Ինչո՞ւ է խախտումով նշանակված տնօրենը մինչ օրս աշխատում

Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Արամ Դանիելյանը առանց ավագանու համաձայնության Ալվարդ Մարտիրոսյանին նշանակել է թիվ 8 մանկապարտեզի տնօրեն` խախտելով «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը: Օրենքը հստակ սահմանում է՝ համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին: Համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելիս և պաշտոնից ազատելիս խորհրդակցում է վարչական ղեկավարի հետ: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ:

Հրազդանի փոխքաղաքապետ Վարուժան Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է խախտումով նշանակված տնօրենը մինչ օրս աշխատում. «Նախկին քաղաքապետի որոշումը կա, բայց դա ավագանիով չի անցել: Հիմա մենք այդ հարցը քննարկում ենք: Տնօրենն իր պատճառաբանություներն է բերում, ասելով ինքը մեղավոր չի, որ վերադասը սխալ է արել: Դա քաղաքապետը կորոշի, կներկայացնի ավագանո՞ւն, թե՞ ինքը կազատի աշխատանքից: Հիմա բոլորն էլ ժամանակավոր են աշխատում, ոչ մեկը հիմնական աշխատանքի ընդուված չի, ե´ւ տնօրենները ե´ւ բաժնի պետերը: Օրենքով՝ ժամանակավոր պաշտոնակատարը իրավունք չունի կադրային, հաստիքային փոփոխություններ կատարել: Աշխատակազմը մի քիչ էլ ուռճացված է, ընտրություներից հետո մրցույթ կլինի, նոր քաղաքապետն էլ օրենքով սահմանված կարգով նշանակումներ կանի»,-ասաց Սաֆարյանը: Փորձեցինք կապ հաստատել թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Ալվարդ Մարտիրոսյանի հետ: Սակայն լրագրողներին չսիրող տնօրենը, մեր զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումների ընթացքում անդրադարձել էինք տնօրենի գործունեության, այն որ ծնողներից գումար է հավաքել մանկապարտեզի վերանորգման համար, սակայն մանկապարտեզը վերանորգել է քաղաքապետարանի կողմից հատկացված գումարով: Այս ամենից հետո Դանիելյանը ոչ միայն չսաստեց տնօրենին, այլ «պարգեւատրեց» նշանակելով համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Շուրջ 2 տարի ժ/պ աշխատած տնօրենը հեղափոխության օրերին որոշեց, ընդիմություն խաղալ, որն էլ պատճառ դարձավ, որ նախկին քաղաքապետը մի գրչով՝ Ալվարդ Մարտիրոսյանին իր տեղը դներ: Ի դեպ այս օրերին Ալվարդ Մարտիրոսյան չի պատրաստվում իր տեղը որեւէ մեկին զիջել, ավելին, ամենուր հայտարարում է , որ կմասնակցի կրթության մշակույթի և սպորտի բաժնի պետի համար կայանալիք մրցույթին: Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X