Մենք ապրում ենք չափազանց բարդ եւ պայթյունավտանգ ռեգիոնում․ Ռոբերտ Քոչարյան․ Kommersant

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական տարբեր հարցերի եւ վերջին շրջանի զարգացումների շուրջ զրուցել է «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը, որը ներկայացնում ենք ստորեւ։

**- Դուք ասել եք, որ կա սպառնալիք ուղղված պետականությանը, պետության ինստիտուտներին, եւ նույնիսկ անվտանգությանը։ Ինչով է դա արտահայտվում։ **

  • Մենք ապրում ենք չափազանց բարդ եւ պայթյունավտանգ ռեգիոնում։ Մենք ունենք չորս հարեւան, որոնցից երկուսի հետ մեր սահմանները փակ են։ Մեկի հետ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները եւ կա պատմական փոխադարձ հակակրանքի մեծ կուտակում։ Մյուսի հետ մենք ունենք ոչ-պատերազմ, ոչ-խաղաղություն վիճակ։ Սակայն դա պոտենցիալ պատերազմ է, որը կարող է ցանկացած պահի սկսվել։

- Եկեք ավելի շիտակ խոսենք։ Դուք կարծում եք, որ նոր իշխանությունները ավելի արեւմտամետ են։

  • Հարցն այն չէ, որ նրանք արեւմտամետ են։ Ես նույնիսկ չէի խոսի արեւմտամետականության կամ ռուսամետության մասին։ Պետք է խոսել իրականության մասին։ Կա արդյոք հնարավորություն խոսելու մեր անվտանգության մասին այլ կոորդինատային համակարգում եւ որքանով է դա իրատեսական։ Բոլորին անվանենք հայամետ գործիչներ։ Սակայն լինելով լիովին հայամետ, մենք կարող ենք խորապես սխալվել հեռանկարների ընտրության հարցում։ Ուստի ես զերծ կմնայի արեւմտամետ կամ ռուսամետ որակումներից։ Հարցն այն է, թե ինչպես ենք մենք ընդունում այն կոորդինատային համակարգը, որում գտնվում ենք։ Կամ արդյոք ճիշտ ենք ընկալում։ Եղել են քայլեր, որոնք բացարձակապես չեն ընդունվել։ Թե որքանով են եղել անկեղծ, ցույց կտա ժամանակը։

- Ձեր հարցազրույցներից մեկում կարդացել եմ հետեւյալ նախադասությունը այն մասին, որ ներկայիս իշխանությունները փորձում են երկիրը 180 աստիճանով շուռ տալ։ Դուք աշխարհաքաղաքականությունը նկատի ունեք, թե այլ բան։

  • Առաջին հերթին աշխարհաքաղաքականությունը։ - Ուր ենք նրանք ցանկանում շուռ տալ։ Նիկոլ Փաշինյանը այցելեց մոսկվա, Վլադիմիր Պուտինի մոտ եւ ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փայլուն են եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է։ - Նա փորձում է սրբագրել իր առաջին քայլերի եւ նախկինում ծավալած ողջ գործունեության տպավորությունը։

- Հաճախ է լինում, որ իշխանության պայքարի համար քաղաքական գործիչը մի բան է ասում, իսկ արդեն իշխանության հասնելուց հետո, նույն իշխանությունը նրան ձեւավորում է։

  • Հենց դա է ինձ անհանգստացնում։ Դա նշանակում է անհետեւողականություն, դա նշանակում է, որ որոշակի պայմանների թելադրանքով նա նույնպես կարող է վերաձեւավորվել։ Նման որակներ քաղաքական գործիչների մոտ հաճախ է հանդիպում, սակայն քաղաքական գործչի եւ պետական գործչի միջեւ տարբերությունը կայանում է նրանում, որ պետական գործիչը որոշում է կայացնում հեռուն նայելով եւ ռազմավարական մտածելով։

- Կարող եք նման շրջադարձի օրինակներ բերել։

  • Ինձ համար բացարձակապես անհասկանալի է հայկական կողմի մասնակցությունը առաջին դեմքի մակարդակով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բրյուսելում։ Մասնակցություն միջանցքներում ինչ որ սելֆիներ անելու համար։

**- Վլադիմիր Պուտինը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Դմիտրի Մեդվեդեւը նույնպես։ **

  • Դրանք լրիվ տարբեր ժամանակներ էին։ Ես էլ եմ մասնակցել, սակայն այն ժամանակ ՆԱՏՕ-Ռուսաստան համատեղ ծրագրերը ավելի շատ էին, քան ՆԱՏՕ-Հայաստան ծրագրերը։ Չկար նման կարգի առճակատում, ինչպիսին կա հիմա։ Ավելին կար գործակցային վեկտոր Մոսկվայի եւ դաշինքի միջեւ։ Այնպիսի իրադրության պայմաններում, երբ խզված են նույնիսկ հարաբերությունները, նման ընդգծված մասնակցությունը որոշակի ազդակ է։ Դա միամտաբար է արվել, թե կանխամտածված կերպով, ես չգիտեմ։ Սակայն հարցեր առաջացնում է։ Նրանք, ովքեր կարծում են, որ մենք անվտանգության ապահովման տեսակետից գտնվում ենք մի այնպիսի կոորդինատային համակարգում, որը ամենից արդյունավետն է, հիմա անհանգստացած են։ Դա բնական անհանգստություն է։
Մեկնաբանություն
X