Թուրքական պոեզիա․ Բեթյուլ Դյունդեր

ԵՐԵՔ ՓՈՂՈՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Ես քեզ ի՞նչ արի:

Ես քեզ ի՞նչ արի:

կարծում ես վարդն իր ծանրությունի՞ց է մեռնում

մի սև լուսաբացի հետևից ընկած հարցնում եմ, ասա

կույր էի, խուլ էի, միայն ձեռներս գործի դրի

Տերաս դուրս եկա, աղավնիներին կեր տվի

անդադար, անդադար ինքս ինձ փորփրեցի

քեզ էի հարցնելու, ՉԿԱՅԻՐ

բարձրացրի գլուխս, կապույտ անհնարին հարցրի

Ես քեզ ի՞նչ արի:

Ես քեզ ի՞նչ արի:

նա դու ես, նա ես դու, նրանք մեզ նմաններ, մեզ նմաններ

ամենաշատ ամենաշատը շատերի միջից պակասելիս

հավատո՞ւմ էի միթե, որ ինձ սիրելովդ կփոխվի կարգը

գիշերամուտին վրա հասած հրդեհ ենք մենք, ասա

մոխիր ենք մենք, մոխրից էլ ավելի մոխիր

մոխիր ենք մենք, մոխիր ենք, մոխիր:

II.

Դռների հետևում, կտուրների տակ սիրտս մոռանալուց ի վեր

Քանի գիշեր լուսացրիր, ցույց տուր

Նրանք էին, որ ստվեր էին սոսկ ու դատարկախոս

այդ ինչ գիշեր դիմավորեց քեզ, որ

մոռացար դեմքիս դաջված եսը

հիմա ո՞ր նկարն ես նայում, ցույց տուր

Տիեզերքում պատահականություն չկա` մատյանի համաձայն.

մեր արմունկների զարնվելու տեղից

եկավ, սրտիս վրա կանգ առավ

աստղերին վիշտ դառած մի հարց

Ես քեզ ի՞նչ արի:

Ես քեզ ի՞նչ արի:

առա մարմինս պտտեցի քեզնից հետո

գարուններին տարա, ձների մեջ պառկեցրի, ստիպեցի ջրվեժից ցատկել

եղնիկն ինչպես կվազի անտառով մեկ` սկզբից մինչև վերջ, էդպես վազեցի

քեզ հասկացա քեզ հասկացա:

III.

Ես քեզ ի՞նչ արի հարցը տվե՞լ եմ արդյոք նախկինում:

IV.

Երեք փողոց այն կողմ մի երեխա սպանեցին

Արյան հոտը պատշգամբ հասավ, ործկացի

Թեպետ մագլցեցի աշխարհ կոչվող սանդուղքին

սխալս ճշտիս, ճիշտս էլ սխալիս խառնվեց

Երեք փողոց այն կողմ մի երեխա սպանեցին

սև լուսաբացներին հասավ արնահոտը` նման հոտին չորահացի

-ես քեզ սիրելուց զատ բազում հարցերում օգտակար պիտի լինեի,-

ասելիս

Երեխային գտնեի տեղում կկենդանացնեի

Մարդասպանին գտնեի կսպանեի հենց այնտեղ… ԲԱՅՑ

-ո՞վ է ում մարդասպանը, և ո՞վ ում զոհը

Կույր էի, խուլ էի, միայն ձեռներս գործի դրի

Ողջ կյանքս` երեք փողոց այն կողմ ես իբրև ապրեցի:

Ես քեզ ի՞նչ արի:

Ես քեզ ի՞նչ արի:

Ինքս ինձ ցմահ սիրահար դարձրի:

ԵՐԿՈՒ ՍԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Ռաքքայում վաճառեցին քրոջս

ձեռները սրտից մեծ են եղել տանողի

բերանը` ձեռներից մեծ

այդքան էլ լինում է հենց անծամել կուլ տվողինը:

երեկ մի ճնճղուկ տեսա, կարծես, մեռել էր թռչելիս

արևը ե՞րբ լքեց նրան

ինչպե՞ս սարերը քաշվեց անլույս ցուրտը

իրանին է փաթաթվել քրոջս մի սև բաղեղ

Ռաքքայում է երկինքը

երկինք չէ՞ արդյոք

լեռը, լեռն էլ

դեպի լեռը չվող թռչուն չէ՞ արդյոք

ստուգում եմ ինքս ինձ, միսս ոսկրիս է հասել

հոգիս տարեկիցս դուրս եկավ

մեջս պտտվում է ջուրը ցավի

սա աղջիկների շուկա չէ՞ արդյոք

երեկ մի երազ տեսա, կարծես, դահիճս վրաս էր մեռել

բացեցի աչքերս, վրայիցս ձգեցի դահճին

մատս էի սեղմել պարզապես

ճզմվել, մնացել էր Ռաքքայում` երկու սարի արանքում

հենց Ալլահին քրոջս էի մատնացույց անում:

ՍԵՂՄԱԿ

Կարծում ես` չեն անցնելու, մնալու են այս օրերը

Ոսկեղջյուր ուղղված պատշգամբից

ցորեն ուտող աղավնիներին նայելիս

կարծում ես` մոռանալը ձեռներիցդ է սկսվում

գուցե և հանկարծ լինի

երկնակամարը չթողած լուսնին նայելիս:

ո՞ւմ կրծքին, ո՞ւմ տանն է մնացել նիրհը այն

հիշելն անգամ հետ չի բերի անցած եղանակների ձայնը

ինչ էլ արագ թողիր, է՜յ, մարմին իմ,

մի սեղմակի նման բռնածդ պարանը:

հիմա` երկարաշունչ մի պատշգամբ, հիմա` երկար մի օգոստոս

կարծում ես` երկնակամարն է ամենակապույտ երազը քո

մինչդեռ հայելիդ մոտդ չես պահում վաղուց

որովհետև պարանը լարված է, սեղմակը` կոտրված

որովհետև չգիտես լուսինն է հին, թե աղավնիները, երբ սիրում ես մեկին

չգիտես բերանդ է հին, թե սիրտդ

հիմա նման ես դարեր շարունակ ինքն իրեն փնտրող մի կմախքի

չի փտել, ահավասիկ մեջդ է մնացել այն խռովարարը, հրճվիր

որովհտեև լույսը կբացվի

մի կամակոր լուսին չի անցնի ծովի վրայով

որովհետև լույսը կբացվի

կգան աղավնիները դեպի անվերջ երեկոն ամառվա

մի մահկանացու ժամ է կյանքդ, անխոս

է՜յ, ատամնավոր էգ մարմին իմ, քեզ էլ բարի լույս:

Թուրքերենից թարգմանեց Կարոլինա Սահակյանը

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X