Քաղաքապետը կըսե՝ խոպան չերթաք

Մինչ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բնակիչներին հորդորում է՝ արտագնա աշխատանքի չմեկնել, քանի որ Գյումրիում ակտիվ փողոցաշինություն է ընթանում, եւ մոտ 10 շինկազմակերպություն շահել են մրցույթն ու շինարարներ են փնտրում, սակայն բանվոր անգամ չեն կարողանում գտնել, աշխատող քաղաքացիներն այլ բան են ասում: «Ստացածներս 100-120հզր դրամ է, բայց էդիկ էլ չեն տա, եղավ մե ամիս՝ քյալլա կծեծենք, մեզի կըսեն թերություններ կան, մինչև չվերացնեք, փող չեք ստանա »,-պատմում է Գյումրու փողոցաշինության աշխատանքներն իրականացնող ընկերություններից մեկի բանվորը: «Խոպան կերթանք՝ ռուսը կխաբե, էստեղ կմնանք՝ մեր քաղքի մեջ մեզի կխաբեն, հըբը ինչը՞խ էնենք, քաղաքապետը կըսե՝ խոպան չերթաք, է,՜ չենք էրթըմ»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Բանն այն է, որ օրեր առաջ Գյումրու փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Արա Մելիքջանյանն այցելել է Վազգեն Սարգսյան փողոց,որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ, մասնագետների ուղեկցությամբ հետևել է կատարված աշխատանքներին, եւ ուշագրավն այն է, որ ըստ մասնագետների՝ բազալտե եզրաքարերի շարվածքը չի համապատասխանել շինարարական նորմերին ու ստանդարտներին, դրանից զատ աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ: Այս միջադեպից հետո շինկազմակերպություններն, ինչպես ասում են, մեղքը կոտրել են բանվորների վրա՝ ասելով, որ մինչև թերությունները չշտկեն, աշխատավարձ չեն ստանա: «Մեզ ինչ ըսել են՝ էդպես արել ենք, ինչ տվել են՝ էդ օգտագործել ենք, թող ըսեին էսքան բետոն կենեք, էս քարն էլ էսպես կդնեք, հըմի մեր վրա հարաքյաթ կուգան, որ ի՞նչ»,-նեղսրտած ասաց շինարարներից մեկը:

Շինարարները հանդիպել են նաև Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանին, եւ վերջինիս պատասխանը նրանց զարմացրել է. «Քո փողը կուդան, չեն տա, իմ ի՞նչ գործն է»,-ասել է ճանապարհաշինության բաժնի պետը՝ հորդորելով դիմել իրենց ղեկավարներին: Ի դեպ, տեղեկացանք, որ մի քանի կազմակերպություն արդեն իսկ վճարել են բանվորներին՝ ասելով, որ ավելորդ աղմուկ բարձրացնել պետք չէ: Հիշեցնենք, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում Գյումրիում հիմնովին վերանորոգվելու եւ լուսավորվելու են 10 փողոց: Սա այն ծրագիրն էր, որը Հանրապետության երկրորդ քաղաքին իշխանությունը խոստացել էր 2016թ-ի սահմանադրական բարեփոխումների նախաշեմին. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը 23,8մլն եվրո դրամաշնորհ հատկացրեց քաղաքի փողոցներն ու լուսավորությունը բարեկարգելու համար:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X