ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը կոտրված հայելի են, վտանգն այլ տեղ է

Երեւանի ավագանու ընտրություններում «Երեւանցիներ» դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նոր իշխանություններն ունեն մտահոգություն, որ կարող է տեղի ունենալ ռենեսանս, ռեստավրացիա, եւ ՀՀԿ-ն կարող է հետ գալ։

«ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը կոտրված հայելի են, նրանք չունեն վերադարձի հնարավորություն։ Խոսակցությունները նրանց մասին արհեստական են։ Արհեստական են, բայց նոր իշխանություններին անհրաժեշտ է հասարակությանը ցույց տալ, որ կան վտանգներ, որպեսզի հասարակությանը կարողանան պահել մոբիլիզացված, նրան ուղղորդեն եւ կարողանան հասնել այն նպատակներին, որոնք դրել են իրենց առջեւ։ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի վերադարձի հիմք, վտանգ չկա։ Ես այլ վտանգ եմ տեսնում, որն առկա է Հայաստանում։ Տարիներ շարունակ ամբողջ մեր հասարակությունը, մասնավորապես ՔՊ-ի ղեկավարը հայտարարել են, որ Հայաստանից գողացվել են միլիարդներ, որ մարդիկ կատարել են հանցագործություններ։ Ես տեսնում եմ անպատժելիության մթնոլորտը, որը շարունակվում է։ Ես տեսնում եմ, որ բոլորի կողմից սիրված եւ հարգված Շանթ Հարությունյանը դեռեւս բանտում է։ Ես տեսնում եմ, որ ներկայիս քաղաքական համակարգը շատ հանգիստ եւ հանդուրժողաբար տանում է այն պրոցեսը, որ հանցանք կատարած անձինք շարունակում են ապրել Հայաստանում, մեկնել արտասահման, վայելել իրենց միլիոնները, անպատիժ մնալ, գրավի տեսքով ինչ-որ գումար դնել, որ հետո կվերադարձնեն։ Ես տեսնում եմ, որ Սաշիկ Սարգսյանը կարողանում է ասել, որ ազնիվ քրտինքով է աշխատել փողերը։ Ես տեսնում եմ, որ ներկայիս իշխանությունն անկարող է շատ դեպքերում քայլեր ձեռնարկել արդարությունը վերականգնելու ուղղությամբ։ Շատ բարի նպատակներ ունեցող իշխանություն է, բայց շատ հարցերում անկարող է, քանի որ այս իշխանություններին հատուկ է դիլետանտիզմը»,- ասաց Արարատ Զուրաբյանը։

Արարատ Զուրաբյանը շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր ձեւավորվող ուժ է, եւ կա վտանգ, որ հանրությունը չի կարող ամբողջությամբ վստահել այդ ուժին։ Դրա համար էլ, ըստ նրա, պետք են Քոչարյանի նման տիկնիկներ, որոնցով վախեցնում են հասարակությանը։ Իսկ դրա փոխարեն, Արարատ Զուրաբյանի կարծիքով, պետք է ազնվորեն ասել, որ Հայաստանում առկա է նոր իրականություն, եկել են նոր իշխանություններ, որոնք, սակայն, անկարող են իրականացնել փոփոխություններ, որովհետեւ չունեն քաղաքական համապատասխան փորձ, անցած ճանապարհ, տեսլական, թե ինչպես պետք է զարգացնել երկիրը, ունի բարի ցանկություն, բարի նպատակներ, կան մարդիկ, որոնք հավատում են իշխանություններին։ «Մեկը կառուցում է մարզադաշտ, մյուսը խաղում է այդ մարզադաշտում։ Հիմա մարզադաշտը կառուցված է, մնում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» թիմը կարողանա խաղ ցուցադրել այդ մարզադաշտում»,- ասաց նա։

ՀՀՇ վարչության նախագահն արձանագրում է, որ թեեւ նախընտրական փուլում վերացել են շատ բացասական երեւույթներ, սակայն հասարակության մեջ առկա էր օբյեկտիվ գնահատականի ունակության բացակայությունը։ «Եթե քսան տարի շարունակ ասում էին՝ միեւնույնն է, ոչինչ չի փոխվի, հիմա էլ ասում են՝ միեւնույնն է, ով էլ լինի քաղաքապետ, կկարողանա աշխատել»,- նշեց նա։ Իսկ քարոզարշավը նա բնութագրեց հիստերիկացված, քանի որ շատ բարձր էր այնտեղ հիստերիան։

Մեկնաբանություն
X