Սա ցմահ պաշտոն չէ, կարող եմ նաև հեռանալ, սակայն ինձ համար բարոյական հարց է

«Մուրադյան, արթնացիր, թիմիդ հետ հեռացիր» վանկարկումներով երեկ վաղ առավոտյան Թատերական ինստիտուտում վերսկսվեց դասադուլը։ Ուսանողները, ինչպես նախորդ օրը, երեկ նույնպես պահանջում էին բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանից ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով, ինչպես նաեւ ռեկտորի եւ իր ղեկավար կազմի հրաժարականը։

Ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլեն Բալդրյանի կարծիքով, դասադուլի եւ գործադուլի պատճառներն ավելի քան ակնհայտ են․ «Նախօրեին ոստիկանության տարածած հաղորդագրությունից երեւում է, որ 2012-ից կոռուպցիա է տեղի ունեցել ինստիտուտում»։ Նա նկատում է որ հենց ռեկտորի եւ պրոռեկտորի թույլ տված սխալների արդյունքում է դա տեղի ունեցել, դրա համար էլ պահանջում են նրանց հրաժարականները։

«Ինչպես տեսնում եք, ուսանողները շատ ակտիվ մասնակցում են, եւ այն, որ պարոն Մուրադյանը շեշտում է, թե 50-60 հոգու համար չի պատրաստվում հրաժարական տալ, ուզում եմ ասել, որ այստեղ 50-60 ուսանող չէ։ Հասկանալով բուհի սպեցիֆիկան՝ նա պետք է հասկանար, որ ուսանողների մեծ մասը երեւի թե փորձերի են ու հերթափոխով գալիս-գնում են։ Եթե կարիք կա, մենք կարող ենք բոլոր ուսանողների ստորագրությունները ներկայացնել։ Մենք պայքարում ենք լավ կրթական ծրագրի համար, ու մեզ համար կարեւոր է, որ այս գործընթացը չկանգնի»։ Նա ընդգծում է՝ մի կողմից ուզում են դասադուլները շարունակել, մյուս կողմից չեն ուզում, որ ուսումնական պրոցեսը տուժի, գուցե այս ընթացքում տարբեր ակցիաներ կազմակերպեն, բայց պայքարը չեն դադարեցնի։

3-րդ կուրսի ուսանող Քրիստինե Ավագյանի կարծիքով, քանի որ ռեկտորից ոչ մի ուղիղ պատասխան չստացան նրա հետ հանդիպման առաջին օրը, որոշեցին շարունակել իրենց գործողություններն այս ֆորմատով։ Թե ինչքան է շարունակվելու դասադուլը, ըստ նրա, ընթացքը ցույց կտա։ Մինչ այդ իրազեկում են բոլոր ուսանողներին, որ միանան պրոցեսին։ Քրիստինեն ընդգծում է որ, անկախ ամեն ինչից, իրենք դեռ մայիս ամսից պահանջում էին բարելավել իրենց կրթական ծրագրերն ու դասապրոցեսը, որը, փաստորեն, արդյունք չի տվել։

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նույնպես Թատերականում էր։ Նա նշեց, որ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Թատերական ինստիտուտի ուսանողներին, միաժամանակ փորձում են ձեւավորել համագործակցային խումբ եւ միասին ավելի էֆեկտիվ աշխատել։

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նույնպես բուհում էր, նա հանդիպեց թե՛ ուսանողներին, թե՛ ռեկտորին։ Սուքիասյանից մասնավորապես հետաքրքրվեցինք` նախարարությունն իրավասություն ունի՞ միջամտելու բուհի ներքին խնդիրներին եւ ինչպե՞ս է տեսնում այս հարցի կարգավորումը։ «Քանի որ այս պահին մասնագիտական քննություն է իրականացվում, մենք որեւէ անելիք չունենք, բայց, բնականաբար, ԿԳՆ-ն իր իրավասությունների շրջանակներում որոշակի վերլուծություններ կանի, եւ եթե անհրաժեշտություն լինի, ուսումնասիրություն կկազմակերպի»,- ասաց նա ու հավելեց, որ ուսանողների հետ զրույցի արդյունքում պարզել է, որ նրանք ունեն նաեւ կրթական գործունեության հետ կապված խնդիրներ։ Եթե անհրաժեշտություն լինի, եւս մեկ անգամ կհանդիպեն նրանց հետ եւ կհասկանան, թե որ խնդիրներն են լուծելի կարճ ժամանակում, իսկ որոնք՝ ոչ։

«Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ապա այդ փոփոխությունները մեկ ամսվա գործունեություն չեն, դրան նախապատրաստվելու համար գոնե մեկ տարի պետք է, եթե ուզում ենք ստանալ ժամանակակից պահանջներին համապատասխան ծրագրեր։ Դա եթե մեկ ամսում անեն, ավելի վատը կստացվի, քան գործողը»,- նկատեց նա։

