Մարուքյանն ու գործընկերները պետք է դադարեն միակողմանի կառչած մնալ իշխանություններից

2018 թ․ ապրիլի 3-ին «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Արագ պարտության եւ երկարատեւ, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» վերնագրով մի հոդված հրապարակեց։

Ճիշտն ասած ես շատ եմ սիրում, երբ քաղաքական գործիչներն իրենց գործընկերների, ինչպես նաև հանրության հետ փոխհարաբերվում են նաև գրույթի միջոցով։ Դա քաղաքական մշակույթի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը ցավոք սրտի մեր միջավայրում այդքան էլ տարածված չէ։

Ինչևիցե, անկախ Մարուքյանի գրվածքի բովանդակությունից, այդ փաստն ինձ իսկապես ուրախացրեց ու գաղափարական անհամաձայնությունից ելնելով շտապեցի գրել պատասխան հոդվածը՝ «Էդմոն Մարուքյանը թիկունքից հարված հասցրեց հակաիշխանական պայքարին» վերնագրով։

Ընթերցողների մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչու եմ ի վերջո հիշել ավելի քան 6 ամսվա վաղեմության այս իրադարձությունները։ Ավելի քան պարզ է, որ այդ իրադարձությունները ուղղակիորեն առնչվում են արդի իրավիճակի հետ կամ այլ խոսքով ասած՝ ներկայիս նախընտրական կամպանիայի կոշտ հռետորաբանության ակունքները պետք է փնտրել քաղաքական ուժերի ապրիլյան դիրքավորման ու գործունեության մեջ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու Էդմոն Մարուքյանը պարբերաբար դժգոհում են իշխանությունների ու ՔՊ-ի վերաբերմունքից՝ փորձելով հաշտության ու համագործակցության եզրեր փնտրել։ Ավելին՝ Մարուքյանն ու գործընկերները ջանք չեն խնայում «Ելք» դաշինքի արդեն իսկ արժեզրկված գոյությունը փրկելու ուղղությամբ։ Բայց ի պատասխան այս ամենի սառը ու կոշտ պատասխաններ են ստանում՝ երբեմն էլ արժանանալով սուր քննադատության։

Շատերի համար կարող է զարմանալի թվալ, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանցքում թողել իր նախկին գործընկերներին, չէ՞ որ նրանք իրար հետ քաղաքական լուրջ ճանապարհ են անցել։ Վստահաբար Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հասկանում են, թե որն է այս մոտեցման բուն պատճառը։ Եվ այդ պատճառը պետք է փնտրել 6 ամիս առաջ հրապարակված Մարուքյանի հայտնի հոդվածում ու ընդհանրապես այդ քաղաքական ուժի գործունեության մեջ։

Երբ Փաշինյանն իր զինակիցների հետ դեռ նոր էր սկսել քայլարշավը, «Ելք»-ի նրանց գործընկերները ոչ միայն հրաժարվեցին մասնակցել այդ գործընթացին, այլ նաև չփորձեցին նույնիսկ աջակցել։ Ավելին՝ նրանք չափազանց մեծ վնաս հասցրեցին հեղափոխությանը՝ թիկունքից հարված հասցնելով հակաիշխանական պայքարին։

Մարուքյանն իր հոդվածում շեշտադրում էր պայքարի անհեռանկար ու աննպատակ լինելու հանգամանքները՝ առաջարկելով գործունեության այլ ճանապարհ, որն էր՝ հավերժ ընդդիմության կարգավիճակն ու համակարգային երկարաժամկետ բարեփոխումների գնալը։ Պատասխան իմ հոդվածում գրել էի․ «Համակարգային ընդդիմադիրի կարգավիճակ ունեցող պատգամավորը ցանկանում է էլ ավելի խորանալ համակարգի մեջ։ Դառնալ հավերժ ընդդիմություն՝ վերահսկելի ու կառավարելի, իսկ միակ լիազորությունը պետք է լինի խոսելը, գործնական հիմքից կտրված և օդում ցրվող ճայթրուկի պես։ Ահա սա է Մարուքյանի պատկերացրած ընդդիմությունը։ Ավելի շուտ դա արդեն ընդդիմություն էլ չէ, այլ՝ բյուրոկրատների ինչ-որ խումբ, որի միակ գործառույթը իշխանություններին մեղմ քննադատելն է՝ անվնաս ու անհետևանք»։

