Խղճով եւ խելքով

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Այս օրերին ավելի ու ավելի շատ մարդիկ են հարցնում՝ ո՞ւմ ընտրենք։ Ես, որպես կանոն, պատասխանում եմ․ լավագույն հնարավորություն է ստեղծվել՝ թոթափելու կեղծ ընտրությունների, ընտրությունների արդյունքներին չվստահելու, ընտրություններից հետո հիասթափություն ապրելու ավանդույթը։

Բոլոր հիմքերը կան, որ ակնկալենք՝ այս անգամ արդար ու ազնիվ ընտրություններ են տեղի ունենալու, եւ հաղթելու է նա, ով ստանալու է ընտրողի քվեն։ Ուստի անհրաժեշտ է, որ ընտրողը ոչ թե իր վախերով ու շահերով առաջնորդվի, հարեւան-բարեկամի հորդորներով, այսրոպեական էմոցիաներով, այլ խաղաղ ու հանգիստ խորհի՝ որ ուժն է արժանի ներկայացված լինել ավագանիում, որ ցուցակի առաջին համարն է արժանի զբաղեցնելու Երեւանի քաղաքապետի խիստ պատվավոր ու պատասխանատու պաշտոնը։ Որ հետո ինքներդ ձեզ չմեղադրեք անարժան մեկին պահի ազդեցության տակ աջակցելու կամ մայրաքաղաքի շահերից չբխող որոշում կայացնելու մեջ։

Թերեւս արժե նաեւ այս ընտրությունների հետ կապված մի քանի նրբություններ իմանալ․ եթե ձեր ընտրած ուժը 6 տոկոսից պակաս ձայն ստանա, այսինքն՝ չհաղթահարի անցողիկ շեմը, ձեր ձայնը փոշիանալու է՝ այն գումարվելու է շեմը հաղթահարած թեկնածուների ձայներին։ Եթե որեւէ ուժ միանգամից 27 մանդատ, այսինքն՝ ընտրողների 40 տոկոս ձայները ստանա, ապա այդ ուժի առաջին համարը՝ առանց քվեարկության, կդառնա Երեւանի քաղաքապետ, քանի որ այս օրապակաս օրենքով այդ ուժը միանգամից 10 տոկոսի բոնուս՝ հավելում է ստանալու։

Այնպես որ, քվեարկությունից առաջ լավ ծանրութեթեւ արեք՝ ինչպես քվեարկել, որ մի կողմից անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն, մյուս կողմից՝ որեւէ ուժի մենաշնորհի ձեւավորմանը չնպաստեք։

Մեկնաբանություն
X