Ի՞նչ է հասկացել Ալիեւը

Անկախության տոնի առթիվ վարչապետ Փաշինյանին հղած ուղերձում ԱՄՆ նախագահը Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ լավատեսություն է հայտնել, թե «առաջիկա ամիսներին հնարավորություն են բացվում հակամարտության կարգավորման համար,որը կարող է նաեւ նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար, Խոսքը կոնկրետ ինչի՞ մասին է՝ փորձագետները դժվարանում են բացատրել, բայց ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի առաջնորդը պարզապես հերթապահ հայտարարություն չի արել:

Ըստ երեւույթին, ԼՂ կարգավորման շուրջ համանախագահները խորհրդատվություններ են անցկացնում՝ առաջ մղելու հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցման գործընթաց: Նման եզրակացության է մղում խորհրդարանի 100-ամյակի առթիվ Միլլի մեջլիսում Իլհամ Ալիեւի ելույթի այս ձեւակերպումը. «Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ փոփոխություններ մտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր քաղաքականության մեջ, քանի որ Ադրբեջանը չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է եւ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որեւէ կարգավիճակ»: Սա կարելի է ընկալել որպես Ադրբեջանի նախնական պատասխան այն գաղափարներին, որ, երեւում է, քննարկում են համանախագահները:

Ըստ երեւույթին, փորձ է արվում գտնել այնպիսի ձեւակերպում, որը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կանխորոշում, բայց պահպանվում է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահը դիվանագիտական խողովակներով տեղեկացված է քննարկումներից եւ նրան անհանգստացրել է ԱՄՆ նախագահի՝ վարչապետ Փաշինյանին հղած ուղերձի բաց լավատեսությունը, ուստի շտապել է հակադարձել՝ նկատելիորեն կոշտացնելով դիրքորոշումը:

Ավելի վաղ նա ասում էր, որ Ադրբեջանը երբեք անկախություն չի շնորհի Լեռնային Ղարաբաղին, ինչից հետեւում էր, որ ԼՂ անկախությունը կարող է մասնակիորեն ճանաչվել առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Այսօր Ալիեւը ԼՂ ապագա կարգավիճակը կապում է Ադրբեջանի ինքնիշխանության հետ: Դա կարող է ունենալ մեկ բացատրություն՝ միջնորդները փորձում են համաձայնեցնել ԼՂ այսպես կոչված «անցումային կարգավիճակի» պարամետրերը, եւ Ադրբեջանը փորձում է հակաքայլեր ձեռնարկել: Թերեւս դրանով է պայմանավորված նաեւ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը: Պայծառատես չպետք է լինել՝ հասկանալու համար, որ ամեն ինչ արվում է, որպեսզի դիվանագիտական «ճակատամարտը» տանուլ չտրվի: Ալիեւը, երեւում է, հասկացել է, որ բացվում է ԼՂ անկախությունը կամ առնվազն Ադրբեջանից ոչ կախյալ «անցումային կարգավիճակը» միջազգայնացնելու հնարավորություն:

Մեկնաբանություն
X