Երբ մյուս ռեսուրսները սպառված են

Բաքվում կազմակերպված զորահանդեսից եւ պետական անվտանգության ծառայության զորքերում որդու՝ Հեյդարի, երդման արարողությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի քանի շրջան է այցելել: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ այդ ընթացքում նա հանդիպումներ է ունեցել հանրության ներկայացուցիչների հետ, արելի մի քանի հայտարարություն, որոնցում առանցքային է եղել ադրբեջանական բանակի «հզորության» եւ «օկուպացված տարածքների ազատագրման» թեման: Իլհամ Ալիեւի կարծիքով՝ «Հայաստանում իշխանության եկած նոր մարդիկ չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, անում են սադրիչ հայտարարություններ, որոնց հետեւանքները կարող են չափազանց վատ լինել»:

Կարելի է եզրակացնել, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի միջոցով Հայաստանի նոր իշխանություններին «նախկին պայմանավորվածություններին վերադարձնելու» ադրբեջանական փորձը լիովին ձախողվել է: Այսօր, երեւում է, հայկական կողմի համար բանակցությունները նման հիմքով վերսկսելու նպատակահարմարություն չկա, իսկ դա նշանակում է, որ խնդրի լուծման տեսլականին հասնելու ադրբեջանական իշխանությունների դիվանագիտական ռեսուրսներն արդեն սպառված են: Բաքուն կամ պետք է համաձայնի բանակցությունների հայկական օրակարգին եւ մեթոդաբանությանը, կամ զարգացնի ռազմատենչ հռետորաբանությունը: Իլհամ Ալիեւն ընտրել է երկրորդ ճանապարհը: Խնդիր է դրված, ինչպես նրբաքողարկված ձեւով սահմանել է ադրբեջանցի փորձագետներից մեկը, հասնել նրան, որ միջազգային հանրությունը «ճանաչի ադրբեջանական բանակի մարտունակությունը եւ օկուպացված տարածքներն ազատագրելու ունակությունը»:

Ըստ մեկնաբանի, դրանով էր պայմանավորված Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայությունը սեպտեմբերի 15-ի զորահանդեսին: Այսինքն, Էրդողանը պարտավորվել է միջազգային հարաբերություններում համապատասխան լոբբինգ իրականացնել՝ հասնելու Ադրբեջանի «պատերազմի իրավունքի» վերականգնմանը, որը կորսվել է Ապրիլյան պատերազմում: Այս իմաստով ուշագրավ է, որ Բիլյասուվարի շրջանում հանդիպմանն Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «ադրբեջանական բանակը տարածաշրջանում առաջինն է, աշխարհում՝ հիսուներորդը»: Թե ի՞նչ չափանիշներով է արված այս գնահատականը՝ թողնենք մի կողմ: Տվյալ դեպքում էական է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով փորձում է ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման քարտ-բլանշ ստանալ միջազգային հանրությունից, առաջին հերթին, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից: Այդ նպատակին է ծառայեցվում ակտիվ քարոզչությունը, թե «Հայաստանի նոր իշխանությունները տապալում են բանակցությունները, եւ Ադրբեջանի ձեռքերն այդ դեպքում ազատվում են բոլոր պայմանականություններից»: Հասկացվում է, որ ադրբեջանական կողմը խաղում է ժամանակի եւ ռազմական ճնշման գործոնի մեծացման վրա՝ հույս պահելով, որ հայկական կողմը «չի դիմանա պրեսինգին եւ կվերադառնա բանակցությունների նախկին տրամաբանությանը»:

Ռուսական Rosbalt գործակալությունն այս առթիվ ակնարկել է, թե ՌԴ նախագահ Պուտինը «սեպտեմբերի 25-ին այցելում է Բաքու, հնարավոր է՝ նաեւ Երեւան, որպեսզի լուծի ԼՂ հարցը»: Սեպտեմբերի 19-ին Բաքվի ծովախորշ է մտել ռուսական Կասպից նավատորմիղի «Բրիլիանտ» պարեկանավը, մեկնարկել են ռուս-ադրբեջանական զորավարժություններ: Շարունակվում են ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժությունները: Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եղել է «բարձրլեռնային գոտում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում»: Դատելով պաշտոնական տեղեկատվությունից՝ նույն գոտում եւ գրեթե նույն ժամերին տեսչական շրջայց են կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Ըստ երեւույթին, ադրբեջանական բանակի զորավարժությունների սցենարում Արցախին հնարավոր հարվածի գլխավոր ուղղություն նախանշված է զորքերի շփման գծի հատկապես հյուսիսային հատվածը: Ադրբեջանական մամուլում գաղափար է շրջանառվել, թե «Խանքենդիի վրա դրոշ բարձրացնելու պատիվը վերապահված է կրտսեր Հեյդար Ալիեւին»: Դիմակայության ադրբեջանական մյուս բոլոր ռեսուրսներն սպառված են: Մնացել է քարոզչականը, որտեղ Բաքվի երեւակայությունը սահմաններ չի ճանաչում:

Մեկնաբանություն
X