Փողոցում ընկած իշխանությունը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրարշավն անսպասելիորեն եւ արագորեն սրվեց՝ քարոզարշավի դանդաղ ծորացող ընթացքը մեկեն վերածելով իշխանության համար մղվող անզիջում պայքարի: Այն իշխանության համար, որը 2018թ. մայիսից հետո Հայաստանում այլեւս չի պատկանում ոչ ոքի: Այդ թվում եւ՝ Նիկոլ Փաշինյանին: Թվում է, թե ՀՀ վարչապետ Փաշինյանը սկսել է զգալ իշխանության չգոյության վտանգը եւ որոշել է երեւանյան ընտրություններով ետ բերել այն, ինչը թավշյա հեղափոխության 15-20 օրերի ընթացքում ետ էր նվաճել Հայաստանի հասարակությունը Սերժ Սարգսյանից եւ ՀՀԿ-ից. իշխանությունը:

Հայաստանի մայրաքաղաքը՝ Երեւանը, բնակչության գերկենտրոնացվածությամբ մշտապես եղել է երկրի ներհասարակական-ներքաղաքական զարգացումների խառնարանը, որտեղ ծնվել է հայաստանցիների պայքարը երկրի անկախության, Ղարաբաղի ազատության համար, որտեղ բարձրացել է ժողովրդավարական ազատությունների դրոշը, որտեղ նաեւ մոխրացել են ՀՀ քաղաքացիների ձգտումներն ու հույսերը:

Հայաստանում իշխանության խնդիրը միշտ լուծվել է Երեւանում (թեպետ 2008-ից հետո հասարակությունը վստահ էր, որ իշխանության խնդիրը լուծվում է Ստեփանակերտում): Նաեւ այդ պատճառով է Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընկալվում որպես Հայաստանում իշխանությունը կիսելու հնարավորություն: Նաեւ այդ պատճառով է, որ Երեւանի բոլոր քաղաքապետերը եղել են տվյալ ժամանակի բարձրագույն իշխանությանը հավատարիմ կամ առնվազն վտանգ չներկայացնող անձինք: Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրելով պարզունակ հեռուստասերիալներից քաղաքականություն իջած Հայկ Մարությանին՝ Փաշինյանը, հավանաբար, առաջնորդվում էր նույն կաղապարով: Դժվար է պնդել, թե Կարգին Հայկոն Երեւանը կդարձնի կարգին քաղաք, սակայն վստահաբար կարելի է պնդել, որ հենց նա կլինի Երեւանի հաջորդ քաղաքապետը: Կարգին Հայկոյի պատկերացումները եւ ունակությունները Երեւանի զարգացման, ավելի ճիշտ՝ մայրաքաղաքի փրկության մասին ոչ ոքի չեն հուզում, այդ թվում եւ՝ Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ Փաշինյանին թվում է, որ հենց ինքը կաշխատի ե՛ւ որպես վարչապետ, ե՛ւ որպես քաղաքապետ, նախարար, վարչության պետ եւ սեփական մամլո քարտուղար:

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության իրական եւ շոշափելի վտանգը սկսեց զգալ ԲՀԿ-ից: Եվ թեպետ բախվեցին «Հայկական ժամանակ» օրաթերթի երբեմնի գլխավոր խմբագիրն ու լրագրողը՝ Ն. Փաշինյանն ու Ն. Զոհրաբյանը, սակայն ճակատամարտը գլխավորում էին «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առաջնորդները՝ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Նիկոլը, ում ղեկավարած հեղափոխության հաղթանակի շնորհիվ անգամ ավագանու ընտրությունները դարձան մասնակցային՝ գրավելով բազում թեկնածուների, այժմ նա ընտրությունները դարձրեց ավելի կարծր: Ազատ քաղաքական ընտրապայքարի համար երկու կողմերի վարքագիծն էլ օրինաչափ է, միմյանց մերկացնող փաստերը՝ հասարակությանը հիասթափեցնող, քաղաքական բառապաշարը՝ տարակուսելի:

