Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը

Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին: Ամենատարբեր հետաքրքրություն եւ ոլորտների շրջանակ ընդգրկող լսարանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու ընկերության ավելի քան տասնամյա պատմությանը, վարկանիշի ձեռքբերման փորձին, շուկայում առաջատարության դիրքերի պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ ընկերության գլխավոր տնօրենի անցած ճանապարհին:

Հանդիպման այս ձեւաչափը կարեւոր հարթակ է՝ արդյունավետ կառավարման «լեզվին» տիրապետելու համար: Տարիների փորձի փոխանակումը երիտասարդներին թույլ է տալիս առաջատար դարձած ընկերության պատմության մեջ տեսնել ոչ միայն արձանագրած հաջողությունները, այլեւ այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ընկերության ղեկավարն իր թիմի հետ հաղթահարել է՝ հավատարիմ մնալով կազմակերպության ռազմավարությանը, կառավարման պատասխանատու մոդելին եւ սպառողի պահանջներին:

«Բոլորն իրենց գործում ձգտում են հաջողության: Դրան հասնելու ճանապարհները, սակայն, տարբեր են: Տարբեր է նաեւ հաջողության սահմանումը. մեկի համար դա ուղղակի բիզնեսի շահերով առաջնորդվելն է, մյուսի համար՝ եկամուտ ապահովելը, երրորդի համար՝ ժամանակակից աշխարհի տեմպերին չզիջելը, մեկ ուրիշի համար՝ աշխատակիցների ու հասարակության համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը եւ այլն: Կարելի է թվարկումը շարունակել: Իրական հաջողությունն այս ամենի հանրագումարն է եւ կառավարման պատասխանատու մոդելի ընտրությունը: Այդ ճանապարհը հեշտերից չէ: Այն պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք, այլեւ ձեռք բերված հեղինակությունը պահպանելու կամք: Այն, որ դուք այստեղ եք եւ ձգտում եք տարիների մեր փորձն ուսումնասիրել, վկայում է, որ կարող եք այդ փորձից անհրաժեշտ գիտելիք ստանալ եւ այն կիրառել ձեր գործում: Երազեք եւ իրականացրեք ձեր ծրագրերը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինտերակտիվ շփման արդյունքում դասախոսության մասնակիցները ծանոթացել են ոչ միայն ոլորտի զարգացման առանձնահատկություններին, այլեւ բացահայտել, որ երկարաժամկետ հաջողության համար կարեւոր է կառավարման գործիքների ընտրությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) եւ ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

Մեկնաբանություն
X