Սելֆին միացնում է քաղաքացուն եւ քաղաքական գործչին

Ըստ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի՝ անկախության տոնին «Սելֆիի ժամ» նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ քաղաքական գործիչների եւ քաղաքացիների միջեւ հեռավորություն, խոչընդոտ չկա։ Այս մասին նա ասաց լրագրողներին՝ կառավարության նիստից հետո։

Նախարարի խոսքով՝ այդ նախաձեռնությունը մշակույթի նախարարությանը չէ, դա ընդհանուր միջոցառումների ցանկում է, իսկ իրենց նախաձեռնությունների ցանկում է երաժշտական, թատերական, արվեստի բնագավառին վերաբերող միջոցառումները․ «Նոր Հայաստանում խնդիրը դրված է ոչ թե լուսանկարվելը, այլ հասարակական, հանրային քաղաքական, գործիչների և քաղաքացիների միջև ցույց տալ, որ չկա որևէ հեռավորության, չկա անհասանելիության սկզբունքը: Սա է ամբողջը, որ նրանք շփվեն, ինչու չէ այդ թվում նաև լուսանկարվեն»։

«Հրապարակ»-ի հարցին՝ շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք նախորդ տարիներին կատարումներով հանդես են եկել, այս տարի եւս ներկայանալո՞ւ են, նախարարը նշեց․ «Կա ծրագիր, որը հրապարակված է, սոցցանցում նույնպես, ինչպես նաեւ կառավարության կայքում։ Կարող եք ծանոթանալ, թե որ փողոցում ինչպիսի միջոցառումներ կան, յուրաքանչյուր ժամի ինչ խումբ կամ արվեստագետ է ելույթ ունենալու։ Շոու բիզնեսի ներկայացուցիչները նույնպես լինելու են, կա փողոց, որտեղ լինելու է ռոքը, ջազը։ Իսկ թե ովքե՞ր են, ծրագրում մանրամասն նշված է»։

Մեկնաբանություն
X