Թուղթ ու գրիչով փող էր, պետք է հետ տրվեր

Օգոստոսի վերջին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, թե մի նախկին նախարարի եւ նախկին պատգամավորի կողմից առերեւույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել: Ինչպես պարզվեց, խոսքը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մասին էր: Նրանց դեմ հաղորդում է տվել «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության նախկին տնօրեն եւ հիմնադիր Իրինա Սիմոնյանը: Նա հայտնել է, որ 2012-2016թթ. ընթացքում այս նույն կազմակերպության երկրորդ բաժնետերը՝ Մայամիում բնակվող Մարտիկ Հասրաթյանը, օրենքի խախտմամբ վարկեր է տրամադրել տարբեր կազմակերպությունների: Սփյուռքահայ Մարտիկ Հասրաթյանն իր հերթին մեղադրել է իր բիզնես գործընկեր Իրինա Սիմոնյանին այն բանի համար, որ վերջինս իրեն «քցել» է, որ 200-300 հազար դոլարանոց գրավի դիմաց 20 հազար դոլարանոց անշարժ է գույք գրավադրել, մոտ 2-3 մլն դոլարի չափով վնաս է պատճառել սեփական ընկերությանը եւ իրեն, փաստաթղթերի կեղծմամբ գումար է հանել բանկային հաշվեհամարից։ Իրինա Սիմոնյանն իր հերթին հայտնել է իրավապահներին, որ Մարտիկ Հասրաթյանն իրեն պարտադրել է կատարել որոշ գործարքներ, որոնք կապված են եղել փողերի լվացման հետ: Մի խոսքով, «Ֆ.Ի.Կ.Օ» վարկայինի փայատերերը գժտվել են, կազմակերպությունը լուծարվել է: Էլեկտրոնային ռեգիստրում ներկայում նման կազմակերպություն գրանցված չէ: Ամերիկահայը, որը, ըստ տեղեկությունների, ադամանդի բիզնեսով է զբաղվում եւ լայն կապեր է ունեցել Հայաստանի ազդեցիկ, մեծահարուստ շրջանակներում, դիմել է հայտնի «ստացողներ» Գագիկ Բեգլարյանին եւ Մհեր Սեդրակյանին՝ հույսով, որ նրանք կօգնեն իրեն հետ ստանալ իր գումարները: Մհեր Սեդրակյանը կանչել է Իրինա Սիմոնյանին եւ, համաձայն «Հրապարակին» տված պարզաբանման, փորձել է համոզել, որ վերադարձնի սփյուռքահայի գումարը, «կոմպրոմիսի գա», սակայն կոմպրոմիս չի ստացվել։ Մարտիկ Հասրաթյանը, ի վերջո, դիմել է իրավապահ մարմիններին: Իրինա Սիմոնյանի դեմ գործ է հարուցվել, նրա ողջ ունեցվածքի վրա կալանք է դրվել, կինն էլ իր ցուցմունքներում հնչեցրել է Բեգլարյանի եւ Սեդրակյանի անունները, որից հետո վերջիններս հայտնվել են ՀՔԾ վարույթի ծիրում: Իրինա Սիմոնյանը հայտնել է, որ Սեդրակյանն իրենից գումար է շորթել, ինչը վերջինս հերքել է: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանը, ըստ գործարար կնոջ ցուցմունքների, իր բանկային հաշիվների մասին տեղեկություն է ստացել եւ մասնակից է եղել շորթմանը:

«Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ. Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ դեպքերի վերաբերյալ»,- գրել էր հարուցող մարմինը՝ Քննչական կոմիտեն, հաղորդագրության մեջ։ Հետագայում վարույթը ՔԿ-ից վերցվեց եւ հանձնվեց ՀՔԾ-ին, քանի որ, ինչպես ՔԿ-ից հաղորդեցին, առերեւույթ հանցագործության պահին սուբյեկտներից մեկը հանդիսացել է՝ նախարար, մյուսը՝ պատգամավոր: Այս պատմության հետքերով 3 քրեական գործ է հարուցված: Վարկային ընկերության բաժնետերերից մեկի անունից ՀՀ ԿԲ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքի առթիվ՝ (Քրօր. 325 հոդված՝ «Փաստաթղթեր… կեղծելը»), ՍՊ ընկերության բաժնեմասը շորթելու դեպքի առթիվ (182-րդ հոդված՝ «Շորթում»), եւ ՍՊԸ-ում ներդրումներ կատարելու պատրվակով նախկին գործադիր տնօրենի կողմից քաղաքացու բանկային հաշվից 500 հազար ԱՄՆ դոլար կանխիկացնելու ու յուրացնելու դեպքի առթիվ (179 հոդված՝ «Յուրացնելը կամ վատնելը»):

Այսպիսով, երեք հանցագործության կասկած կա, եւ ոչ մի կասկածյալ: ՀՔԾ-ից մեզ հայտնեցին. «Կասկածյալ կամ մեղադրյալ չկա, այլ մանրամասներ չենք կարող փոխանցել»: Փող ստացողի ստվերային ինստիտուտը Հայաստանում շարունակում է քաղաքացիների վստահությունը վայելել: Ստացողները հիմնականում քրեական հեղինակություններ են, նախկին պաշտոնյաներ, իրենց վարքի շնորհիվ «հզոր տղա» որակմանը արժանացած անձինք: Նրանց հաճախ դիմում են իրավապահների փոխարեն, որովհետեւ ոստիկանությունը կամ դատարանը ոչ մի երաշխիք չի տալիս, որ մարդը կստանա իր փողը:

Մենք Մհեր Սեդրակյանի եւ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ այս գործի մասին հարցրինք քաղաքի հայտնի փող ստացողներից մեկին եւ ահա թե ինչ լսեցինք: «Հա, լսել եմ էդ պատմության մասին: Գիտեմ, որ կոնկրետ թուղթ ու գրիչով փող ա եղել, որ պիտի հետ տրվեր: Մհերը ըտեղ մաքուր ա: Հիմա նայի՝ փողոցի մարդ ա, քցվել ա, չգիտի ում դիմի: Ես օրը 50 հատ տենց բազարի մեջ եմ: Քցողը իրա վրա բան չունի գրած, տանն էլ վարձով ա ապրում: Մարդը գնա դիմի դատարան, ի՞նչ լինի: Իսկ ստացողն «օֆիցիալ» մարդ ա, գիտի էդ փողը որտեղ ա դրած: Օսիպյանն ասում ա՝ եկեք, դիմում գրեք: Բայց իրանց դաժե հոսանքի հարցով չեն դիմում: Մարդիկ էսօր նագլի քցում են, էթում են քաղմաս, դիմում են գրում: Էս նոր բան ա սկսվել՝ գնում են, գրում են, թազա պոռնկություն ա»:

ՀԳ. Մհեր Սեդրակյանն ավելի վաղ հայտնել էր «Հրապարակին», որ ինքը եւ Գագիկ Բեգլարյանը գործի հետ կապ ունեն այնքանով, որ ցանկացել են հաշտեցնել կողմերին, ստանալ «քցվողի» գումարը: «Ես ընդամենը ուզեցել եմ կոմպրոմիս անեմ, էս կնիկը գալիս էր, ջանուջիգյարով խոսում էր, դե, աշխատում էի մի քիչ էլ իր օգտին լուծել, ասում էի՝ երեւանցի ա, էնի՝ ամերիկացի, ո՞վ կպատկերացներ, որ կգնար, իմ դեմ ցուցմունք կտար»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X