Մանվելի հետ չհամեմատեք՝ Խաչատուրովը ճանապարհ անցած մարդ է

Դեռ չեն մարել ներքաղաքական կրքերը, որոնք առաջացան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման եւ դրա հրապարակայնացման հետեւանքով: Օրերս էլ հրապարակվեց մի բաց նամակ, որը գրել էին Տավուշի մարզի նախկին Շամշադինի շրջանի զինվորական վետերանները՝ 86 հոգի: Նրանք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից՝ հնչեցված անձնական վիրավորանքների համար․ «Մենք խորապես մտահոգված եւ վրդովված ենք ՀՀ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հասցեին Ձեր կողմից հնչեցված վիրավորանքներից եւ պետական պաշտոնյային ոչ վայել վերաբերմունքից… Անթույլատրելի ենք համարում որեւէ անձի, առավել եւս՝ իր ողջ կյանքն ու գործունեությունը հայրենիքի պաշտպանությանն ու բանակաշինությանն անմնացորդ նվիրած բարձրաստիճան զինվորականի հանդեպ նման վերաբերմունքը: Եթե այսօր հեղափոխությունից խանդավառված հասարակությունը Յուրի Խաչատուրովին հիշում է միայն որպես Մարտի 1-ի գործով կասկածյալ, ապա մենք` հայոց բանակի հարյուրավոր նախկին վետերաններս, հիշում եւ հարգում ենք նրան որպես հմուտ ռազմագետի, հոգատար սպայի եւ օրինակելի հրամանատարի: Մենք պահանջում ենք հարգել անձի արժանապատվության իրավունքն ու չխախտել կասկածյալի անմեղության կանխավարկածը: Այո, բոլոր հանցագործները պետք է պատասխան տան եւ ոչ միայն Մարտի 1-ի գործով: Բայց դա որեւէ մեկին չպետք է իրավունք վերապահի վարկաբեկելու անձանց, ում մեղքն օրենքով նախատեսված կարգով ապացուցված չէ, եւ ընթանում է նախաքննություն: Մենք դատապարտում ենք անհանդուրժողականությունն ու պահանջում ենք հրապարակային ներողություն»:

Նամակի տակ ստորագրել են Տավուշի մարզի Չինարի եւ Այգեձոր համայնքների բնակիչները, որոնց մի մասը ՌԴ տարբեր քաղաքներ մշտական բնակության է մեկնել: Այս նամակը միանշանակ չընդունվեց հայաստանյան հասարակության կողմից: Համացանցը ողողվեց նամակագիրների հասցեին ուղղված մեղադրանքներով ու հայհոյանքներով՝ «Պուտինի ստրուկներից» մինչեւ «ռուսավասալներ»: Երեւանաբնակ տավուշցիներն ուզում են հասկանալ իրենց համագյուղացիների քայլի իմաստը: Ստորագրածների մեջ մեծ թիվ են կազմում այգեձորցիները: Իսկ Այգեձորը դաշնակցական գյուղի համբավ ունի. տարածաշրջանում այն վերջինն է ենթարկվել խորհրդային կարգերին: Ուստի նամակի ետեւում ոմանք տեսնում են ՀՅԴ-ի «ականջները»: Տեղական «վերլուծաբանների» մի խումբ էլ կարծում է, որ այստեղ խառն է պաշտոնական Մոսկվայի «մատը»։ Մինչդեռ նամակագիրներին ճանաչողները գիտեն նրանց անցած ուղին, վաստակը, հայրենիքի հանդեպ նրանց նվիրվածությունն ու ներդրումը: Նրանցից շատերը հեղափոխության «ֆոնդին» գումարներ են փոխանցել, աջակցություն հայտնել համաժողովրդական շարժմանը: Իսկ ինչո՞ւ հենց շամշադինցիները հանդես եկան Խաչատուրովի պաշտպանությամբ: Այդ հարցի պատասխանը գտնելու համար պետք է վերադառնանք 90-ական թվականներ, երբ Հայաստանի արեւելյան սահմանը՝ Շամշադինի շրջանը, ողջ երկայնքով պատերազմի մեջ էր հարեւան Ադրբեջանի հետ։ Այդ ժամանակ Մոսկվայից եկավ Յուրի Խաչատուրովը, ստեղծեց մոտոհրաձգային գունդը, այնուհետեւ նրան հանձնվեց ողջ Շամշադինի շրջանի պաշտպանությունը: Ստորագրողները եղել են Խաչատուրովի մարտական ընկերները, զինակիցները: Այգեձորցի Սուրիկ Օրդյանը, ով պատերազմի տարիներին եղել է կամավորական գնդի հրամանատար, այնուհետեւ՝ հետախուզության պետ, կորցրել է ոտքը ու «Երդվյալ ազատամարտիկների միության» Այգեձորի կառույցի ղեկավարն է: Նրա անունը նույնպես կա նամակը ստորագրողների ցանկում: Մենք զրուցեցինք նրա հետ:

