Լույս է տեսել Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը

Սիրելի ընթերցող․

Այսօր՝ սեպտեմբերի 20-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 8-րդ համարը։

Համարում կարող եք կարդալ թուրքական եւ իրանական ժամանակակից պոեզիայի 2 վառ անհատականությունների՝ Բեթյուլ Դյունդերի եւ Մարջան Մեհդավիի բանաստեղծությունները, թարգմանությամբ՝ Կարոլինա Սահակյանի եւ Էդուարդ Հախվերդյանի։

Ֆոտոլրագրող Սոնա Ադամյանը զրուցել է ռուս դոկումենտալ լուսանկարիչ Վլադիմիր Դուբրովսկու հետ, ով խոսել է ոչ միայն լուսանկարչությունից․ «Լուսանկարչի եւ լուսանկարվողի հարաբերություններից շատ բան է կախված, դա կա՛մ ներքին կոնֆլիկտ է, կա՛մ ներքին դիալոգ, որը կարող է գունավորվել դրական կամ բացասական էմոցիաներով։ Իրականում բացասական էմոցիաները երբեմն ավելի լավ են աշխատում, դրա համար բացասականից վախենալ չարժե։ Եթե կա խնդիր, կոնֆլիկտ, որտեղ քեզ թույլ են տալիս լինել նաեւ լուսանկարիչ, ապա շատ հավանական է, որ այդ լուսանկարներն ավելի ուժեղ ստացվեն, քան պարզապես ամերիկյան ժպիտի կամ դրական էմոցիայի ամրագրումը»։

Կինոգետ, սցենարիստ Անուշ Բաբայանն իր գրախոսականի մեջ անդրադառնում է ուկրաինացի ամերիկաբնակ ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վահրիճը եւ սեւ քառակուսին» ֆիլմին, որով այս տարի բացվեց «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը․ «Նրան համարում էին նոր ժամանակների վերջին ֆուտուրիստը։ Միաժամանակ խոստովանում էին, որ նրան դժվար է ընկալել որպես արվեստի որոշակի ուղղության հետեւորդի։ Նրա ամենասիրելի ժանրը կոլաժն էր, նրա գրաֆիկական աշխատանքները, նրա երգիծանկարները, որոնք ստեղծում էր իր իսկ մտահղացած տեխնիկայով եւ միայն իրեն բնորոշ ոճով, այնքան սրամիտ էին, որ անմիջապես ստիպում էին ժպտալ, եւ այնքան բազմաշերտ, որ ստիպում էին մտածել»։

Արձակագիր, լրագրող Կարինե Հարությունյանի՝ «Թերթերը վերջացան, պատերազմը վերջացավ» պատմվածքի հերոսը ծաղկավաճառ, պատերազմի թոհուբոհի միջով անցած Ավոն է․ «Ավոն պատերազմի տարիներին ցրիչ էր աշխատում, այդ թվերին թերթերը ձեռքից ձեռք էին խլում: Յուրաքանչյուր թերթից մեկական էլ Ավոյին էր հասնում. այդպես խմբագիրների խիղճը մի քիչ հանգիստ էր լինում, քանի որ աշխատավարձ ստանալու հույսը միայն խաղաղության հետ էին կապում: Ավոն խորը կարճատեսություն ուներ, կռվի առաջին իսկ օրերից վազել էր զինկոմիսարիատ, բայց նայելով Ավոյի ակնոցի ապակիների հաստությանն ու դեռ այդ ակնոցի միջից կկոցվող աչքերին՝ գլուխները տարուբերել էին»։

Մեկնաբանություն
X