Այդ 2 բաներն ինձ համար արտառոց են․ գերմանահայ փորձագետը՝ քարոզարշավի մասին

Օրերս Հայաստան է ժամանել գերմանահայ հայտնի քաղտեխնոլոգ, գրող, ճառագիր, PR մասնագետ Վազրիկ Բազիլը։ Բազիլին մի քանի հարց ուղղեցինք Հայաստանում տեղի ունեցող նախընտրական պրոցեսների և ներքաղաքական բախումների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ընտրապայքարին ամբողջովին չի հասցրել հետևել, սակայն 2 բան ակնբախ են․

«Ես դժբախտաբար ամբողջովին չեմ հասցրել հետևել ընտրապայքարին, բայց այս 2-3 օրերի ընթացքում մի քանի բան ակնբախ է՝ մի քիչ բիրտ լեզու, կոպիտ լեզու։ Սա, իհարկե, Հայաստանի օրենսդրությունից է կախված։ Երբ որ մարդիկ իրար իբրև գող, թալանչի են ներկայացնում դատաստանից առաջ, սա մի քիչ տարօրինակ է, միայն դատարանի վճռից հետո պետք է մեկին որպես գող կամ թալանչի ներկայացնել ու դատապարտել, և ինձ համար հետաքրքրական է, որ դա նաև քաղաքական բարձրաստիճան դեմքեր են անում, դատարանի վճռից առաջ դատաստաններ են կայացնում, ինձ համար այս 2 կետերը արտառոց են»։

Հարցրինք, թե ինչո՞ւ է, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանկ քաղաքական ուժերը ավելի շատ խոսում են իրենց մրցակիցների քաղաքական անցյալի մասին, քան թե բուն ծրագրերի, գուցե չմաքրված հին հաշիվնե՞ր ունեն կամ պարզապես ասելի՞ք չունեն հասարակությանը․

«Ըստ իս՝ քաղաքական մարդը պետք է դեպի ապագա հարում ունենա և ապագայի նոր տեսլականներ ու հույսեր ներշնչի մարդկանց։ Բայց եթե օրենքի խախտումներ են եղել, պետք է չմոռացվեն, որովհետև ժողովրդի զոհերին որևէ մեկը երբեք չի մոռանա, և նման անցյալի նկատմամբ նման վերաբերում անհրաժեշտ է, բայց միայն դատական գետնի վրա։ Իսկ քաղաքական մարդիկ, եթե անդրադառնում են անցյալին, պետք է վերլուծեն, բայց միշտ տեսլականներով մոտենան, մանավանդ ընտրապայքարի ժամանակ իրենց ընտրողներին, քվեարկողներին»։

Որպես PR մասնագետի Բազիլին հարցրինք նաև վերջին օրերին բուռն քննարկվող բանավեճերի մարտահրավերների մասին։ Գերմանահայ Փորձագետը կարծում է, որ ավելի լավ է 2-3 բավավեճեր կազմակերպեն տարբեր ուժերի միջև․

«Ամեն տեղ նույն հարցը կա, թե ուժեղ կուսակցությունների ներկայացուցիչները միմյա՞նց հետ պետք է բանավիճեն, թույլերը առանձի՞ն, թե՞ բոլորը միասին։ Ըստ իս՝ ավելի լավ է, որ 2-3 նման բանավեճեր կազմակերպվեն, որոպեսզի բոլորն էլ մասնակից լինեն, բայց ոչ բոլորը միասին, կարծում եմ՝ դա լավ լուծում կլինի»։

Եթե բանավիճում են 2 քաղաքական ուժերի առաջին համարները, դա նշանակո՞ւմ է, որ մյուսներին անտեսում են ․

«Դա կարելի է այդպես մեկնաբանել, բայց պետք են պատճառներ։ Քանա՞կն է հարցը, որ ասում են՝ շատ մեծ են, կամ շատ փոքր, մյուս երկրներում էլ կա նման խնդիր։ Սակայն ընդունված է, երբ առաջատար 2 թեկնածուներն են ուզում բանավիճել, ընդունված է նաև, որ բոլոր կուսակցությունները միասին բանավիճեն, սակայն եթե կուսակցությունները շատ են, իմաստ էլ չունի, քանի որ մեկ նախադասությունից ավելի չեն կարողանա ասել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Վազրիկ Բազիլը։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X