-Պարոն Օրդյան, հասարակությունը վատ արձագանքեց ձեր բաց նամակին: Ի՞նչը ձեզ դրդեց գնալ նման քայլի, ո՞վ էր այդ նամակի մտահղացման հեղինակը:

-Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ հայրենիքի պաշտպան: Խաչատուրովը մեր մոտ եղել է հրամանատար: Շամշադինի համար շատ գործեր է արել, ես չգիտեմ, թե հետո ուրիշ ինչ քայլեր է կատարել, բայց այդ բարձր մարդուն չի կարելի միանգամից տրորել: Եթե նա ինչ-որ սխալ բան է արել, դրա համար կա պետական օրենք, ինչ որ պետք է, անեն, բայց ո՛չ ստորացնեն: Ներքին Կարմիրի բարձունքն ինքն է կազմակերպել, որ գնացել ենք վերցրել, ամբողջ շրջանն այդ մարդը պաշտպանել է: Նրա հետ շատ բարձունքներ ենք նվաճել այդ շրջանում, կարող եմ թվարկել, թե ինչ հաղթանակներ ենք տարել նրա գլխավորությամբ: Բայց մարդուն անտեղի վարկաբեկում, ստորացնում են:

-Բայց տեսակետ կա, որ Չինարի գյուղի Տանձուտ սարը, որը հետագայում կոչվեց Վահրամասար, Խաչատուրովի մեղքով է 1994-ին դարձել ադրբեջանցիներինը:

-Տանձուտի գրավումը թուրքերի կողմից եղավ այն բանի պատճառով, որ այդտեղ այդ ժամանակ մարդ չի եղել, մեզ ուրիշ տեղ էին ուղարկել, այնտեղ ինքնապաշտպանություն չի եղել, թուրքերը եկել տեսել են ու վերցրել:

-Իսկ հետագայում հնարավոր չէ՞ր այն հետ վերցնել: Ասում են, որ Խաչատուրովը թույլ չի տվել:

-Մենք մի անգամ փորձեցինք վերցնել, չկարողացանք պահել, Վահրամ Սաղոյանն էլ այդտեղ զոհվեց, ում անունով հետագայում կոչվեց սարը: Երկրորդ անգամ էլ փորձեցինք, բայց հնարավոր չեղավ, քանի որ նրանց դիրքերն ավելի բարենպաստ էին, մեր հաղթանակը հնարավոր չէր, միայն զոհեր կտայինք: Տանձուտի գրավումն այդպես է եղել, թե չէ հո Խաչատուրովը չի՞ ասել՝ եկեք Տանձուտը վերցրեք:

-Լավ, հիմա Ձեր կարծիքով, եթե մարդը մարտական անցյալ ունի, հետագայում ինչ ուզի՝ կարող է անել եւ անպատի՞ժ մնալ: Այդ դեպքում պետք է գեներալ Մանվելը նույնպես անպատիժ մնա:

-Խնդրում եմ Խաչատուրովին ու Մանվելին չհամեմատեք: Մանվելը ժողովրդի դեմ շատ բաներ է արել, բայց Խաչատուրովը՝ ոչ: Այդ մարդը ճանապարհ անցած մարդ է, հո միանգամից չդարձա՞վ այդպիսին, պետք է հաշվի առնել նա անցած ճանապարհը:

-Իսկ բաց նամակ գրելու միտքն ո՞ւմն էր, ո՞վ առաջարկեց նման բան անել:

-Մեկը՝ ես, ընկերական նստել խոսացել ենք, ես իմ կարծիքն եմ արտահայտել, որ այդ մարդու հետ չի կարելի այդպես վարվել:

-Այսինքն՝ որ ժամանակին պաշտպանել է հայրենիքը, հետագայում եթե կասկածվում է Մարտի մեկի գործով, չքննե՞ն:

-Մարտի մեկի գործի հետ Խաչատուրովը կապ ունի՞: Ես դրա մասին տեղեկություն չունեմ:

-Դուք տեղյակ չե՞ք, թե նա ինչում է կասկածվում, նամակի տակ ստորագրել եք, նամակի բովանդակությանը ծանո՞թ եք, այն կարդացե՞լ եք:

-Չէ, ինձ ուղղակի հեռախոսով ասել են, հարցրել եմ, ես իմ ասելիքն ասել եմ՝ վերջացրել:

-Տեղյա՞կ եք, որ նամակով ՀՔԾ պետից հրապարակավ ներողություն եք պահանջում: Ձայնագրությունից տեղյա՞կ եք:

-Ես չգիտեմ այդ մասին, տեղյակ չեմ:

-Այդ դեպքում ո՞վ է գրել նամակը:

-Նամակը, ինձ թվում է, որ ընկերները միասին են գրել, ինձ կանչել են, չեմ կարողացել գնալ:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X