Այդ ժամանակ Էդմոն Մարուքյանը, ամենայն հավանականությամբ, ոչ մի կերպ չէր հավատում համաժողովրդական պայթյունի հավանականությանը ու հիմա ետ նայելով ամենից շատն է փոշմանում, որ ի սկզբանե չի միացել Փաշինյանին։ Բայց արդեն ուշ է։ Մարուքյանն իր քայլն արել է 6 ամիս առաջ՝ այրելով բոլոր կամուրջները ՔՊ-ի հետ, հենց նա է ոչնչացրել «Ելք» դաշինքը՝ չաջակցելով իր գործընկերոջը։ Իսկ հիմա դաշինքի պահպանման ու հաշտեցման ուղղությամբ իրականացվող անզուսպ քայլերն անիմաստ են ու ոչ մի տեղ չտանող։ ԼՀ-ն ստանում է այն, ինչին որ իսկապես արժանի է։

Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հեղափոխության պատճառով փաստորեն մնացել է առանց առաքելության ու գործունեության տիրույթի։ Այսինքն Սերժ Սարգսյանի համակարգում նրանք կոնկրետ դեր ու նշանակություն ունեին, որն էր՝ համակարգային ընդդիմությունը։ Իսկ հիմա փաստորեն քաղաքական ուժն այդ իմաստազրկվել է, նրա գոյությունը կասկածի տակ է։

Ի դեպ այդ նույն մնարտահրավերի առաջ են կանգնած նաև մյուս քաղաքական ուժերը, քանի որ նրանց գոյությունն այն ժամանակ իմաստավորվում էր Սերժ Սարգսյանին հակադրվելով ու հակադրություն-համագործակցություն նեղ տիրույթում քարշ գալով։

Իսկ հիմա իրավիճակն այլ է։ Քաղաքական ուժերը պետք է տրանսֆորմացիայի ենթարկվեն ու ադապտացվեն նոր իրավիճակին։ Առաջնային պլան է մղվում գոյության հիմնավորման ու գործունեության թիրախավորման նոր կոնցեպտների որոնման անհրաժեշտությունը։ Թե չէ հին խաղի կանոններով արդենի իսկ նոր իրավիճակում քաղաքական ուժերը մեկը մյուսի ետևից կդապարտվեն կազմաքանդման։ Այս նույն ճանապարհով պետք է ընթանա նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի շատ անդամների նկատմամբ ես մեծագույն հարգանքով եմ լցված։

Մարուքյանն ու գործընկերները պետք է դադարեն միակողմանի կառչած մնալ իշխանություններից՝ հաշտեցման լղոզված եզրեր փնտրելու նպատակով։ Ինչ եղել է, արդեն իսկ եղել է։ Պետք է անցնել առաջ՝ մշակելով նոր կոնցեպտներ ու գործունեության համապատասխան թիրախներ։

Իր հայտնի հոդվածում Մարուքյանը շեշտադրում էր ուժեղ վերահսկողական լծակներ ունեցող ընդդիմության անհրաժեշտությունը։ Եթե Սերժ Սարգսյանի օրոք դա ընդամենը պատրանք էր, ապա ներկայումս այդ չափազանց կարևոր գաղափարը հնարավոր կլինի կյանքի կոչել։ Իմ խորին համոզմամբ՝ ԼՀ-ն պետք է ընդդիմություն դառնա, զորեղ ու վերահսկող ընդդիմություն՝ հետագայում իշխանության գալու ակնկալիքով։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Թե չէ անընդհատ փորձում են փրփուրներից կառչել ու ինչ-որ գոյություն չունեցող դաշինք փրկել, որը հենց իրենք են կործանել։

Վերջին միտքը բխում է առաջին հերթին մեր Հանրապետության շահերից, քանի որ նույնիսկ ամենակենսունակ իշխանությունները առանց ուժեղ ընդդիմության ի վերջո հիմարանում են։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Մեկնաբանություն
X