Նիկոլ Փաշինյանն անկեղծ է ներկայացնում իր սկզբունքները Վլադիմիր Պուտինին

Չնայած իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել է երեք անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդես է եկել հայտարարություններով, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում, կան կասկածներ, որ ՌԴ-ն դեռ չի ընտելացել Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած քաղաքական ուժի հետ համագործակցությանը։ Մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածով առաջադրված մեղադրանքի շրջանակներում (այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը) կալանավորելը առաջացրեց ռուսական որոշակի շրջանակների դժգոհությունը։ Սրանից զատ՝ Քոչարյանը հարցազրույցներ է տալիս ռուսական ԶԼՄ-ներին եւ քննադատում Հայաստանի իշխանություններին։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները ռուսական ԶԼՄ-ների հետ կապ չունեն Ռուսաստան պետության դիրքորոշման հետ։ Ըստ նրա՝ այդ ամենը կապված է ռուսական որոշ ազդեցիկ շրջանակների հետ, եւ այդ իրողության հետ պետք է հաշվի նստել։ «Այդ հարցազրույցները եւս մեկ անգամ հուշում են, որ Ռոբերտ Քոչարյանի պարագայում այլ խափանման միջոց, քան կալանքն է, գոյություն ունենալ չի կարող»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ Մեր դիտարկմանը, որ ՌԴ-ն քսան տարի շարունակ հարաբերվել է այլ Հայաստանի հետ, որը ներկայացնում էին ամենեւին էլ ոչ ժողովրդավար իշխանություններ, մայիսից սկսած նա գործ ունի բոլորովին այլ Հայաստանի հետ։ «Հայ-ռուսական հարաբերությունները մի գործընթաց են, որի ընթացքում կողմերը ձգտում են համատեղել անհամատեղելին։ Այսօր Հայաստանում քրեական գործեր են հարուցվում այն ամենի դեմ, ինչը Ռուսաստանի պարագայում ուղղակի պետական կառավարման համակարգի հիմքն է»,- նշեց քաղաքագետը։ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ նոր իրողություններին ադապտացվելը ընթանալու է ծանր պայքարի գնով, որի ընթացքում չպետք է կուլ չգնալ ՌԴ-ին։ Ինչ վերաբերում է ՌԴ-ի՝ ՀՀ-ի հետ հաշվի նստելուն, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ նա չունի այլ տարբերակ, քանի որ դա հայ ժողովրդի կամքն է։ Մյուս գործոնը, ըստ նրա, այն է, որ ՀՀ-ն ՌԴ չէ, եւ եթե ՌԴ-ն փորձի կոպիտ ձեւով միջամտել, ապա կստանան կրակ եւ արճիճ։ Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը հիշեցնում է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ չի կարողանում հարաբերություններ զարգացնել աշխարհի երկրների 95 տոկոսը։ Շատերը, ըստ նրա, ՌԴ-ի հետ ունեն թշնամական հարաբերություններ, եւ դա պայմանավորված է ՌԴ-ի արտաքին քաղաքականությամբ։ Ինչ վերաբերում է ՌԴ-ՀՀ հարաբերություններին, վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, ապա Հովհաննես Իգիթյանի դիտարկմամբ, վարչապետը փորձում է որոշ սկզբունքներ մտցնել հարաբերությունների մեջ։ «Այդ հարաբերությունները կառուցվում են նախ եւ առաջ որպես երկու դաշնակից, հավասար երկրների հարաբերություններ, որքանով դա հնարավոր է։ Մյուս կարեւոր սկզբունքն այն է, որ երկրները պայմանավորվում են չմիջամտել ներքին քաղաքականության հարցերին։ Նիկոլ Փաշինյանը բավականին անկեղծ է ներկայացնում այդ սկզբունքները, եւ կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինն էլ չի կասկածում Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը։ Կրկնում եմ՝ այդ ամենն արվում է այնքանով, որքանով հնարավոր է ՌԴ-ի հետ զարգացնել լավ հարաբերություններ։ Նույնիսկ ՌԴ-ի հետ նույն դաշինքի մեջ գտնվող երկրները՝ ԵԱՏՄ շրջանակներում, անընդհատ խնդիրներ են ունենում ՌԴ-ի հետ, ինչի մասին էլ պարբերաբար հայտարարություններ ենք լսում թե՛ Ղազախստանից, թե՛ Ղրղզստանից, թե՛ Բելառուսից»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա կարծիքով՝ եթե մենք հայտարարում ենք լավ հարաբերությունների մասին, դա նշանակում է, որ մենք ՌԴ-ից խորամանկ եւ ագրեսիվ քայլեր չենք սպասում։ «Եթե հարցը այնպես դնենք, թե արդյո՞ք ՌԴ-ն պատժելո՞ւ է ՀՀ-ին՝ օգտագործելով ԼՂ հարցը կամ տնտեսական ճնշման հնարավորությունները, ապա ես այս պահին չեմ տեսնում այդ վտանգը Ռուսաստանի կողմից»,- արձագանքեց Հովհաննես Իգիթյանը։

Մեկնաբանություն
X