Միացյալ Նահանգները դժգոհ է Նիկոլ Փաշինյանից

Երեկ հայտնի դարձավ, որ այս ամիս Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նույնկերպ նաեւ տեղի չի ունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ավելին, նույն վիճակում է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո-ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հնարավոր հանդիպման հեռանկարը, ասել կուզի՝ ամերիկյան վարչակազմը հստակ ազդակ է ուղարկում, որ նոր իշխանությունների հետ հարաբերություններում շարունակում է պահպանել այն սպասողական սառը կեցվածքը, որպիսին կարելի էր ենթադրել։ Իհարկե, այս կեցվածքի պաշտոնական բացատրությունը կա։

Ի վերջո, մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավար կազմն իրեն թույլ չի տա հանդիպել նախկին խորհրդային փոքրիկ մի հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամի հետեւանքով իշխանափոխությամբ պետության ղեկին եկած գործչի հետ, որը գոնե մեծ քաղաքականության տեսանկյունից ունի սոսկ միայն ներքին լեգիտիմության որոշակի պաշար, սակայն չունի արտաքին լեգիտիմություն։ Արտաքին լեգիտիմություն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կստանա, եթե համոզիչ հաղթանակ տանի արտահերթ պառլամենտական ընտրություններում, եթե, իհարկե, դրանք երբեւէ լինեն։ Իսկ առայժմ ամերիկյան վարչակազմը, արդեն հանդիպած լինելով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կբավարարվի դրանով։ Սակայն սա՝ զուտ պաշտոնական մասով։ Իսկ իրականում ամենեւին չի բացառվում, որ ամերիկյան վարչակազմը որոշակիորեն իր դժգոհությունն է հայտնում պաշտոնական Երեւանին՝ կապված նախ նոր իշխանությունների որդեգրած անհասկանալի եւ ինչ-որ տեղ նաեւ անտեղի ընդգծված ռուսահաճության եւ ապա՝ Ամուլսարի թնջուկի հետ։

Առաջին դեպքում դեսպանի մակարդակով եւս ամերիկյան կողմն ազդակ ուղարկել էր, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, անդրադառնալով Հայաստանի մասով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, ասել էր, որ հայկական կողմը պետք է արձագանքի ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։ Հայկական կողմի արձագանքն այս առնչությամբ ողբալիորեն թույլ էր, չասելու համար՝ անհամարժեք ու ծիծաղելի։ Սրա փոխարեն, ինչը կարող էր անակնկալ լինել Վաշինգտոնի համար, Հայաստանի ներկայիս իշխանությունները վարչապետի մակարդակով արտոնում են, որպեսզի ռուս մասնագետները մուտք գործեն ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ (մի բան, որ երբեք չի եղել նախկինում) եւ ստուգումներ անցկացնեն։ Նույնիսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենաազնիվ մղումները հաշվի առնելիս, որ ցանկացել է Հայաստանի վրայից հեռացնել կենսաբանական զենքի մշակման մասին խոսակցությունները, այդ քայլն ԱՄՆ-ի նկատմամբ ավելին, քան դեմարշ որակելը, անհնար է։ Իսկ Ամուլսարի թնջուկի հետ կապված զարգացումները դեռ առջեւում են։ Այլ խոսքով՝ ամերիկյան վարչակազմը դժգոհ է Հայաստանի նոր իշխանություններից, այն դեպքում, երբ դեռեւս իշխանափոխության օրերին հայկական, այսպես ասած՝ հեղափոխական կորիզի հետ անմիջական հեռախոսային կապ ունեցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը, իսկ նախագահ Թրամփն էլ բավականին ջերմ շնորհավորական ուղերձ է հղել Երեւանին՝ Փաշինյանի վարչապետ դառնալու առիթով։

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Մեկնաբանություն
X