Իրանական պոեզիա․ Մարջան Մեհդավի

«Եվան սառն է» բանաստեղծությունների ժողովածուից

***

Երազանքները

Մերժում են կարմիր լույսը,

Դու կանգնած ես...

Փողոցով անցնող

Միակ անցորդը

Մի ոստիկան է,

Որը մտադիր է

Տուգանք գրել`

Քո բանաստեղծության տետրում։

***

Ծիծաղում է՝

Այտերի փոսիկներով...

Գայթակղվում եմ,

Ասես,

Լուսինը ծիծաղում է ջրհորում։

Դեմքս մոտեցնում եմ,

Եվ ձեռքերս,

Ասես,

Հող դարձած լինեն։

Գեղեցկությունս փորում եմ նրա այտերին։

***

Երանի վերնաշապիկդ

Այնքան տարողունակ լիներ,

Որ հագներ մենությունս,

Որ գնայինք,

Որ կարևոր չէ, թե ուր...

Լինեինք հերոսները հեքիաթի՝

Հարկադրաբար երջանիկ։

***

Լուսամուտը, որ բաց է մնում,

Մի հատված երկնքից վերցնում եմ ինձ՝

Պարզ, թե ամպամած…

Թերևս ինչ-որ թռչնի թևիկի մաս,

Կամ ինչ-որ մեկի ամբողջ հոգին

Ինձ պատկանի:

Լուսամուտը, որ բաց է մնում,

Օրացույցը թերթվում է...

Դեռևս ողջ եմ՝

Լուսամուտը, որ բաց է մնում...

***

Գեղեցկանում եմ,

Ամեն մի բացվող լուսամուտի հետ։

Հոգ չէ,

Եթե ոչ մի անցորդ չի անցնում փողոցով ...

***

Մեր տունը տանիք չունի...

Երկու սենյակ,

Մի քանի պատ և մի չեղած տանիք։

Մեր տունը

Հայր չունի,

Մայր չունի...

Փոքրիկ բակ ունի,

Մի քանի ափ հող

Եվ մի արքայանարնջենի...

***

Ես մրսում եմ...

Սև աչքերդ հառում ես ինձ

Ու ժպտում ես,

Գլխիս գլխարկ ես դնում,

Եվ վզիս շարֆ ես կապում։

Տաքանում եմ,

Մի ձնե մարդ՝

Քո ձմռան մեջ...

Մնում ես,

Որ չհալչեմ...

***

Այստեղ Իսպանիան չէ՝

Վայրի ցուլերով,

Եվ աղմկահարույց մահերով,

Եվ դու

Ներուդան չես,

Որ աքսորված լինես...

Այստեղ մի խաղաղ հետմիջօրե է,

Աշխարհի բոլոր վայրերում...

Մահը նստել է պատշգամբին

Եվ օրաթերթ է կարդում,

Իսկ դու

Բարձրացրու երաժշտության ձայնը

Եվ պարիր ինձ հետ ...

Այստեղ Իսպանիա չէ,

Եվ դու

Ներուդան չես։

Իսկ ես Մաթիլդան եմ,

Եվ հագելեմ կարմիր շրջազգեստ։

***

Երեխաներ, որ քարկոծում են մարմինը գետի...

Կանայք, որ իրենց նրա գիրկն են նետում...

Մեղքեր, որ մաքրվում են,

Ձկներ, որ վախենում են,

Եվ գետը, որ շարունակում է իր ճանապարհը...

***

Լուսամուտից անցնում է

Գիշերը,

Կառչում է օրվա շարունակությունից։

Բարձրագոչ ընկնում և կտոր-կտոր է լինում

Օրը...

Գիշերվա ձեռքի ափում ընկղմվում եմ,

Ճեղքվում են միմյանցից՝

Ցերեկը,

Գիշերը,

Ցերեկը,

Գիշերը...

Կռիվ եմ տալիս,

Կռիվ եմ տալիս սև և սպիտակ մազերը հյուսելիս...

***

Կրակոցի ձայն,

Վիրավոր լեռներ

Ու եղջերուներ,

Որ դուրս են նետվում իմ քնից...

***

Որս դառնալու համար

Ձուկ եմ դառնում,

Ձուկ դառնալու համար՝

Ծով,

Սիրահարների համար՝

Ձկնորս...

***

Մի ակնթարթում ամեն ինչ կանգ է առնում,

Աստիճաններով բարձրացող կինը

Կանգնում է,

Գեղեցկությունը բարձրանում է աստիճաններով...

Ժամացույցի սլաքը կանգ է առնում,

Ժամանակը բարձրանում է աստիճաններով...

Դու գալիս ես...

Աստիճան,

Աստիճան,

Բարձրանում ես աստիճաններով...

Սիրելը բարձրանում է աստիճաններով։

Կանգնում եմ...

***

Միայն մի քանի քայլ էր մնացել,

Երբ կանգնեցի։

Միայն մի քանի քայլ,

Երբ կանգնեցիր։

Եկել էի, որ քեզ հասնեմ...

Երբ կանգնեցիր,

Երբ կանգնեցի,

Եվ ժամանակը ընդմիշտ կանգնեց մեր միջև...

***

Ճյուղերը ձև են ստանում

Թռչունների համար։

Թռչունները՝

Թռիչքի համար։

Թռիչքը՝ երկնքի համար։

Երկինքը՝

Մարդու համար...

Ժպտում եմ

Եվ ժպիտը ձև է ստանում...

Մարդը՝

Ժպիտի համար,

Ժպիտը՝

Մոռացության համար...

***

Մի հովանոցի տակ,

Երկու անցորդ։

Մի հովանոցի տակ՝

Ես և դու։

Մի հովանոցի տակ՝

Ես։

Մի հովանոցի տակ՝

Դու։

Ես,

Դու,

Արդյոք անձրև կտեղա՞...

***

Այնքան մեծ չէր,

Որ աղետ լիներ։

Այնքան խորը՝

Որ վերք։

Այնքան փոքր չէր,

Որ մոռացվեր։

Այնքան քնքուշ,

Որ՝ հուշ...

Փակում եմ աչքերս,

Այնքան հոգնած չեմ

Որ քնով ընկնեմ...

***

Շատ գեղեցիկ է,

Կարող է մի թագուհի լինել։

Կարող է հողի մայրը

Կամ ջրի աստվածուհին լինել։

Կարող է

Մաշկ, ոսկոր, որդի, հող ունենալ։

Կարող է

Սպասումի մեջ մնալ,

Ծերանալ։

Սակայն

Միայնակ է։

Երկրի տղամարդիկ գնացել են

Հավերժական պատերազմի։

***

Քո կոկորդում

Ջրիմուռները,

Ձկները,

Ջրասույզ գեղեցիկ կանայք,

Քո կոկորդում գետը...

Մի ողբերգություն

Լռվել է քո կոկորդում...

Այս բառերի սուր սայրը,

Գետի ոսկորը

Քո կոկորդում...

Բերան առ բերան

Մահը խորտակվում է քո մարմնում...

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Հրապարակ Մշակութային հավելված

Մեկնաբանություն
X