Հարցրեք՝ Միքայել Հարությունիչ, որ զորք էին մտցնում, ավելի լավ չէ՞ր՝ հրաժարական տայիք

Իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մեղավորներին բացահայտելուն, պատժելուն ուղղված իրավապահ մարմինների ջանքերը ստիպում են տասը տարով հետ գնալ եւ անդրադառնալ այն ժամանակվա իրադարձություններին, որոնք այս կամ այն չափով վճռորոշ դարձան այդ օրվա համար։ Ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվել, մամուլը մեկ առ մեկ հիշում եւ անդրադառնում է բոլոր նրանց, ովքեր այն ժամանակ կանգնեցին ժողովրդի կողքին՝ փորձելով կանխել վերահաս արյունահեղությունը։ Տասը տարի անց ի՞նչ ընթացք են ստացել մարտիմեկյան բացահայտումները, եւ ի՞նչ հանգրվանի կարող ենք հասնել։ Այդ մասին մի քանի հարց ուղղեցինք պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանին։

-Դուք 2008թ․ միացաք Ազատության հրապարակի ցուցարարներին։ Այն ժամանակ ունեի՞ք կանխատեսում, որ իշխանությունը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի կդիմի բիրտ ուժի, կտա ցուցարարներին կրակելու հրաման։

-Այն ժամանակ մեզ ասում էին, թե զորքը պետք է բերվի, մենք գիտեինք, որ զորք է գալու։ Դրա համար մեր առաջին խնդիրն էր՝ այնպես անել, որ զորք չմտնի Երեւան։ Չստացվեց, իհարկե, զորք բերեցին, այդ ժամանակ էլ անցա ժողովրդի կողմը։ Ես հրաժարվել եմ եւ կանգնել մինչեւ վերջ, մինչեւ ապրիլյան հեղափոխությունը եղել եմ ժողովրդի կողքին, հեղափոխությունից հետո էլ եմ ժողովրդի կողքին։

-Ժամանակին Փաստահավաք խումբը լուրջ աշխատանք է կատարել, բացահայտել Մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուներին, այն գործողությունները, որոնք իրականացվել են Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով։ Հիմա, երբ Հատուկ քննչական ծառայությունը հետամուտ է Մարտի 1-ի բացահայտմանը, առաջադրվել են կոնկրետ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, Ձեզ համար կա՞ն անակնկալներ, չբացահայտված հանգամանքներ։

-Մինչեւ հեղափոխությունը սպասելի չէր, իսկ հեղափոխությունից հետո սպասելի էին այդ մեղադրանքները, կալանավորումները։ Իհարկե, ամեն ինչ հայտնի էր։ Փաստահավաք խումբն ինչ արեց, մնաց թղթի վրա, որովհետեւ նախկին իշխանություններին ձեռնտու չէին բացահայտումները։ Բայց հեղափոխությունից հետո բոլորս էլ հավատում ենք, որ Մարտի 1-ը բացահայտվելու է։ ՀՔԾ-ն աշխատում է գիշեր-ցերեկ, տիրապետում է շատ իրական տեղեկատվության։ Մեր ժողովուրդն ապրել է, տեսել այդ ժամանակները, գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Այն ժամանակ մարդիկ լռում էին, իսկ հիմա բոլորը ցուցմունքներ են տալիս։ Լեոյի փողոցում ապրող ժողովուրդը ցուցմունքներ է տալիս, թե ինչպես են կրակել իրենց տների վրա, ոնց են իրենց տանիքներից կրակել ժողովրդի վրա։ Մարդիկ ցուցմունք են տալիս եւ չեն վախենում։

-Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ այն ժամանակ Երեւանի կայազորի պետ, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի մերձավոր շրջապատից հնչում են արձագանքներ, որ նրանք ժամանակին ծառայություններ են մատուցել մեր երկրին, չպետք է մոռանալ նրանց վաստակը։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, այդ մարդիկ Մարտի 1-ին կատարեցին երկրի ղեկավարի հրահանգները, դիմեցին նման նսեմացուցիչ քայլի։

-Ո՞վ է ուրանում, որ այդ մարդիկ ժամանակին ծառայություններ են մատուցել հայրենիքին։ Ոչ ոք չի ուրանում։ Բոլորն էլ գիտեն, որ այդ մարդիկ մասնակցել են պատերազմին, հաղթել ենք, եւ ամեն մարդ իր լուման ունի այդ պատերազմում։ Իսկ թե ինչու կատարեցին նման հրահանգներ, դա արդեն երկրորդ հարցն է, որ անձից է կախված։ Այդ հարցը տվեք իրենց, հարցրեք՝ Միքայել Հարությունիչ, էն ժամանակ, որ զորք էին մտցնում, ավելի լա՞վ չէր հրաժարական տայիք,գնայիք տուն, քան կատարեիք այդ հրամանը։ Այդ ժամանակ նրան կհարգեին, ոչ թե, որ փախավ Մոսկվա, դարձավ ՌԴ քաղաքացի եւ ապաստան խնդրեց։ Այդպես չէ։ Արի՛, տղամարդավարի ապացուցի՛ր, որ դու ճիշտ ես, իսկական զինվորական ես, իսկական հայ ես, արի՛, ապացուցի՛ր, որ դու հրաման ես կատարել կամ չես կատարել, Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանն ես կատարել, արի, ասա, որ կատարել ես։

-Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտումն, ըստ Ձեզ, ի՞նչ ընթացք կարող է ունենալ։ Ռոբերտ Քոչարյանն՝ իր գործունեությամբ, չի՞ խոչընդոտում Մարտի 1-ի բացահայտմանը։

-Ռոբերտ Քոչարյանը ոչինչ էլ չի կարող անել։ Մարտի 1-ը բացահայտված է 95 տոկոսով։ Քոչարյանը ոչինչ էլ չի կարող փոխել, մեքենան թափն առել է, գնում է։ Եվ այդ մեքենան չի կանգնելու, որովհետեւ այնպիսի տղաներ են վարում այն, որ երբեւիցե չեն կանգնելու։ Եվ արդարությունը պետք է հաղթանակի։ Մենք՝ «Հատուկ գնդով», «Ազատամարտիկների դաշինքով», պատրաստ ենք մինչեւ հաղթանակի վերջը կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X