Միաժամանակ, Փաշինյանի անհանգստությունը հիմնազուրկ չէ: Գագիկ Ծառուկյանը, որը հեղափոխությանն աջակցեց նաեւ Սերժ Սարգսյանից իր նվաստացման վրեժը լուծելու համար, այժմ երեւանյան ընտրություններում հավակնում է նույն ընտրազանգվածին, ինչ «Իմ քայլը» դաշինքը: Բացի այդ, Ծառուկյանի միջոցով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորություն է տեսնում նաեւ Հանրապետական կուսակցությունը:

Եվ երբ ժամանակ առ ժամանակ Նիկոլը կրկնում է՝ «Իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին», նա անկեղծորեն հավատում է այդ թեզին, որն ամրագրված է անգամ բոլոր ժամանակներում կեղծվող ՀՀ Սահմանադրությունում: Փաշինյանը նաեւ գիտե, որ իր երերուն կառավարությունը հենվում է հասարակության կամ առնվազն նրա այն հատվածի վրա, որը շարունակում է սատարել Փաշինյանի բոլոր քայլերը՝ ոչ միայն դեռեւս արբեցած հեղափոխական խանդավառությամբ, այլեւ վախենալով Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի իշխանության վերադարձի մղձավանջից: Հրապարակներում եւ փողոցներում մարտնչող «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում վերցնել իշխանությունը եւ այդ իսկ պատճառով անվերջ վերադառնում է հրապարակ՝ համոզվելու, թե արդյոք այդ իշխանության սկզբնաղբյուրը դեռ այնտեղ սպասո՞ւմ է իրեն:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ նախաձեռնած քայլարշավի օրերին Փաշինյանը նկատում էր. «Մեկ շաբաթ իշխանությունը փողոցում է գցած լինելու, եւ եթե պարզվի, որ կա այնպիսի ժողովուրդ, որ պատրաստ է վերցնել իշխանությունը, ուրեմն նա կվերցնի այդ իշխանությունը»: Թեպետ իշխանությունն այդպես էլ Երեւանի փողոցներում գետնատարած չհայտնվեց, սակայն Սերժ Սարգսյանը իշխանությունը Փաշինյանին հանձնեց չկայացած բանակցությունների օրը:

Նիկոլ Փաշինյանի վճռականությանը, հետեւողականությանը եւ խիզախությանը դժվար է կասկածել, սակայն պետականություն կայացնելու, պատասխանատվությունն իրացնելու նրա եւ նրա թիմի անկարողությունը նվազեցնում է իշխանությունը վերցնելու նրա իսկ հնարավորությունները: Փաշինյանն ընտրություններ չի կեղծելու, սակայն չկայացած պետությամբ հազիվ թե կարողանա հաղթել արդեն խորհրդարանի ապագա ընտրություններում: Իսկ գործող Ազգային ժողովը հայոց պետականության իրական վտանգներից է:

Եվ ահա այդ ժամանակ օրինաչափորեն միանալու է Նիկոլ Փաշինյանին փոխարինելու ժամացույցը: Ծառուկյանն այժմ փորձում է իշխանությունը կիսել, վաղը կփորձի փոխարինել նրան: Սակայն Ծառուկյանն իր հաշվարկներում սխալվել է: Իշխանությունը փողոցում ընկած է, սակայն այն շատ է ծանր վերցնելու համար, անգամ՝ լավ մարզավիճակում գտնվող Գ. Ծառուկյանի համար: Ծանր է, քանի որ նրա մեջ դրված են անկախ պետության կայացման, արդարության եւ օրինականության հաստատման, ազատության եւ ժողովրդավարության ապահովման ծանր կշռաքարերը: Նման ծանրություն նա չի կարողանա բարձրացնել: Այնպես, ինչպես այդ ծանրությունը դեռ չի կարողանում բարձրացնել Նիկոլ Փաշինյանը:

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Մեկնաբանություն
X