդարացման ենթակա որեւէ արարք, ինչո՞ւ, այդ դեպքում, բացատրությամբ հանդես եկաք անմիջապես՝ արդարացաք։

Ես չեմ արդարացել, որտե՞ղ եմ արդարացել։ Հիմա, եթե տենց դիալոգ ա, եկեք էդ ոճի մեջ խոսենք։ Որտե՞ղ եք տեսել իմ արդարացումը, արդարացում չկա։ Կա մի իրավիճակ, որտեղ ես լսել եմ էդ գաղտնալսումը եւ տեսել եմ, որ, այո, իմ ձայնն ա, տեսել եմ, որ, այո, իմ խոսակցություններից որոշ հատվածներ ա, դա միասնական խոսակցություն չի։ Էդ տեսանյութը 8 րոպե 40-քանի վայրկյան ա։ Հիմա, որ մենք նայում ենք վերծանումները, եղել ա այդ օրը 10 խոսակցություն, եւ որեւէ մեկը 8 րոպե չէ։

-Կպարզվի՞, ի վերջո, թե ով է արել, դուք մոտավոր հետքի վրա՞ եք, թե ով կարող էր դա արած լինել։

-Ինձ ամենաշատը դա է հետաքրքրում… ոչ թե՝ ով է արել, այլ՝ թե ինչ եղանակով են արել։

-Ձեր խոսակցության մեջ Դուք նշում եք մի դատավորի մասին, որ զանգեց Ձեզ եւ այլն։ Մենք գրել էինք, որ այդ դատավորը, իրականում, Ռուբեն Վարդազարյանն է, ով կապի մեջ է Ձեզ հետ։

-Ես էնտեղ որ ասում եմ՝ մոնտաժված ա, հիմա հստակ չեմ կարա վերհիշեմ բառերը, բայց կարծեմ ասել եմ դատավորին՝ դուխով, ուզես-չուզես, պիտի տաս։ Իմ ասածը հետեւյալն ա, որ ես ասել եմ՝ ընդհանուր առմամբ տեսնում էի, որ սաղ սենց ընկճված ինչ-որ վիճակ էր։ Էլի եմ ասում, դա եղել ա խոսակցություն, որը տենց, հրապարակայնորեն չպետք ա քննարկվեր։ Բայց եթե քննարկվել ա, ես էնտեղ, եթե չեմ սխալվում, ասել եմ՝ հիմքերը եթե պինդ են, ուզես-չուզես, պետք ա տաս։ Բայց ես դատավորի հետ, անկեղծ, չեմ խոսել։

-Ձեզ չի՞ զանգել Ռուբեն Վարդազարյանը։

-Ոչ։ Ուրեմն իմ հեռախոսը տվել եմ փորձագետներին, եւ իրենք վերականգնել են viber-ը, WatsApp-ը, որ կարայի չտայի, դա իմ իրավունքն ա, եւ վերականգնել են ամբողջությամբ իմ խոսակցությունները, գրածները, ստացածները։ Հիմա Ձեզ մի բան ցույց տամ, որ էս թեման փակենք։ Նայեք, էս Սասուն Խաչատրյանին հուլիսի 27-ին իմ ուղարկած կարծիքն է (գրպանից հանում է իր iPhone X հեռախոսն ու ցույց տալիս ՀՔԾ պետին ուղարկած SMS-ը եւ ընթերցում այն)։ Սա փորձագիտական կարծիք է։

-Անկախ նրանից՝ ինչ կպարզվի այդ քրեական գործով, երկրում այսօր մթնոլորտն այնպիսին է, որ կարծես իշխանությունն ամեն գնով ուզում է քրեական գործերով «փակել» կոնկրետ անձանց։

-Հավատացեք, եթե ես ուզենամ քրեական գործերով «փակել» ինչ-որ անձանց, եւ նպատակ չունենանք օրինականությունը պաշտպանելու, տենց դեպքեր եւս եղել են մեր պատմության մեջ, կարա նորից լինի։ Բայց վարչապետն իր հայտարարություններում մշտապես ասել է՝ շարժվում ենք բացառապես օրինական դաշտում։

-Վարչապետի հայտարարություններում որեւէ խնդիր, մտահոգիչ որեւէ բան չե՞ք տեսնում, որ խաթարում ենք դատական համակարգի անկախության գաղափարը։

-Առհասարակ չեմ տեսնում, որովհետեւ, ասում եմ՝ վարչապետը… ես վարչապետին օրվա մեջ զեկուցում եմ հազար բան։

-Ի՞նչ են տալու մեզ այդ «ասֆալտին փռելու», «պատերով տալու» օպերացիաները։

-Էդ Օսիպյանին հարցրեք։ Տեսե՞լ եք, որ ես ասֆալտին ինչ-որ մեկին փռեմ։

-Բայց այդ հրահանգը նաեւ Ձեզ էր տրվել, ասաց՝ ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին։

-Ոչ, եղբայր ջան, ինձ չի տրվել։

-Ամեն դեպքում, վարչապետն անում է հայտարարություններ, որոնք սկսել են մտահոգել շատերին, դրանց վերաբերյալ բարձրաձայնում են նաեւ ԵԽԽՎ-ում, Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված մոնիթորինգ է իրականացվելու…

-Ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ պատրաստվում նման թեմաներով խոսել։

-Բայց Դուք նաեւ Ձեր մասնակցությունն ունեք ձեւավորված մթնոլորտում։

-Կան հարյուրավոր կառույցներ՝ միջազգային, իրավապաշտպան, որոնք իրենց գնահատականը կտան։

-Ռոբերտ Քոչարյանը վտանգ սպառնո՞ւմ է այսօր։

-Էլի Դուք ուզում եք, որ ես քաղաքական հայտարարություն անեմ։

-Իրավական առումով։

-Իրավական առումով հենց սպառնա, կկիրառվեն համապատասխան միջոցներ։ Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված։

-Ի դեպ, շատ գործեր կարծես թե իրավական առումով գրագետ չեն ձեւակերպվում, եւ մարդիկ, որոնց բռնում եք, եւ թվում է, թե պիտի «նստեն», արագ ազատվում են, քանզի նրանց փաստաբաններն ավելի ուժեղ են դուրս գալիս, քան քննիչները։

-Մի օրինակ կասե՞ք ԱԱԾ-ից։ Ես ԱԱԾ տնօրենն եմ, ես դատախազը չեմ։

-Տարոն Մարգարյանի մասո՞վ ինչ կասեք։

-Տարոն Մարգարյանը հարցաքննվել ա, ապացուցվել ա, 1 մլրդ 820 միլիոնի կարգի յուրացումը պարտավորվել են վերականգնել։ Մինչեւ էս ամսվա վերջ կվերականգնվի էդ գումարը։ Էդ մասով՝ «Երեւան» հիմնադրամի, ունենք էս։

-Եվ նա որեւէ քրեական պատասխանատվության չի՞ ենթարկվի։

-Ես ամենաառաջին օրը հայտարարել եմ սկզբունք, որ եթե որեւէ մեկը պետությանը վնաս է հասցրել եւ վնասը վերականգնում ա, ուրեմն ինքը չպետք ա նստի բանտում։ Իմ համար նպատակը բացարձակ նստեցնելը չէ, եւ վարչապետն էլ, եթե հիշում եք, էդ գաղափարը ողջունել ա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X