Սուքիասյանը նշում է, որ ռեկտորի փոփոխության հարցը անհրաժեշտության դեպքում պետք է բուհի կառավարման խորհուրդը քննարկի, բայց հաշվի առնելով, որ ինստիտուտի իրավական կարգավիճակը ՊՈԱԿ է, նախարարությունն իր իրավասության շրջանակում կարող է նաեւ հարց բարձրացնել եւ լրացուցիչ աուդիտ կազմակերպել կրթության բլոկում, որը, օրինակ, չեն կարող անել հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի դեպքում։ Նա նշեց, որ 10 օրվա ընթացքում կփորձեն համադրել ամբողջ պատկերը եւ հասկանալ իրավիճակն ու իրենց հետագա գործողությունները։

Այսօր կրթական ծրագրերից բուհի գրեթե բոլոր ուսանողներն են դժգոհ, հնարավոր համարո՞ւմ է դասադուլների այս շղթան տարածվի նաեւ այլ բուհերում։ Սուքիասյանը չի կարծում, որ դա կտանի շղթայական էֆեկտի, որովհետեւ յուրաքանչյուր բուհ ունի իր խնդիրները եւ զարգացման տեսլականը․ «Չեմ կարծում, որ դա կլինի շղթայական պահանջ, բոլոր բուհերում սա եղել է, ուղղակի մի քիչ փոքր քանակությամբ, մի քիչ մեծ, ավելի ակտիվ կամ ավելի պասիվ»։

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, անդրադառնալով ուսանողների հնչեցրած պահանջին, նկատեց, որ սա ցմահ պաշտոն չէ, թեեւ չի բացառում, որ ուսանողներին կարող են ինչ-որ ձեւով հրահրել, բայց ովքեր եւ ինչու՝ չգիտի, ամեն դեպքում հնարավոր է թե՛ ներսից, թե՛ դրսից։ Նա նորից նշեց, որ մինչեւ քննությունն իր գնահատականները չտա, ինքը չի կարող իր կարծիք հայտնել։ Իր կողմից միայն կարող է ասել, որ այդ քննությանն աջակցում են ամբողջովին եւ տրամադրել են բոլոր փաստաթղթերը։ Մուրադյանն ուսանողներին հորդորել է նաեւ մի քիչ սպասել, մինչեւ քննությունն ավարտվի․ «Թեպետ, եթե մեր ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը նոր ռեկտոր է երազում, անկախ որեւէ բանից՝ կավարտվի այդ քննությունը, թե ոչ, ես կարող եմ նաեւ թողնել, վերջիվերջո, այդքան երկար ժամանակ չի մնացել ապրելու, գուցե մի 2 գիրք գրեմ։ Սակայն ինձ համար բարոյական հարց է՝ քննությունը պետք է ավարտվի»։

Ռեկտորն ասում է, որ դասաժամերի եւ առարկաների քննարկման հարցում ընդառաջ են գնացել ուսանողների առաջարկներին, բայց կարծում է, որ մասնագիտական գիտելիքներից բացի, նրանց պետք է տան նաեւ հարակից առարկաների մասին գիտելիքներ, հակառակ դեպքում կդառնան տեխնիկում։

Ինչ վերաբերում է վերջին 4 տարիների հաշվետվությանը, ապա դա, ինչպես շեշտում է Մուրադյանը, իրենց բուհի կայքում տեղադրված է․ «Ուսանողները մեր բուհի կառավարման խորհրդում 25 տոկոս են, եւ ամեն տարի բյուջեն եւ կատարողականը, այն, ինչ ծախսվել է եւ ինչու է ծախսվել եւ առաջիկա նախագիծը մանրամասն քննարկվում են կառավարման խորհրդում։ Իրենք նույն չափաբաժնով ներկա են նաեւ գիտխորհրդում։ Եթե ուզում են նորից նայել, կարող են իրենցից մի հանձնաժողով կազմել՝ 5 թե 7 հոգուց բաղկացած, եւ մտնել հաշվապահություն ու ծայրից ծայր նայել»։

Մուրադյանը ոչ մի կերպ չի միջամտել իրազեկման գործընթացին, նախ՝ որովհետեւ չէր կարող գնալ ուսանողների ձեռքից բարձրախոսը խլել եւ հետո՝ առավոտից տասնյակ լրատվամիջոցների հարզացրույցներ է տալիս եւ չի կարողացել իր սենյակից դուրս գալ։

Անդրադառնալով բուհի կառավարման խորհրդին՝ ռեկտորը նշեց, որ արդեն պաշտոնական նամակ են ստացել ԿԳՆ-ից, որ սկսվում է նոր կառավարման խորհրդի ձեւավորումը, եւ իրենք իրենց կողմից կարող են թեկնածուներ առաջարկել․ «Հիմա մենք այդ գործընթացի մեջ ենք՝ նոր կառավարման խորհրդի ձեւավորման փուլում, որը, ի դեպ, ձեւավորում է կառավարությունը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X