Լրացրո՛ւ, թե չէ՝ դիպլոմ չես ստանա

Երևանի պետական համալսարանը դասախոսների աշխատանքը գնահատելու մի «յուրօրինակ» մեխանիզմ է մշակել։ Մի քանի տարի է, ինչ ԵՊՀ-ն ուսանողների համար էլեկտրոնային փոստի հատուկ հասցեներ է բացել, և ամեն կիսամյակին հարցաթերթիկներ է ուղարկում, որպեսզի ուսանողները գնահատեն իրենց դասախոսների մի շարք ունակություններ, կարճ ասած՝ նշեն իրենց հավանած և չհավանած դասախոսներին։

Առաջին հայացքից չափազանց ժողովրդավարական համարվող այս մոտեցումը ուսանողների գլխին իսկական դիկտատուրա է դարձել․ ֆակուլտետների դեկանատների համապատասխան աշխատակիցները իբրև մրցակցություն են մտցնում ֆակուլտետների միջև, թե ո՞ր ֆակուլտետը ամենաշատը կմասնակցի հարցմանը, և ուսանողներին ստիպում են անպայման մասնակցել ու 1-ից 5 բալի շրջանակներում գնահատել այս կամ այն դասախոսին։ Առանց դեկանատների աշխատակիցների պարտադրանքի էլ սոցհարցումը պարտադիր է բոլորի համար։

Եթե ցածր կուրսերի ուսանողները կարող են մուտք գործել ԵՊՀ էլ․ փոստի իրենց էջ և հրաժարվել հարցմանը մասնակցելուց , ապա ավարտական կուրսերի ուսանողները իսկական փաստի առաջ են կանգնած․ կամ մասնակցում են հարցմանը, կամ էլ դիպլոմ չեն ստանում։ Չնայած ԵՊՀ հավաստիացումներին, թե հարցումները անանուն են, այնուամենայնիվ դա նույնպես կասկածելի է, քանի որ էլ․ փոստի հասցեները բացվում են ուսանողների անձնական տվյալների հիման վրա, և որևէ հավաստիացում չի կարող լինել, որ իրականում ոչ ոք չգիտի, թե որ ուսանողը որ դասախոսին, ինչպես է գնահատել։

Զարմանալի է, որ 21-րդ դարում նույնիսկ համապետական հանրաքվեներն ու ընտրությունները անցկացվում են անձի կամընտրության սկզբունքի վրա հիմնվելով․ անձը՝ ինքն է որոշում մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ, և ամենևին էլ պարտավոր չէ այցելել ընտրատեղամասեր և պաշտոնապես հրաժարվել որևէ մեկի օգտնի քվեարկելուց, ինչպես նաև պարտավոր չէ այցելել որևէ կազմակերպություն՝ այդ կազմակերպության սոցհարցմանը մասնակցելուց պաշտոնապես հրաժարվելու համար։ Կարծես թե ԵՊՀ-ում ժողովրդավարության այլ սկզբունքներ են գործում։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X